Ալլա Խաչատրյանը Արցախի արտաքին գործերի նախարարության աշխատակից է, չինարենի մասնագետ է, հինգ տարի առաջ սիրահարվել է այդ լեզվին ու մշակույթին, ու որոշել, որ չինարենն իր կյանքում ավելի շատ տեղ պիտի զբաղեցնի։ Այդ ժամանակ էլ սկսվել է «չինական»- ի ուսումնասիրման երկար ուղին, որի դեռ սկզբնակետում է հիմա գտնվում․ ինչպես ծնվեց սերը չինարենի, նկատմամբ, և ինչ ճանապարհ է պլանավորում անցնել երիտասարդ աղջիկը չինարենի հետ՝ կպատմի ինքը։
«Բավականին տարածված լեզու է, Երևանում կան բազմաթիվ չինացիներ, որ դասավադում են լեզուն և ինձ համար մեծ հետաքրքություն էր ներկայցնում այն, գրանցվեցի Կոնֆուցիուսի ինստիտուտի դասերին, սիրահարվեցի լեզվին ու մշակույթին, նպատակ դրեցի մի օր անպայման լինել Չինաստանում, սովորել այնտեղ։ Երկու տարի պարապելով, հասա նրան, որ ընդունվեցի ՉԻնաստան, համալսարան»։
Ալլան Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղում է ծնվել ու մեծացել։ Դպրոցն ավարտելուց հետո իր հասակակիցներից շատերի նման որոշել էր կրթությունը շարունակել Երևանի բուհերից մեկում․ ընդունվել է Բրյուսովի անվան համալսարան, անգլերեն լեզվաբանության ֆակուլտետ։ Լեզուների հանդեպ սերը մանկուց ուներ, ասում է, բայց որ հենց չինարենը կդառնա իր, այսպես ասած, երազանքի լեզուն, դա անսպասելի էր նաև իր համար։
«Ընդունվել եմ Դալյանի օտար լեզուների համալսարան, սովորել եմ մեկ տարի, օնլայն, որից հետո, Բրյուսովի անվան Երևանի պետական համալսարանն ավարտելուց հետո ընդունվել Պեկինի լեզուների համալսարան»։
Բայց, ապրելով Արցախում, Չինաստան մեկնելը, այնքան էլ հեշտ իրագործելի երազանք չէ․ տարբեր հանգամանքներ այս ընթացքում խանգարեցին Ալլայի պլանների իրագործմանը․ Չինաստան մեկնելուն խանագարեց նախ թագավարակը, ապա հետաձգվեց պատերազմի պատճառով, հիմա էլ, երբ արդեն որոշել էր գարնանը մեկնել՝ Արցախն է շրջափակման մեջ հայտնվել։
«Շրջափակումն իրականում մեծ խոչընդոտ կարող էր հանդիսանալ, բայց ես հույսս չեմ կորցնում։ Նման խոչընդոտներ իմ կյանքում շատ են եղել, ես չհանձնվեցի, շարունակեցի սովորել լեզուն, մինչև հասա նպատակիս։ Հիմա սովորելու եմ անգլերեն-չինարեն թարգմանություն, սինքրոն թարգմանություն մասնագիտությունները»։
Ալլան Արցախի արտգործնախարարությունում իր աշխատանքն էլ շատ է սիրում․ ընդունվելով համալսարան պետական պատվերով, իմ պարտքն ու ուխտն եմ համարել վերադառնալ ու ստացած գիտելիքներս ծառայեցնել հօգուտ իմ երկրի՝ ասում է զրուցակիցս, իսկ ԱԳՆ-ն ինձ համար մի մեծ դպրոց է, որի դասերը կյանքում ես դեռ շատ եմ օգտագործելու։
«Երազանքս էր, որ կրթությունից հետո վերադառնալ, իմ պարտքը տալ իմ երկրին։ Վերադարձա, ինձ առաջարկեցին աշխատանք ԱԳՆ-ում, այնտեղ գործունեությունս ծավալեցի հիմնականում Չինաստանի ուղղությամբ,բայց անգլերեն էլ թարգմանություններ անում էի․ դա էլ է իմ մասնագիտությունը»։
Ալլան գերատեսչությունում աշխատելու ժամանակ թարգմանել է Քաշաթաղի պատմամշակութային հուշարձանների մասին աշխատությունը։ Երիտասարդ աղջիկը կարևոր է համարում համագործակցությունը չինական աշխարհի հետ և այդ ուղղությամբ աշխատանքներ է տանում։ Այդ համագործակցությունը առայժմ մասնավոր մակարդակում է, և չինացիներն էլ գուցե Արցախի մասին քիչ բան գիտեն, բայց հույս ունեմ, որ մի օր պետական մակարդակով էլ հարցեր կլուծվեն։
«Հայ-չինական բարեկամությունը փոխանակման բազմաթիվ ծրագրերով է արտահայտվում։ Կան բազմաթիվ կրթական ծրագրեր, բիզնես նախագծեր են իրականացվում»։
Այս օրերին, երբ Արցախը շրջափակման մեջ է, իմ բազմաթիվ ընկերներ ու ծանոթներ հետաքրքրվում են այստեղ տիրող իրավիճակով, իրենց մտահոգութունը հայտնում, և այդ ռեսուրսը պետք է ճիշտ օգտգործել՝ ասում է Ալլան։
«Պետական մակարդակով չեմ կարող ասել, թե մեծ է համագործակցությունը, բայց մասնավոր մակարդակով կա հետաքրքրվածություն, այն ավելի կմեծանա, եթե աշխատանք տանենք։ Կան կայքեր, որտեղ ես էլ շփումներ ունեմ իմ չինացի բարեկամների հետ, ներկայցնում եմ Արցախի հետ կապված իրավիճակը։ Նրանք մտահոգություններ են հայտնում, նույնիսկ կան մարդիկ, որ ցանկություն են հայտնում գալ այստեղ ապրելու»։
Ալլան պատրաստվում է մեկնել Չինաստան սովորելու, բայց իր ապագան միայն Արցախի հետ է կապում։ Ավելի մեծ փորձով ու ավելի խոր գիտելիքներով վերադառնալով՝ ուզում է օգտակար լինել։ Իսկ մինչ այդ՝ չի պատրաստվում պարապ նստել․ այնտեղ էլ աշխատանքի մեծ ծավալ կա, չինացիներն Արցախի մասին շատ բան չգիտեն․ այդ ուղղությամբ աշխատել է պետք։