Երեկ սպառվել է ՄԻԵԴ-ի՝ Ադրբեջանին տրամադրված վերջնաժամկետը՝ Հայաստանի ներկայացրած հայցին ի պատասխան դատարան հակափաստարկներ ու հիմնավորումներ ներկայացնելու համար: Սահմանված ժամկետում Ադրբեջանը պատասխան չի տրամադրել դատարանին, սակայն կարող է դա անել ուշացած, հայկական կողմը հետևում է տեղեկությունների թարմացմանն ամեն ժամ՝ նախօրեին հայտնել է ՀՀ վարչապետի աշխատակազմի մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը: Կիրակոսյանը նշում է՝ Ադրբեջանի լռությունը և դատարանին ժամանակին պատասխան չներկայացնելը կամ դրա ուշացումը ենթադրում է, որ դատարանը պետք է ավելի սուր արձագանքի, ձևակերպի միջանկյալ միջոց և պարտավորեցնի Ադրբեջանին գործողություն կատարել կամ որոշակի գործողություններից ձեռնպահ մնալ։ Հայաստանյան Factor TV-ի հետ զրույցում ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը խոսել է միջազգային դատարանների՝ իրավիճակի վրա անմիջական ազդեցության և հասարակության ներսում տարածված այն կարծիքի մասին, թե իրավական դաշտում ճնշումներն Ադրբեջանի վրա անարդյունավետ են և որ խնդրին ի զորու են լուծում տալ միայն համապատասխան քաղաքական, ոչ թե իրավական որոշումները։
«Ընկալումը էդպիսին է, որ միջազգային դատական մարմինները շատ ավելի փափուկ մարմիններ են։ Ադրբեջանի դեպքում սանկցիաների էդպիսի ռեժիմ չկա, այնուամենայնիվ դատարանի կողմից կայացրած որոշումները ունենում են ազդեցություն։ Ադրբեջանը լինելով նաև ԵԽ անդամ երկիր, ինչքան էլ իրենց մոտ լինի դիկտատորական ռեժիմ, միևնույնն է՝ իրենք էլ ձգտում գոնե թվացյալ ապահովել մարդու իրավունքների պաշտպանության որոշակի մակարդակ։ Դրա համար էլ դա որոշակիորեն ազդեցություն կունենա։ Նշենք, որ դատարանի գործիքակազմը, կարծում եմ, պետք է զուգորդվի քաղաքական գործընթացների հետ։ Քաղաքական ճնշման կիրառման հիմք նաև որոշակի իրավական անալիզն է։ Ինչպես որ եղավ, օրինակ, Արդարադատության միջազգային դատարանի կողմից մեր դիմումի հիման վրա նախորդ տարվա դեկտեմբերի 7-ին կայացրած որոշման հետ։ Ֆիքսվեցին կարևոր գնահատականներ Ադրբեջանի գործողություններին․ ռասսայական խտրականության կոնտեքստից, որը հետո արդեն դարձավ հենման կետ շատ քաղաքական մարմինների համար հայտարարություն ընդունելու համար։ Օրինակ՝ Եվրոպական պառլամենտի կողմից, Բասեի կողմից, որոնք նաև էֆեկտ ունեցան»։
Առաջին Ալիքի «Լուրեր»-ի եթերում ՀՀ ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը նշել է, որ իրենց գրասենյակը Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով առաջացած ճգնաժամի վերաբերյալ արտահերթ զեկույցն արդեն հղել է հնարավոր բոլոր միջազգային ազդեցիկ իրավական կառույցներին։
«Մենք արդեն սկսել ենք մեր զեկույցն ուղարկել տարբեր մարմինների, ընդ որում՝ նկատի ունեցեք, որ մենք, քանի որ անդրադարձել ենք էնտեղ երեխաների իրավունքների խախտումներին, հաշմանդամություն ունեցող անձանց համար ստեղծված իրավիճակին, ըստ պրոֆիլների ուղարկել ենք և այսօր էլ շարունակել ենք այդ կոմունիկացիան՝ ՄԱԿ-ի, Եվրոպական խորհրդի, տարբեր մարմիների, կոմիտեների հետ, ինչպես նաև հատուկ հարցերով զեկուցողների։ Ընդ որում՝ ուղարկել ենք նաև զեկույցը ՄԱԿ-ի՝ մարդու իրավունքների բարձր հանձնակատարին, ԵԽ-ի՝ մարդու իրավունքների հանձնակատարին, ԵՄ մարդու իրավունքների հանձնակատարին»։
Պաշտպանը շեշտում է, որ որոշ միջազգային գործընկերներ նաև հարցեր են ուղղում հայկական կողմին Արցախում տիրող իրավիճակի, մինչ այս պահն իրականացված փաստահավաք աշխատանքների, տեղում միջազգային ներգրավվածության մասին, ինչը ցույց է տալիս, որ Ադրբեջանի ստեղծած կեղծ նարատիվները ստեղծել են անորոշություններ, և հայկական կողմը աշխատանքներ է տանում նաև օտարազգի գործընկերներին բացատրելու Արցախում տիրող իրական վիճակի մասին։ Արդյոք, միջազգային հանրության ուշադրությունը գրավելու Հայաստանի ու Արցախի փորձերն ունա՞կ են փոխել իրավիճակը և ի՞նչ են մտածում այս մասին Երևանում ադրեն 9-րդ օրը տարբեր ակցիաներ իրականացնող ակտիվիստները։ Երևանաբնակ Ստելլա Ավագյանը 2020-ից ի վեր արցախահայության խնդիրներին առնչվող գրեթե ոչ մի ակցիա բաց չի թողել։ Վստահ է՝ ճնշումը պետք է ավելացնել ամեն օր և չնահանջել դրված նպատակից։
«Որպես մարդ, ով 2 տարի մասնակցում է տարբեր երթերի,գտնում եմ, որ այս պահին այն, ինչ մենք կարող ենք անել արցախահայության համար դա միտինգներն են, երթերն են, կլինի դա ՄԱԿ-ի գրասենյակի մոտ, կառավարության շենքի մոտ, թե դեսպանատների մոտ։ Մաքսիմում պետք է փորձենք մեր ձայնը, մեր շրջափակված համերկրացիների ձայնը հասցնենք համապատասխան վայրեր»։
Հիշեցնենք, որ ՄԱԿ Անվտանգության խորհուրդը երեքշաբթի, Հայաստանի հարցապնդմամբ, կքննարկի Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը: Այս մասին այսօր նշվել է խորհրդի աշխատանքային ծրագրում՝ առանց այլ մանրամասների: