Նոյեմբերի 23, 2024

Ընդհատված ճանապարհի անցորդները. մի տեղահանված ընտանիքի պատմություն

By Դավիթ Եղիազարյան Ապրիլի 20, 2023

 Բակում վազվզում են շեկ հավերը, բակապահ խատուտ շունը պատսպարվում է միջօրյա կեզից` իր բնի նեղ ստվերում: Տան շվաքարանում նստած, անշտապ սուրճ է խմում Մգո դադայը: Նա 60 տարեկան ամրակազմ տղամարդ է, միջնահասակ, խիտ բեղերով: Շինարար է: Մկրտիչ և Վարդուհի Նահապետյաններն Ախալցխայից են: 2000 թվականին վերաբնակվել են Մարտունու շրջանի Ջիվանի գյուղում: Զբաղվել են հողագործությամբ, անասնապահությամբ: Գյուղում սիրված և հարգված ընտանիք էին: Մկրտիչը շինարար է, մասնակցել է տասից ավելի եկեղեցիների վերականգնողական աշխատանքների: 

«9 տարվա մեջ 12 եկեղեցու վերանորոգման եմ մասնակցել։ Վերջին աշխատանքի ժամանակ՝ եկեղեցուց իջել եմ, գնացել պատերազմ։ Հադրութի շրջանում Ցորաբերդ գյուղ կա այնտեղ էի գործ անում։ Ամսի 27-ի առավոտը դուրս եմ եկել, գնացել եմ երեխոցս կողքը»։ 

Իր երկու որդիների հետ մասնակցել է Ապրիլյան և 44-օրյա պատերազմներին: 

«Մասնակցել ենք Ապրիլյան կռվին։ Ես եմ մասնակցել, երկու երեխես են մասնակցել։ 44-օրյային նորից ենք մասնակցել։ Վերջինը շատ ահավոր էր, պատմելու չի՝ ինչերի միջով ենք անցել։ Միջնեկ որդիս պայմանագրային էր, շտապօգնության վարորդ էր։ 40 օրվա մեջ 70 կիլանոց տղայից մնացել էր 30 կիլո։ Մինչև հիմա չի վերականգնվել ու նորից հանուն հայրենիքի գնացել և պայմանագրային ծառայում է։ Երկու երեխես ծառայում են, մեկն Ստեփանակերտում է, 3 երեխա ունի, վարձով ապրում է՝ տեղ չունի»։  

2020 թվականի ադրբեջանական ագրեսիայի ընթացքում թշնամին բռնազավթել է նաև Ջիվանի գյուղը: Ընդամենը վեց կիլոմետր է ձգվում Ջիվանին Կարմիր շուկային կապող մայրուղին: Անվերջանալի վեց կիլոմետր: 

«Ի՞նչ անենք։ Երկու տուն կորցրած, այդքան ունեցվածքը կորցրած, եկել ենք, տախտակների մեջ ապրում ենք։ Ես չեմ մեղադրում։ Զգում եմ, որ Հայրենիքը մի քիչ ծանր վիճակում է, բայց մեր վիճակն ավելի ծանր է։ 20 գլուխ խոշոր եղջերավոր անասուն ունեի, մոտ 100 հատ հնդկահավ, հավ, 30-40 հատ խոզ։ Ապրում էինք, էլի։ 30 հեկտար արտ էինք մշակում, ամեն ինչից օգտվում էինք։ Երկու ավտոմեքենա ենք թողել, տան ամեն ինչը թողել ենք»։

 Նահապետյանները հաստատվել են Կարմիր շուկայում: Պատերազմի ընթացքում կորցրել են ամեն նյութականը, սակայն չեն կորցրել ապրելու և արարելու ձգտումը:  

«Հիմա իմ գործերն Ստեփանակերտում են, շինարարությամբ եմ զբաղվում։ 60 տարեկան մարդ եմ։ Հողագործությամբ եմ զբաղվում։ Տնամերձ հողակտորն ենք մշակում։ Մեծ բանջարանոց ենք մշակում։ Մեր հայության համար, մեզ համար։ Անցյալ տարի մեր հարսն այնքան պահածո էր արել՝ բոլորին բաժանել ենք, հարևանությամբ, բարեկամությամբ։ Ինչպես ժողովուրդը, այնպես էլ մենք․ մնում ենք մինչև վերջ»։ 

Չնայած ոչ երիտասարդ տարիքին, ամուսինները և իրենց որդու ընտանիքը Կարմիր շուկայում կրկին ստեղծում են տնտեսություն, մշակում են հող և պահում են կենդանիներ:

Artsakh Public Radio
Last modified on Ուրբաթ, 21 Ապրիլի 2023 06:32
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ