Նոյեմբերի 24, 2024

Ադրբեջանի հեռահար նպատակներն ու միջազգային իրավունքը․ կարո՞ղ են միջազգային իրավունքի պաշտպանները տեր կանգնել սեփական սկզբունքներին

By Սրբուհի Վանյան Դեկտեմբերի 19, 2022
ՄԱԿ Անվտանգության խորհրդի անդամներն ուրբաթ օրը Լիբիայի վերաբերյալ խորհրդակցություններից հետո «Այլ հարցեր» բաժնում պիտի որ քննարկեին իրավիճակը Լեռնային Ղարաբաղում՝ Ֆրանսիայի առաջարկով: Դրան զուգահեռ Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը դիմել էր ՄԻԵԴ՝ պահանջելով կիրառել միջանկյալ միջոցներ Ադրբեջանի նկատմամբ և պարտավորեցնել վերջինիս ապաշրջափակել Բերձորի միջանցքը: ՄԻԵԴ-ի նախնական դիրքորոշումն այն էր, որ կառույցը ժամանակ է տվել Բաքվին՝ Երևանի պահանջի վերաբերյալ պարզաբանումներ ներկայացնելու համար։ Այսօր այդ ժամկետը լրանում է․ ի՞նչ որոշում սպասել ՄԻԵԴ-ից․ ՀՀ առաջին  օմբուդսմեն և   Իրավունքի մասնագետ Լարիսա Ալավերդյանը ողջունում է  Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակի աշխատանքը, բայց նրա կանխատեսումներն, այնուամենայնիվ, այնքան էլ լավատեսական չեն։ 
 
«Ավելի արագ արձագանք էի սպասում։ Ի վերջո իրենք ուղարկել են, որ ստանան բացատրություն, թե ինչ բացատրություններ կտանք, մենք կարող ենք պատկերացումներ կազմել ադրբեջանական բաց լրատվական աղբյուրներից։ Ես անհանգիստ եմ, որ դա երկարացնում է այդ անհապաղ կոչվող գործառույթը։ Ես համոզված եմ, որ Ադրբեջանի պատասխանը լինելու է ոչ թե բացատրություն տալ և բացել, այլ բացատրություն տալ և շարունակել շրջափակումը»։
 
 Հարց է, թե դրանից հետո ինչ որոշում պիտի կայացնի մարդու իրավունքների եվրոպական դատարանը։ Եթե նույնիսկ Եվրոպական դատարանը ընդունի այնպիսի բանաձևեր, որոնց հիման վրա Ադրբեջանը ապաշրջափակի միջանցքը, ապա նորից երբևէ կդիմի նման քայլի՝ անհանգստություն է հայտնում զրուցակիցս։
 
«Որովհետև մենք գիտենք ևս մի քանի նման որոշումներ ՄԻԵԴի կողմից,  որոնք այդպես էլ ի կատար չեն ածվել Ադրբեջանի կողմից։Նա նույնիսկ իր քաղաքացիների տված բողոքին ի պատասխան որոշումները չի իրագործում։Լավատեսական կանխատեսումներ ես չունեմ»։
 
 Քաղաքական գործչի անհանգստությունը հիմնավորված է․ դրա համար բազում օրինակներ կան, և նա կարծում է, որ ՀՀ իշխանությունները ոչ թե պետք է սահմանափակվեին ՄԻԵԴ դիմելու և բացատրություններ պահանջելու քայլով, այլ պետք է դիմեին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ։ «Նիստը փակ էր, և մենք չգիտենք, թե ինչ առաջարկությամբ է դիմել Ֆրանսիան»՝ ասում է։ Ենթադրաբար՝ խաղաղապահ ուժերին ՄԱԿ-ի մանդատ տալու հարցով։ 
 
«Դա իհարկե լավ է, բայց այն արձագանքը չէ, որը մեզ անհրաժեշտ էր դեռ օրեր առաջ, և հիմա օրհասական է»։
 
 Հարցը դեռ մնում է արդիական՝ ըստ Լարիսա Ալավերդյանի։ Իսկ հարցապնդումը պիտի հետևյալը լինի․ 
 
«Այն, ինչ անում է Ադրբեջանը՝ հանցագործություն է, և դա բնութագրվում է ոչ միայն հումանիտար աղետ բառակապակցությամբ, այլև դա ցեղասպանական գործողություններ են, որովհետև համապատասխանում են  Ցեղասպանության ոճրագործության և դրա պատժի մասին կոնվենցիայի դրույթներին»։
 
 Կասկածից վեր է, որ Ադրբեջանի նպատակներն ավելի հեռահար են, քան հումանիտար աղետ ստեղծելը։ Ադրբեջանն իհարկե, բացելու է ճանապարհը, բայց միաժամանակ փորձում է ստեղծել այնպիսի իրավիճակ, հոգեբանական, ֆիզիկական այնպիսի մեխանիզմներ է գործարկում, որ արցախահայությանը դրդի լքել սեփական հայրենիքը։ «Հայաստանը միջազգային հանրությանը պիտի դիմի հենց նման պահանջով, որ այդ գործողությունները Ադրբեջանի կողմից, նաև՝ Թուրքիայի դրդմամբ, ճանաչի ցեղասպանական գործողությունների մի տեսակ»,- ասում է Լարիսա Ալավերդյանը։ 
 
«Եվ երկրորդ՝ միջազգային հանրությունը, որ այդքան ակտիվ է ասենք, ՌԴ դեմ պատժամիջոցների կիրառման հարցում,ՆԱՏՈ-ի  անդամ Թուրքիայի , Ադրբեջանի ցեղասպան գործողությունների դիմաց աչք է փակում։ Այն ինչ տեղի է ունեցել և շարունակվում է ԼՂ-ում 2020 թ․ սեպտեմբերի 27-ից հետո և շարունակվում է առայսօր, և ինչ տեղի է ունեցել ՀՀ-ում այս տարվա սեպտեմբերի 13-14ին, ցեղասպանական գործողություններ են»։
 
 Լաչինի միջանցքի փակմամբ Արցախի շրջափակումը ցեղասպանական քաղաքականության մաս է: Լարիսա Ալավերդյանը միանում է Արցախի Մարդու իրավունքների նախկին պաշտպան, ներկայումս Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանի նախաձեռնությանը՝   Բաքվի ցեղասպան գործողություններին աշխարհի ուշադրությունը  հրավիրելու քայլին։ Արդեն մի քանի օր է, Արտակ Բեգլարյանը, ակտիվ այլ հանրային գործիչների հետ, ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց անժամկետ նստացույց է անում։ Այսօր նա նաև ասուլիս է տվել։ Արտակ Բեգլարյանն առայժմ անբավարար է գնահատում միջազգային կառույցների գործողությունները։ 
 
«Բացի նրանից, թե ինչ է հայտարարվում կամ ասվում, ակնհայտ է, որ դա չի ազդում Ադրբեջանի վարքի վրա։ 8 -րդ օրն է, շարունակվում է շրջափակումըև Արցախի ժողովրդի կոլեկտիվ պատանդառությունը։ Այդ տեսանկյունից միջազգային հանրության գործողությունները գնահատում եմ բացասական»։
 
 Բայց, գործընթացներ արդեն մեկնարկել են անցած ուրբաթ օրվանից:  Արցախի պետնախարարի խորհրդականն ակնկալում և պահանջում է, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը բաց ձևաչափով, հրատապ, այս հարցը քննարկի, և ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն էլ ու Խորհրդի անդամներն էլ հստակ դիրքորոշում հայտնեն։
 
 
Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ