Նոյեմբերի 24, 2024

Արցախի պաշտոնյաները Երևանում կքննարկեն Պրահայի արդյունքները

By Կարեն Ղազարյան Հոկտեմբերի 10, 2022

Այն, որ Արցախի պատվիրակությունը Երեւանում հանդիպումներ է ունենալու Հայաստանի իշխանությունների հետ, հաստատել է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը: Նա ներկայացրել է նաև այցի նպատակներն ու պատվիրակության կազմը։


«Այցի հիմնական նպատակը 2022 թ․ հոկտեմբերի 6-ի Պրահայի քառակողմ հայտարարությունը քննարկելն է, ըստ որի՝ Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991 թ. Ալմա-Աթայի Հռչակագրին, որոնց միջոցով ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Արցախյան պատվիրակության կազմում են ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, Արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը, ԱՀ Աժ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանը և ԱՀ նախագահի խորհրդական Մասիս Մայիլյանը»։

Պրահայում հոկտեմբերի 6-ին ընդունված հայտարարությունը խորը մտահոգություններ է առաջացրել հատկապես Արցախում։ Մինչև Պրահայի հանդիպումներն ու ընդունված հայտարարությունը հանրային քննարկումների առանցքում էլ Ստեփանակաերտի ու Բաքվի միջև երկխոսության մեխանիզմներ գտնելու առաջարկն էր։ Անդրադառնալով այդ երկխոսության հնարավորությանը՝ արցախցի քաղաքագետ Ժիրայր Ազիզյանը «Ռադիոլուր» հետ զրույցում հեռախոսազրույցում նկատում է, որ կարևորը Ստեփանակերտի սուբյեկայնության բարձրացման միջոցով բանակցային լիարժեք ձևաչափի վերականգնումն է։ Այս տրամաբանության մեջ է եղել նաեւ Արցախի անվտանգության խորհրդի վերջին ընդլայնված նիստում ընդունված որոշումը՝ ասում է արցախցի քաղաքագետը։

«Հայտարարությունը տարածվեց, որտեղ նաեւ նշվում է, որ Ստեփանակերտը պատրաստ է և կարող է նստել բանակցությունների, բայց դա կարող է լինել միայն մի դեպքում, եթե Ադրբեջանը ընդունի Արցախը որպես բանակցային գործընթացի լիիրավ մասնակից»։

Արցախցի քաղաքագետն այդ առումով լավատես չէ և կարծում է, որ Ադրբեջանը հրաժարվելու է նման առաջարկներից ու Ստեփանակերտին չի ընդունելու որպես կողմ։
Հայաստանի իշխանություններն էլ դեռ անորոշության մեջ են և չգիտեն, թե ինչ ձևաչափով է տեղի ունենալու Ստեփանակերտ-Բաքու երկխոսությունը։ Այդ անորոշության մասին լրագրողների հետ զրույցում խոսել է ԱԺ իշխող մեծամասնության խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։

«Այս պահին կարող եմ ասել, որ որևէ մեկին, այսպես ասեմ, վերջնական հայտնի չեն այդ մեխանիզմները, որովհետև դրանք քննարկման առարկա են դեռևս։ Այս մասին դեռևս քննարկումներ են գնում մեր միջազգային գործընկերների հետ , բայց, բնականաբար, խոսակցությունները գնում են հնարավորինս արդյունավետ մեխանիզմների համար, որպեսզի այդ երկխոսությունը հնարավորինս ստացվի և մենք կարողանանք այդ առումով քայլ առաջ անել և կարողանալ ապահովել արցախահայության իրավունքները իրենց հողում։ Սրանից ավել բան էս պահին չեմ կարող ասել։ Որևէ մեկը չի կարող ասել։ Հիմա այնպիսի իրավիճակ է, որ նաև նոր ձևաչափեր են, եթե կարող ենք դրանք ձևաչափեր անվանել։ Հնարավորինս ճկուն քաղաքականություն ենք վարում և չի բացառվում, որ այլ նոր ձևաչափ լինի, չի բացառվում ԵԱՀԿ տիրույթում լինի։ Այսինքնք, սրանք բաներ են, որ ժամանակը չի խոսելը, որովհետեւ դեռ քննարկումներ են գնում և կոնկրետություններ դեռ չկան այդ առումով»։

Քաղաքագետ Ժիրայր Ազիզյանը նկատում է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբն է այսօր ԼՂ հակամարտության կարգավորմամբ զբաղվելու իրավասություն ունեցող միակ լեգիտիմ ձևաչափը։ Այն, սակայն, այսօր գործում է միայն «դե յուրե»՝ աշխարհաքաղաքական իրողություններով պայմանավորված։

 «Այսինքն, իրավաբանորեն այն գործում է, բայց փաստացի այդ իրողությունները՝ Ուկրաինայի շուրջ տեղի ունեցած ու տեղի ունեցող զարգացումները, պարզապես, թույլ չեն տալիս, որ կողմերը նստեն կարգավորման բանակցային սեղանի շուրջ։ Այս տրամաբանությամբ, կարծում եմ, որ դեռևս վաղ է խոսել այդ ֆորմատի վերաակտիվացման հնարավորության մասին։ Պետք է հասկանանք, որ այսօր չկա, ստեղծված իրավիճակը պարզապես թույլ չի տալիս, որ այդպիսի հնարավորություն ստեղծվի»։

Այդուհանդերձ, Արցախում չեն կարծում, որ իրենց խնդիրը ուղղակի աշխարհաքաղաքական իրողություններն արձանագրելն ու դրանց հետ հաշվի նստելն է։ Պետք է փորձել բոլոր հնարավոր և անհնար տարբերակներով այդ աիրողություններն Արցախի օգտին օգտագործելու հնարավորություններ ձևավորել։

Բաքու-Ստեփանակերտ շփումներն ինչ ձևաչափով էլ ընթանան, չեն ստորադասելու ԼՂ-ի ժողովրդի ինքնորոշման իրավունքը՝ ասում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Քրիստինե Գիրգորյանը։ Նրա կարծիքով՝ անվտանգությունը շարունակում է մնալ ամենակարևոր խնդիրը և այս հարցում իշխող խմբակցությունում ձրավորված միասնական մոտեցում կա։

«Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը երկու տարբեր բաներ են։ Երբեք ԼՂ հիմնախնդիրը չի եղել տարածքային հարց։ Չի եղել հողային հարց։ Մշտապես եղել է ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման հարց։ Այսպիսով, այս երկու հարցերում հակասություն չկա։ Եվ երկուսն էլ՝ և՛ ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, և՛ տարածքային ամբողջականությունը միջազգային իրավունքի սկզբունքներ են։ Այսինքն, ճանաչելով որևէ երկրի տարածքային ամբողջականություն, սա չի նշանակում, որ այլ հարցեր, որոնք կարող են լինել այս երկրի հետ կապված, դրանով փակվում են։ Սա, բնականաբար, վերաբերվում է նաեւ ԼՂ-ին»։

Արցախի իշխանությունների հետ պարբերաբար հանդիպումներ է ունենում ՀՀ ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը։ Ասում է՝ վերջին հանդիպումը օրեր առաջ է տեղի ունեցել։

«Քննարկել ենք մի շարք հարցեր, մի շարք ռիսկեր։ Մենք իսկապես բարդագույն ժամանակաշրջան ենք ապրում։ Եվ, այսպես ասած, սիրողական մակարդակով ասել՝ սա հնարավոր է, սա հնարավոր չէ.... Պետք է մեր ռեսուրսները առավել քան երբևէ մեկտեղենք։ Պետք է մեր համար ունենանք պատկերացում՝ ի՞նչ է Արցախը մեր համար։ Արցախը միայն Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հայրենիքը չէ, որ նրանք ցանկանում են ատելություն գեներացնել մեր հայկական երկրորդ հանրապետության նկատմամբ։ Արցախի Հանրապետությունը մեզ համար եղել և մնում է բարձրագույն արժեք և որևէ դեպքում, որևէ պարագայում Հայաստանը չպիտի ձեռքերը լվանա»։

Միանշանակ է, որ Արցախն Ադրբեջանի կազմում ապագա չունի, որևէ արցախցի չի կարող Ադրբեջանի կազմում ապահով ապրել՝ ասում է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը:

Նա կարծում է, որ Արցախի նախագահը պետք է հանդես գա իր պատկերացումներով ու հիմնավորումներով, իսկ Հայաստանի իշխանությունները դրանք պետք է լսելի դարձնեն աշխարհին։ Թովմասյանի խոսքով՝ եթե Կոսովոյի դեպքում ինքնորոշման իրավունքը աշխարհի համար ընկալելի էր, ապա Արցախի դեպքում ևս պետք է ընկալելի լինի։ Պատգամավորը համոզված է, որ դա աշխարհին հասցնելը Հայաստանի խնդիրն է։

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ