Նոյեմբերի 22, 2024

ԱԱԾ-ում աշխատելը՝ իրավո՞ւնք թե աղանդավորների մուտքի ռիսկ․ ՄԻՊ-ի ու եկեղեցու մոտեցումները բախվում են

By Աիդա Ավետիսյան Օգոստոսի 27, 2022

Մարդու իրավունքների պաշտպանը կրոնական կազմակերպություններին անդամակցող անձանց՝ ԱԱԾ–ում աշխատելու արգելքը հակասահմանադրական ճանաչելու հարցով դիմել է ՍԴ։ ՀՀ օրենսդրությամբ՝ հանրային ծառայության գրեթե բոլոր տեսակների՝ Ոստիկանության, Զինված ուժերի, Դատախազության և այլնի դեպքում կրոնական կազմակերպություններին անդամակցության արգելք սահմանված չէ։ Զինված ուժերի դեպքում կրոնական այլ դավանանք ունեցողների համար նախատեսված է նաև այլընտրանքային ծառայություն։ Եթե դավանանքն անհամատեղելի է զինծառայության տարրերի հետ՝ զենք կրել, երդվել և այլն, ապա անձն իր դիմումի հիմքով կարող է պարտադիր ժամկետային ծառայությունը փոխարինել այլընտրանքային զինվորական կամ աշխատանքային ծառայությամբ։ Զինծառայողների դեպքում արգելվում է ոչ թե կրոնական կազմակերպությանն անդամակցելը, այլ կրոնական միավորում ստեղծելը՝ «Ռադիոլուրին» բացատրում է Մարդու իրավունքների պաշտպանի օգնական Հեղինե Ենգոյանը։ 

«Ոստիկանության դեպքում օրենքով դեռ մնացել է այն դրույթը, որով նման արգելք սահմանվում է, սակայն չի գործում ՍԴ–ի դեռ 2020-ի որոշման հիմքով։ Դեռ 2020 թվականին ՍԴ–ն, քննարկելով ոստիկանության ծառայողների համար սահմանված այս արգելքը, այն հակասահմանադրական ճանաչեց։ Հետևաբար, ռազմականացված մարմիններում կրոնական կազմակերպություններին անդամակցող անձանց ծառայելու հնարավորության մասին, այո, պետք է փաստեմ, որ բացառությամբ ԱԱԾ մարմինների, մնացած ռազմականացված մարմիններում գործող օրենսդրությամբ նման անձինք կարող են ծառայության անցնել։ Բացարձակ արգելքը պահպանվել է մինչ այժմ միայն ԱԱԾ–ի դեպքում, որը և պաշտպանն իր դիմումով վիճարկում է»։ 

Այլ կրոնական դավանանքի դեպքում մարդը չի կարող դառնալ ԱԱԾ աշխատակից, իսկ ԱԱԾ աշխատակցին ուղղակիորեն արգելվում է անդամակցել կրոնական կազմակերպությունների։ Մինչդեռ ՄԻՊ-ում կարծում են՝ կրոնական դավանանքը և կրոնի արտահայտման ազատությունը ԱԱԾ մարմիններում կամ որևէ այլ պետական կառույցում ծառայության բուն գործառույթներին չեն հակադրվում՝ ասում է ՄԻ պաշտպանի օգնականը։ Հակադրվում են միայն ծառայությանը զուգահեռ քարոզչությունը, ծառայողական լիազորություններն ի շահ այդ կրոնական կազմակերպության օգտագործելը։ Նման վարքագիծն արգելված է օրենսդրությամբ։ 

«Մեր աշխատակազմի և պաշտպանի գնահատմամբ՝ պարզապես կրոնական կազմակերպությանն անդամակցելը չի կարող հանգեցնել այնպիսի վտանգների, որոնք կարդարացնեին նման բացարձակ արգելքը»։

 Հանրության սուր քննադատություններին, թե ուժային կառույցում այսպիսով պետք է հայտնվեն աղանդների հետեւորդներ, Ենգոյանն՝ արձագանքում է՝ առաքելական եկեղեցին ևս օրենսդրությամբ կրոնական կազմակերպություն է։ Մինչդեռ նույն հայ առաքելական եկեղեցում եւս դեմ են ՄԻՊ–ի այս մոտեցմանը։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Տեր Համբարձում քահանա Դանիելյանը «Ռադիոլուրին» փոխանցեց՝ ժամանակին այդ օրենքներն ընդունվել էին մեր երկրի առջև ծառացած անվտանգային խնդիրներից ելնելով։ Այժմ հարց է՝ ներկայիս ծանր կացության մեջ այդ խնդիրներն ու իրավիճակները հաղթահարվա՞ծ են։ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը խնդիրը երկու կողմից է դիտարկում։ Նախ, ասում է, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն այս քայլով գնում է անվտանգային կառույցների կազմաքանդման։ Եթե սահմանափակման դրույթը վերանում է, ապա ԱԱԾ–ն, բանակը, ոստիկանությունը կամ կուսակցականացվելու են, կամ դառնալու են զանազան կրոնական միավորների հավաքավայր։ Չեզոքությունն ու երկրի անվտանգության առաջնահերթությունը վերանալու են՝ կարծում է Բագրատ եպիսկոպոսը։ 

«Օրինակ՝ Եհովայի վկաները կամ նման կառույցների ներկայացուցիչները, որոնք զորակոչվում են բանակ, օրենքով այլընտրանքային ծառայության են կոչված, մերժում են զենք վերցնել կամ երդվել։ Դրույթը կա, բայց երբ ուղղակիորեն խրախուսվում են քարոզչությունը, հավաքները, բոլոր իմաստներով բաց է դառնում անվտանգայինհամակարգը, դա կլինի ԱԱԾ-ն, ոստիկանությունը, դատախազությունը կամ բանակը։ Դա նշանակում է ներսից ոչնչացնել, չեզոքացնել այն դրույթը, որը միտված պետք է լիներ միայն երկրի անվտանգությունը ապահովելը։ Հիմա դա վերանում է»։

 Աղանդավորական կազմակերպությունների մուտքն ուժային կառույցներ ամենեւին էլ երկրի անվտանգությունն ու պետական շահը պաշտպանելուն չի նպաստի՝ ասում է Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը։ 

«Եթե ՍԴ–ն գնա այդ քայլին, նշանակում է՝ այդ մարդիկ իրենց քարոզչությամբ, միավորումներով, հավաքներով պարտադրելու են այն, ինչ թելադրվելու է իրենց կազմակերպությունների կողմից։ Իրենց գերնպատակը պետական շահը չի լինելու, ոչ էլ անվտանգության համակարգն ավելի զորացնելը։ Սա մարդու կեղծ իրավունքների թեզի ներքո գործող դրույթ է»։ 

Մյուս կողմից հայ առաքելական եկեղեցին կրոնական այլ կազմակերպություններին հավասարեցնելով եւ կրոնական կազմակերպություն դիտարկելով՝ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը ոչնչացնում է այն հոգևոր հիմնապատնեշը, որը կրում է ամբողջ մեր ինքնությունը՝ Սրբազանի դիտարկումն է, իսկ հորդորը՝ որ այս պահին Մարդու իրավունքների պաշտպանը զբաղվի երկրի առաջ ծառացած կարևորագույն խնդիրներով։

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ