«Ասկերանի Զարգացման կենտրոն» ՀԿ-ը մի քանի ամիս է, ինչ Ասկերան քաղաքի և հարակից գյուղերի երեխաներին զբաղեցնելու տարբեր միջոցներ է գտնում: Կազմակերպության անդամներն ամեն շաբաթ զանգահարում են ծնողներին, տեղեկացնում առաջիկա միջոցառման մասին և նրանց փոքրիկին հրավիրում Կենտրոն: Շուրջ 150 երեխա մասնակցել է ուսուցողական և ժամանցային
միջոցառումներին: Երեկ «Ասկերանի Զարգացման Կենտրոնում» երեխաներին սովորեցրել են պատրաստել կարտոֆիլով կարկանդակ:
Մասնակիցներից փոքրիկ Ռիտան մեզ հետ զրույցում կիսվում է իր տպավորություններով:
«Մենք այսօր թխել ենք կարկանդակներ, դրանք շատ համեղ էին: Հետո նկարել ենք կավճով»։
Հասարակական կազմակերպության անդամ Մարինե Գաբրիելյանը միշտ ներկա է լինում «Ասկերանի Զարգացման Կենտրոնի» միջոցառումներին: Նա կարևորում է նմանօրինակ միջոցառումները․
«Մեր կազմակերպությունը պարբերաբար միջոցառումներ է կազմակերպում երեխաների համար, որպեսզի շրջափակման պայմաններում կարողանանք երեխաների առօրյան հետաքրքիր դարձնել: Հատկապես հիմա, երբ ամառային արձակուրդներ են, փոքրիկները հիմնականում տանն են լինում, իսկ ծնողները չգիտեն ինչպես կազմակերպել երեխաների առօրյան: Նմանատիպ միջոցառումների կարիքը շատ է զգացվում»:
Երեխաները պատրաստել են կարկանդակներ, խաղացել են խաղեր, երգել են, պարել, ուրախ ժամանակ անցկացրել և վերադարձել տուն: