Նոյեմբերի 24, 2024

Կհաջողվի՞ միավորվել՝ հանուն պետական շահի կամ ինչ կտա նախկին նախագահների հանդիպումը

By Ասպրամ Ավանեսյան Սեպտեմբերի 23, 2022
Վերջին տարիներին  ՀՀ և  ԱՀ նախկին  նախագահների  հանդիպումներ և/կամ  հանդիպումների փորձեր էլի էին եղել։ Նման հանդիպում եղավ  44-օրյա պատերազմի օրերին։ Թե որքանով էր այն արդյունավետ, դժվար է ասել։ Համենայն դեպս, հանրության համար որևէ հայտարարություն   չի արվել։    Այս անգամ հանդիպումը տեղի է ունեցել Մայր Աթոռի միջնորդությամբ։   Եկեղեցու միջնորդությամբ պետական իշխանավորների հանդիպումների մասին պատմության դասագրքերում շատ ենք կարդացել։  Թե ինչով պատմության մեջ կմտնի այս հանդիպումը՝  կիմանանք հետո։  Նախկին նախագահների հանդիպման մասին մանրամասներ հայտնի չեն,  օրակարգ չի հրապարակվել։  Իսկ հանդիպումից հետո  Մայր Աթոռի տարածած հաղորդագրության համաձայն՝    քննարկվել է Հայաստանում ստեղծված իրավիճակը և  ձեռք բերվել պայմանավորվածություն՝    հանդիպումները շարունակելու մասին։ Սա քաղաքագետ Հակոբ Բադալյանին առիթ է տալիս մտածելու, որ առաջին հանդիպումը եղել է ոչ այնքան արդյունավետ կամ, ինչպես ասում են, «տրամադրություններ շոշոփող» հանդիպում։
 
 «Արցախի և Հայաստանի նախկին նախագահներն ունեն էապես տարբեր պատկերացումներ Հայաստանի զարգացման և հեռանկարների մասին, ինչպես նաև Հայաստանի  ներքին և արտաքին քաղաքական օրակարգերի վերաբերյալ։ Այս քաղաքական հայացքները եղել են նրանց իշխանական գործունեության շրջափուլում և դարձել են նրանց միջև առկա հակասություններ պատճառ։ Եվ անկասկած է, որ ընդհանուր նպատակներ դնելու պարագայում էլ, դրանց հասնելը լինելու է բավականին բարդ»։ 
 
Նախկին նախագահների հանդիպումները որոշակի խնդիրներ լուծելու մեծ ռեսուրս կարող է լինել։ Այս ռեսուրսը նպատակին կծառայի, եթե նախկին նախագահները հանուն պետականության ու համընդհանուր շահի մի գաղափարի շուրջ միավորվելու կամք ու միասնականություն ունենան՝ ասում է զրուցակիցս։ 
 
«Նախկին նախագահներն, արդյոք, կգտնե՞ն միմյանց միջև տարաձայնությունները հանուն հանրային և պետական շահերի հարթելու, լուծելու կամ գոնե կոնկրետ խնդիրների շուրջ միասնական որոշման գալու հնարավորություն, ուժ։ Եթե՝ այո, ապա դա կլինի ողջունելի, եթե՝ ոչ, ապա նույնիսկ կարող է ստացվել այնպես, որ նրանց ապարդյուն հանդիպումներն էլ ավելի բացասական ազդեցություն թողնեն ընդհանուր իրավիճակի վրա»։ 
 
Նախկին նախագահներն իրենց փորձով, իհարկե, շատ կարևոր ռեսուրս են, բայց պետք է նաև չմոռանալ, որ Հայաստանի ներկայիս իրավիճակի համար պատասխանատու են նաև նրանք՝ նկատում է Հակոբ Բադալյանը։ Սրանով քաղաքագետն ամենևին էլ չի արդարացնում գործող իշխանություններին։ Այս պահին ավելի շատ ռեսուրսների մասին խոսելու և այդ ռեսուրսները գործում օգտագործելու խնդիրն է առանցքային։ Կօգտագործվի՞ այն, կամ ինչպե՞ս կօրտագործվի․ Հակոբ Բադալյանը երկու հանգամանք է առանձնացնում։
 
 «Նախ՝ կարևոր է, թե ինչ նպատակներ են իրենց առջև դնում նախկին նախագահները, ինչ են ուզում անել և ինչ ընդհանուր հայտարարի են  կարողանում գալ։ Երկրորդը՝ կախված է նրանից, թե ինչ հաղորդակցություն կարող է ձևավորվել նրանց և գործող քաղաքական իշխանությունների միջև։ Ես այստեղ կդիտարկեմ նաև Արցախի ղեկավարության հանգամանքը։ Այս առնչությամբ ուշադրության է արժանի, որ նախկին նախագահների հանդիպումից մի քանի օր առաջ Հայաստանի 1-ին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպում է ունեցել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։ Այսինքն մենք հանդիպման արդյունավետությունը պետք է դիտարկենք կոմբինացվածության պայմաններում»։
 
 Եթե չլինի գործող իշխանությունների և նախկին նախագահների արդյունավետ համագործակցություն, ապա այդ հանդիպումների   արդյունավետությունը կնվազի՝ ասում է քաղաքագետը։ Կողջունե՞ն Արցախի և Հայաստանի գործող իշխանությունները նախկին նախագահների հանդիպումը՝ կախված է հանդիպման բովանդակությունից։ «Եթե այդ հանդիպումը իսկապես օժանդակ լուծումներ առաջարկի   իշխանություններին, ապա ես չեմ կարծում, որ որևէ իշխանություն կգնա իր իսկ վիճակը բարդացնելու ճանապարհով և կհրաժարվի իսկապես գործուն օժանդակությունից»,-ասում է Հակոբ Բադալյանը։ 
 
«Մի բան անկասկած է․ այս իրավիճակում մենք կարող ենք խորքային լուծումներ գտնել, օգտագործելով բոլոր հնարավորությունները, թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում»։ 
 
Կատարյալ միասնականություն   չի լինում։ Բոլորս տարբեր ենք, տարբեր են  մեր հայացքները, սկզբունքներն ու աշխարհայացքը։ Այս հարցում,   համոզված է Հակոբ Բադալյանը,   կարևորը միևնույն նպատակի շուրջ   միասնական դիրքորոշման գալն է։ 
 
 
Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ