Դեկտեմբերի 18, 2024

Գիշերօթիկի երեխաները սպասում են ամանորյա իրենց հեքիաթին

By Անի Աբաղյան Դեկտեմբերի 29, 2022

Դեռ մի քանի օր առաջ Ստեփանակերտի՝ երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատության երեխաները Ձմեռ պապիկին ուղղված  նամակները խնամքով գրել ու «փոստով» ուղարկել են «Լապլանդիա»։  Բայց վախենում են, որ փակ ճանապարհը կարող է խանգարել. «Ինչպե՞ս է Ձմեռ պապը մեզ հյուր գալու և նվերները ինչպե՞ս ենք ստանալու, ո՞ր ճանապարհով». նրանց, թերևս, ամենալուրջ մտահոգությունն է.

«Հու՞վ ա օզում Ձմեռ պապին կյա»:«Ե՛ս, ե՛ս, ե՛ս»:«Պա խե՞ կյամ չի»:«Ճանապարհնեն փակ ա»:«Հինչ ըք օզում պերի»։«Նվերներ, նվերներ»:

Ձմեռ պապիկի նվերների տեղ հասնելուց բացի, գիշերօթիկի երեխաները այլ մտահոգություններ էլ ունեն: Տնօրենի խոսքով՝ նրանք ընկերներով հաճախ են նստում ու հազար ու մի թեմայի շուրջ խոսում, մեկ-մեկ նաև վիճում: Վերջին զրույցը տպավորվել է զրուցակցիս՝ հաստատության տնօրեն Հասմիկ Սուլեյմանյանի մոտ:Պարգևն ու ընկերը հետճաշիկի ժամին զրույցով էին ընկել ու մեկ էլ Պարգևը նկատում է, որ ամենօրյա բաժնի 5 կոնֆետի փոխարեն 3 են ստացել: Պարգևը զարմանում, բողոքում է, ընկերն էլ հանգստացնում է՝ ասելով՝ «Պարգև ճանապարհները փակ են, այդպես են անում, որ ամեն օր ուտենք»: Իրականում սահմանափակումներ, կրճատումներ իրենց ճաշացանկում չկա. նախապատմությունը տնօրենն է պատմում:

«Ընդհանրապես սահմանափակում կոնֆետի հարցով էլ չկա, պարզապես այդ օրը «Բարնի» էլ ենք տվել, կոնֆետ էլ, մենք չափ ունենք՝ 1334 դրամ է մեր երեխաների գումարը, էդ «Բարնին» որ տվել ենք, կոնֆետի քանակը քչացել է»:

Բայց կարևորն այն է, որ նրանցից շատերն են հասկանում, թե ի՞նչ է կատարվում և փորձում են չբողոքել՝ ասում է տնօրենը: Օրեր առաջ էլ ամանորյա միջոցառում էին կազմակերպել, ճիշտ է, ոչ նախորդ տարիների պես, բայց երեխաների հեքիաթը կարողացել են ապահովել:

«Դեկտեմբերի 24-ին հրավիրել ենք Ձմեռ պապիկին, եկել ու նվերներ է բերել, բայց ամսի 31-ի գիշերը երեխաների համար հյուրասիրություն ենք կազմակերպելու՝ մանկական շոմպայն, խորոված ու հյութեր, իսկ Ձմեռ պապիկի համար փոքր հանդես կլինի, Ձմեռ պապն էլ երեխաների հետ կշփվի, կպարեն ու նվերները կբաժանեն»:

Շրջափակումը երեխաների առօրյան չի փոխել, Ամանորի գիշերն էլ, ըստ ձևավորված ավանդույթի, երեխաներն են որոշելու ժամը քանիսին քնեն, ի՞նչ հաղորդում դիտեն, կամ ինչպե՞ս ուրախացնեն միմյանց, բայց, իհարկե, գիշերօթիկի ներսում:Հասմիկ Սուլեյմանը նշում է՝ նրանք տարբերվող մտածելակերպ ունեն: 12-ամյա աղջիկներից մեկի մայրը միայն արձակուրդի օրերին է նրան գիշերօթիկից տուն տանում: Ամանորյա արձակուրդներին չէր ուզում տուն գնալ մինչև դեկտեմբերի 31-ը:

«Ինքը անգամ ասում էր՝ Համեստ Էդուարդովնա, կստացվի՝ մայրիկիս ասեք ինձ չտանի, սպասի ամսի 31-ին տանի, որ ինձ համար կոնֆետներ բերեն, հավաքեմ ու տանեմ եղբայրներիս տամ: Ասեցի՝ ես քո նվերները բոլորը կհավաքեմ, դու ամսի 31-ին կգաս, ինչ կլինի կտանես եղբայրներիդ համար»:

Երեխաներից մեկն էլ տուն էր ուզում հոր համար. արձակուրդներին, երբ ընկերներից մի քանիսը տուն են վերադառնում, նա չի կարողանում գնալ, մտածում է՝ երբ հայրը տուն ունենա, իրեն էլ տուն կտանի: Ու այնքան նման պատմություններ կան 14 հոգանոց այս ընտանիքում, որ հուզում են թե՛ պատմողին, թե՛ լսողին: Այս տարի նրանց թիվը 12-ով պակասել է. մեկն ամուսնացել է, մի քանիսը տուն են վերադարձել, մյուսները տեղափոխվել Հայաստանի մանկատներ:Ուտելիքը տաք ու համեղ է գիշերօթիկում, հագուստը՝ նոր ու բավարար, սենյակները՝ լուսավոր ու ջերմ։   Գիշերօթիկում ապրող փոքրիկների՝ Ձմեռ պապուն գրած նամակներում միշտ նույն ընդհանրությունն է լինում․ նրանք ուզում են  բացվեն բոլոր այն ճանապարհները, որոնք տանում են դեպի իրենց տունը, ընտանիքն ու ծնողների գիրկը:

Artsakh Public Radio
Last modified on Հինգշաբթի, 29 Դեկտեմբերի 2022 16:41
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ