Նոյեմբերի 23, 2024

Կիչանում արկերից ու կրակոցներից հեռու կյանք են երազում

By Անի Աբաղյան Հուլիսի 01, 2023
Հունիսի 27-ի լույս 28-ի գիշերը թշնամու զինուժի նշանառության տակ այս անգամ Մարտակերտի շրջանի գյուղերն են․ Ճանկաթաղն ու Կիչանը։ Վերջին կրակոցների ձայներից Կիչանում վերապրել են 2020 թվականի 44-օրյա պատերազմը։ Ինտենսիվ կրակոցները, պայթունները ստիպել են բնակիչներին երեխաներին շալերով փաթաթած, լացելով իբր ապահով վայր՝ ներքնահարկ իջեցնել։ Անի Աբաղյանն է այցելել պատերազմի ու խաղաղության եզրագծին ապրող Կիչան։
Կրակոցի ձայներ

«Վեր թորքերը թխալն, քշացալ ըմ տակե տոնը։ Սիրում չում ես էդ թորքերին»։ (Երբ թշնամին խփել է, իջել եմ ներքնահարկ։ Չեմ սիրում այդ թուրքերին)։

3-ամյա Մարկը հիմա է այդ մասին հանգիստ խոսում, բայց հունիսի 27-ի լույս 28-ի գիշերը՝ երբ թշնամին կրակ է բացել Մարտակերտի Կիչան գյուղի ուղղությամբ, ինչպես մայրն է պատմում, վախից չէին կարողանում հանգստացնել։ «Երկու տղաներիս ձեռքի տակ եղած շալերով փաթաթել ու իբր ապահով վայր՝ ներքնահարկ ենք իջեցրել»։

Մեծ ընտանիքն այդ րոպեներին վերապրել է քառասունչորսօրյա պատերազմի առաջին պահերը։ Նույն զգացողությունն էին նաև Կիչանի մյուս բնակիչների համար։ Գյուղամիջում հավաքվել, քննարկում, պատմում էին՝ ինչ էր կատարվում։

«Առաջին պայթյունը որ տեղի է ունեցել, քնից արթնացա․ ժամը 03։40 կամ 03։20-ի սահմաններում պայթյունը լսել եմ, վեր կացել, նայել, բայց մտածել եմ՝ հանդարտվել է։ 5 րոպե հետո, իրար հետևից պայթյուն, պայթյուն։ Երևի 2020 թվականին դուք Ստեփանակերտում լսած կլինեք այդ պայթյունները, հենց նույնը այստեղ էր։ Երեխաս տեսավ, որ վախենում եմ․ ոչ թե ինձ, այլ իր համար։ Ասում է՝ մամ, մի՛ վախեցիր, մի՛ վախեցիր»։

«Ձայներ են լսվել, բայց քիչ, այնուհետև ավելի ինտենսիվ սկսվեցին այդ թնդյունները։ Դե, չեմ ասում վայնասունը, գոռում գոչյունը երեխաների, ծնողների։ Էլ չեմ ասում մեր որպես երեք զավակների մայր։ Այդպես լացելով, երեխաներին փաթաթած տեղափոխվել ենք իբր ապահով վայր՝ մեր ներքնահարկերը։ Մեզ համարում են տեռորիստներ` ահաբեկիչներ։ Այն անձինք՝ մեր երիտասարդները, ովքեր տքնաջան պայքարում են, պաշտպանում են մեր սահմանները, այժմ վայրենիների կողմից կոչվում են ահաբեկիչներ»:

«Էն հինչ կյանք ա իլալ, ճնշումս եկալ ա 200 տըռալ, մնացալ ըմ կոչ եկած։ Վար ուժեղ յըրա յըն ըրալ, էս խոխոնցը հնարավորություն չի իլալ մի տըղ տանելի»։ (Այդ ինչ կյանք էր․ ճնշումս մինչև 200 բարձրացել է, մնացել եմ կուչ եկած։ Որ ուժեղ խփեցին, երեխաներին չգիտեի՝ որտեղ տանել):

«Այդ ժամանակ պիտի գայիք այստեղ ու տեսնեիք մեր ապրումները, թե ինչպես են լացում մեր փոքրիկները, վայ խփում են, խփում են։ Հերիք է արդեն, մենք էլ ենք մայրեր»։

Մինչ գյուղամիջում մեծահասակները վրդովված պատմում էին կատարվածը, 13-ամյա Տիգրանը երկու կողմից կանաչած ծառերով, աղյուսապատված ճանապարհով մեկ շիշ ձեռքին, ժպիտը դեմքին իջնում է աղբյուր։ Շեղելով գործից, տեղավորվում ենք ծառերի շվաքում, սկսում խոսել լուրջ թեմայից։

«Մենք տանը պարկած էինք, առաջինը որ կրակել են, մայրս չի հասկացել՝ կրակել են։ Երկրորդ անգամ երբ կրակեցին, եղբայր վեր կացավ։ Շատ չենք վախեցել, մտածել ենք՝ մի երկու անգամ կկրակեն ու վերջ։ Բայց չէ։ Մեր տան դիրքը բարձր է, դրա համար էլ եղբայրս ավելի ապահով տեղ տանելու համար իջեցրել է բարեկամի տուն։ Երբ արդեն այնտեղ էինք, էլի մի քանի անգամ կրակեցին»։

Արցախյան առաջին պատերազմի օրերին մանկասայլակում ապահով վայր տեղափոխվող տղաների զավակներն են այսօր նույն ճակատագրին արժանանում։ Ուսուցիչ Կարինե Ասրյանը, որ երեք տղայի մայր է, ասում է՝ հայրը սահմանին է, տղան ներքնահարկում։

«Որպես մանկավարժ, որպես մայր, որպես հայ կին և մտավորական խորը հիասթափության մեջ եմ, կույր աշխարհի հանդեպ չգիտեմ ինչ եմ զգում․ չգիտեմ ատելություն ասեմ, չգիտեմ լցված սիրտ ասեմ»։

Թշնամու նշանառության տակ Կիչանի բնակիչներն ամենօրյա վախի մեջ են ապրում։ Փոքր երեխաներ ունեցողներն էլ առաջին անհրաժեշտության ապրանքները մի պայուսակում հավաքած, ամեն վայրկյան սպասում են հարձակման։

«Կարող եմ հավաստիացնելու համար ցույց տալ այն պայուսակները, որտեղ գտնվում են մեր առաջնակարգ փաստաթղթերը և երեխաների շորերը»։

Դիվերսիա, սադրանք որակումներին համաձայն չեն զրուցակիցներս։ Ամեն օր Արցախում էթնիկ զտում է իրականացվում՝ ասում են։

«Ես կոչ եմ անում մեր Կառավարությանը․ թող լուծում գտնեն դիվանագիտորեն»։

«Իրենք պետք է մտածեն մեր երկրի, ժողովրդի մասին։ Պիտի չէ հասկանաս, որ ապրում ես քո հայրենիքում, պետք է պաշտպանես, բայց եթե Կառավարությունը այդպիսի կարգավիճակ չի ստեղծում, ինչ մտածես»։

«Եթե երաշխիքներ լինեն, եթե էս կրակոցները վերջանան ուրիշ ոչինչ չեք ուզի։ Ինչպես ծիծեռնակի մասին են ասում․ ծիծեռնակը բույն է շինում, և շինում է, և երգում։ Ամեն շյուղ կպցնելիս, առաջվա բույնն է հիշում։ Յուրաքանչյուր մարդու համար իր հայրենիքն է թանկ»։


Միթե՞ այդքան մեծ է այս բնակիչների ցանկությունը։

Կրակոցի ձայներ

Արցախում պայթող արկերից, կրակոցներից հեռու, խաղաղ կյանք են ուզում

 

Last modified on Շաբաթ, 01 Հուլիսի 2023 16:52
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ