Նոյեմբերի 22, 2024

Ստեղծված իրավիճակի քննարկում` հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ

By Վիկտորյա Սարգսյան Փետրվարի 04, 2023

Հասարակական կազմակերպություններին մեկ հարթակում միավորելու նպատակն է մշակել միասնական մոտեցում՝ ստեղծված իրավիճակից ելքեր փնտրելու համար։ Արդեն 55 օր Արցախն ամբողջական շրջափակման մեջ է, օրեցօր ավելանում են խնդիրները։ Հանրապետությունում գործում են երկու հարյուրից ավելի հասարակական կազմակերպություններ, սակայն գործնականում դրանց կատարած աշխատանքը տեսանելի չէ։ Ստեղծված իրավիճակում կազմակերպությունները կարող են անել ավելին՝ ասում է ռազմավարական հետազոտությունների անկախ կենտրոնի ղեկավար Ղարիբ Բաբայանը։ 

«Ես կարծում եմ, որ  կարող ենք մեր ձայնը բարձրացնել և՛ երկրի ներսում, և՛ դրսում, որպեսզի այն լսելի լինի։ Մեր ժողովրդի կարծիքը շատ կարևոր է, և այն պետք է լսելի դարձնենք ամբողջ աշխարհի համար»։

Քննարկմանը ներկա էին շուրջ 3 տասնյակ հասարակական կազմակերպությունների ղեկավարներ ու քաղհասարակության ներկայացուցիչներ։ Բոլորը միակարծիք էին, որ իրավիճակից դուրս գալու համար նախևառաջ պետք է միավորել ջանքերն ու գործել մեկ ուղղությամբ։ Արցախյան պատերազմի վիրավորների միություն ՀԿ ղեկավար Դավիթ Բաբայանը կարևորում է հատկապես քաղպաշտպանության ոլորտի խնդիրների հրատապ լուծումը։

«Հասարակական կազմակերպությունները մեծ դեր ունեն ներքաղաքական հարցերում, այսինքն՝ քաղաքացիական անվտանգության կազմակերպման հարցերում։ Ես այսօր առաջարկեցի, որ բոլոր կազմակերպությունները ներկայացնեն իրենց ծրագրերը քաղպաշտպանության ոլորտի համար։ Մենք պետք է ներկայացնենք տարբեր ծրագրեր, որպեսզի կարողանանք օգնել մեր ժողովրդին»։

Առանց երկրի անվտանգության ապահովման հնարավոր չէ լուծել մնացած խնդիրները՝ ասում է փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանը։ Նա նույնպես բավարար չի գնահատում հասարակական կազմակերպությունների ներգրավվածությունը առաջացած խնդիրների լուծման գործում։ 

«Մեր գործողությունների տրամաբանության մեջ ընկած է ժողովրդական դիվանագիտության գործիքակազմի գործադրումը։ Ես գտնում եմ, որ միայն դիվանագիտության ուղիները բավարար չեն, որ մեր երկրի խնդիրները չեզոքացնենք»։

Քննարկմանը հրավիրվել էր նաև Հանրային խորհրդի նախագահ Արմեն Գևորգյանը, ով ներկայացրեց խորհրդի արդեն իսկ կատարած աշխատանքներն ու խոսեց հետագա անելիքների մասին։ Կարևորվեց Հանրային խորհրդի և հասարակական կազմակերպությունների համագործակցությունը։ Հանրային խորհուրդը ձևավորվել է հանրապետության նախագահին կից, և այս համագործակցությունը կապող օղակ կարող է հանդիսանալ։Քննարկման վերջում որոշում կայացվեց ստեղծել մեկ միասնական հարթակ, որտեղ կներկայացվեն բոլոր կազմակերպությունների առաջարկություններն ու ծրագրերը։  

Artsakh Public Radio
Last modified on Շաբաթ, 04 Փետրվարի 2023 13:56
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ