Ինչպես բոլոր կառույցներն ու միավորներն Արցախում, «Բարձր տեխնոլոգիաների և ռազմավարական պլանավորման կենտրոն» հիմնադրամը շրջափակման մեջ աշխատում է հատուկ ռեժիմով․ այնպես, ինչպես ստացվում է, բայց միաժամանակ լավատեսորեն տրամադրվելով ապագայի հանդեպ՝ հուսալով, որ ի սկզբանե նախանշված նպատակները հաջողվելու է իրականացնել՝ ասում է հիմնադրամի տնօրենի խորհրդատու Հակոբ Ավանեսյանը։ Շրջափակման պայմաններում կենտրոնի գործունեության մասին մանրամասները Սրբուհի Վանյանի ռեպորտաժում։
Ներկայացնելով «Բարձր տեխնոլոգիաների և ռազմավարական պլանավորման կենտրոն»-ի անցած ոչ շատ երկար ուղին՝ Հակոբ Ավանեսյանն ասում է, որ այն Արցախի հետպատերազմյան հիմնախնդիրների լուծմանը միտված համակարգ է, որի առաքելությունն էր որոշակիորեն նպաստել Արցախում բնականոն կյանքի վերականգնմանը, օգնել տեղահանված մեր հայրենակիցներին՝ կառուցելու իրենց ապագան Արցախում՝ ընդգրկվելով Արցախի զարգացմանն ուղղված տարբեր ծրագրերում։ Ներդրումային ծրագրերի սպասարկման բաժնի պետ Բելլա Սարգսյանը հիմնադրամի գործունեության հիմնական ուղղություններն է ներկայացնում։ Այն է՝ բարձր տեխնոլոգիաների կրթական ծրագրերի կազմակերպում ու ներդնում Արցախի տնտեսության զարգացման գործում, բիզնես գաղափարների ֆինանսական աջակցություն, ինչպես նաև շահույթ չհետապնդող ու պետական ծրագրերի իրականացում։ Ի՞նչ ֆինանսավորմամբ՝ ներկայացնում է զրուցակիցս։
«Հիմնադրամն իր ֆինանսավորումն իրականացնում էր ներգրավված ֆոնդից, որը ձևավորվել է Արցախում առաջին անգամ իրականացված հեռուտամարաթոնի արդյունքում, որը տեղի է ունեցել 2021 թվականի դեկտեմբերի 10-ին, և ձևավորված ֆոնդն արդեն իսկ օգտագործվում է նպատակաուղղված, ըստ ծրագրերի»։
Հիմնադրամն առայսօր ֆինանսավորել է 5 բիզնես գաղափար և 4 բարեգործական ծրագիր։ Շրջափակման հետևանքով դրանց լիարժեք իրագործման համար որոշակի խնդիրներ են առաջացել։ Հակոբ Ավանեսյանն է ներկայացնում։
«Խոսելով ծրագրերից՝ պետք է ասել, որ դրանցից 4-ը բարեգործական բնույթի են, հիմնականում կրթության ոլորտում։ Երկու ծրագիր իրագործել ենք Ճարտարում՝ մարզամշակութային պալատին ու արվեստի դպրոցին աջակցելու տեսքով, երրորդ ծրագրով ֆինանսավորել ենք Ստեփանակերտի թիվ 1 դպրոցի հրաձգարանի վերանորոգումը, իսկ 4-րդ ծրագիրը աջակցություն է Հադրութի դպրոցներից մեկին, որը հիմա տեղակայված է Ստեփանակերտի համար 3 դպրոցի շենքում։ Կային ծախսեր, որ պետք է իրականցվեին Հայաստանում՝ այնտեղից ձեռք բերելով անհրաժեշտ նյութատեխնիկական միջոցներ, բայց շրջափակման պատճառով դեռևս չի հաջողվել իրականացնել»։
Գաղափարը կյանքի է կոչվում ahimnadram.com հարթակի միջոցով, որտեղ ներկայացված նախագծերին ֆինանսապես կամ նյութապես կարող են աջակցել ինչպես աշխարհասփյուռ մեր հայրենակիցները, այնպես էլ այլազգի ներկայացուցիչներ, որոնք ցանկություն ունեն իրենց ներդրումն ունենալ Արցախի զարգացման գործում։ Բելլա Սարգսյանը շրջափակման հարուցած այլ խնդիրների մասին է պատմում։
«Բացի բարեգործական ծրագրերից, հիմնադրամը ֆինանսավորել է բիզնես նախագծեր տարբեր ոլորտներում։ Այդ բիզնեսները արդեն հիմնված են, գործում են։ Ճիշտ է, շրջափակումը որոշակիորեն դժվարացրել է նրանց գործունեությունն էլ, մենք ընմբռնումով ենք մոտեցել և փոխառությունների վերադարձման ժամկետների պահով վերանայել ենք մեր մոտեցումները»։
Դրանք անտոկոս փոխառություններ են, որոնք, սահմանված ժամկետում շահառուները պետք է հետ վերադարձնեն։ Շրջափակման պատճառով առաջացած խնդիրները մեղմելու նպատակով սահմանված ժամկետները վերանայվել են։ Արցախում ստեղծված իրավիճակը ազդել է նաև կենտրոնի հետագա պլանների վրա․ «Բարձր տեխնոլոգիաների և ռազմավարական պլանավորման կենտրոնը» հունվար ամսից պետք է մեկնարկեր նոր նախագիծ․ ճգնաժամով պայմանավորված՝ նոր նախագծի մեկնարկը հետաձգվել է անորոշ ժամկետով:
«Շրջափակումը բացասաբար է անդրադարձել մեր գործունեության վրա էլ, մենք նախատեսում էինք նոր ծրագիր մեկնարկել հունվարից, սակայն շրջափակումը խոչընդոտ հանդիսացավ»։
Նախագիծը մնում է առաջնային օրակարգում՝ ասում է Հակոբ Ավանեսյանը․ շրջաններ այցելության ժամանակ ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները մնում են անփոփոխ: Հիմնադրամում հավատում են, որ կարողանալու են իրագործել դրանք՝ ի շահ երկրի տնտեսության զարգացման ու Արցախի վաղվա օրվա։ Զինվենք համբերությամբ՝ հորդորում է Հակոբ Ավանեսյանն ու խոստանում՝ իրավիճակի բարելավման պարագայում նոր նախագծի բոլոր մանրամասները կներկայացվեն հանրությանը: