Նախօրեին հայտնի է դարձել, որ ՄԻԵԴ-ը Լաչինի միջանցքն արգելափակած Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու որոշում է կայացրել․ այն վերաբերում է Հայաստանում բժշկական օգնություն ստանալու կարիք ունեցող ծանր հիվանդ անձանց տեղաշարժի և ճանապարհին անապաստան մնացած կամ ապրուստի միջոցի կարիք ունեցող անձանց անվտանգ տեղաշարժի ապահովմանը։ Ըստ դատարանի որոշման՝ Ադրբեջանը պարտավոր է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել այս ուղղությամբ։ Դատարանի նման որոշումը բավականին հակասական արձագանքների է արժանացել հայկական հասարակության ներսում․ ի վերջո՝ կարո՞ղ ենք փաստել, որ որոշումն արդարացրել է հայաստանյան կողմի սպասելիքները, թե՞ ոչ։ Մինչ հայկական կողմը հայտնում էր, որ ՄԻԵԴ-ը բավարարել է Հայաստանի դիմումը, Ադրբեջանը շտապեց տեղեկատվություն տարածել իբր եվրոպական դատարանն իրականում մերժել է հայկական կողմի հայցը։ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն այսօր ասուլիսի ժամանակ մանրամասնել է՝ Ադրբեջանի տարածած տեղեկությունը ճիշտ չէ, հայցը բավարարվել է, սակայն մասնակի։ Հայկական կողմը դիմել է ՄԻԵԴ երկու կետով․ առաջինը՝ ընդհանուր ապաշրջափակման, երկրորդը՝ ծանր հիվանդների և ճանապարհին մնացած անձանց իրավունքների իրացման մասով։
«Դատարանի կողմից նման ձևակերպում տալը ունի պատճառներ։ Մենք, իհարկե, պահանջել էինք, որ ապաշրջափակվի, փորձել էինք մաքսիմալով գնալ, այսինքն՝ հնարավոր մաքսիմալ պահանջը դնել դատարանի առաջ, բայց դատարանն ունի որոշակի սահմանափակվածություններ։ Սակայն միջանկյալ միջոց կիրառելու շրջանակը կամ էդ գործերի շրջանակների նախադեպային իրավունքի տրամաբանության տակ սահմանափակված է կոնվենցիայի 2-րդ՝ կյանքի իրավունքը պաշտպանող, և 3-րդ, որը մարդկային դաժան, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի արգելքի հոդվածն է։ Եվ բացառիկ դեպքերում նաև 8-րդ հոդվածն է՝ մասնավոր կյանքի անձեռնմխելիության մասին, համաձայն որի, երբ որ կա անդառնալի վնասի ռիսկ, միայն այդ դեպքում դատարանը կիրառում է այս միջոցը։ Այսինքն դատարանից ակնկալել, որ ինքը միայն ասելու էր որ՝ «Բացեք ընդհանրապես», սխալ կլիներ։ Նույնիսկ եթե մենք դատարանից ստացել ենք այս «լեզուն»՝ դա արդեն մեծ քայլ է»։
Կիրակոսյանը շեշտում է՝ կարևոր է հատկապես, որ ՄԻԵԴ-ը հղում է կատարել նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնության 6-րդ կետին՝ կապված միջանցքով ազատ տեղաշարժի և դրա հետ կապված Ադրբեջանի պարտավորություններին։ ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչը հիշեցնում է՝ դատարանը պատժամիջոցների կիրառման մեխանիզմ չունի, սակայն այդ նույն պատժամիջոցները օդից չեն ընկնում և դատարանի գնահատականները կարող են հետագայում հիմք հանդիսանալ նման քաղաքական որոշումների, պատժամիջոցների ընդունման և կիրառման համար։ Հիշեցնում է՝ տարիներով հայատյացության մթոլորտում մի քանի սերունդ դաստիարակած երկիրը մի քանի օրում վարքագիծ փոխել չի կարող։
«Սրա վրա կարծում եմ պետք է աշխատենք նաև քաղաքական առումով, սա պետք է փորձվի օգտագործվի, որովհետև ազդեցությունը այս որոշման կախված է նաև մեր դիվանագիտական ու քաղաքական աշխատանքից»։
Կիրակոսյանը վստահեցնում է՝ շարունակաբար թարմացնում են տեղեկություններն ու նոր զարգացումների մասին կապ են պահում եվրոպացի գործընկերների հետ, որպեսզի ադրբեջանական կողմը չապակողմնորոշի դատարանին։ Փաստաբան Արտակ Զեյնալյանն «Արցախ» լրատվականի հետ զրույցում նշում է՝ նման որոշումը նորարարություն է Եվրոպայի Խորհրդում։
«Նախ ասեմ, որ Եվրոպական դատարանի վճիռն իր ձևի և բովանդակության մեջ առաջինն է, նորարարություն է ԵԽ-ում։ Հրատապ միջոց կիրառելու վերաբերյալ դիմումների այսպիսի առարկա նախկինում չի եղել կամ երբեք բավարարված չի եղել։ Դա նորարարություն է, որի հեղինակը ՀՀ-ն է»։
Ըստ մասնագետի՝ Եվրոպական դատարանը բավականին կարևոր որոշում է կայացրել, որը նաև քաղաքական ազդեցությունների արդյունք է։ Զեյնալյանն ընդգծում է՝ մինչև ՄԱԿ-ի ԱԽ կայացրած որոշումն էլ անդամ բոլոր պետություններն արդեն տարածել էին կարևոր հայտարարություններ, որոնք հիմնվում են սեփական փաստական հիմքերի վրա։ Փաստաբանը շեշտում է՝ Եվրոպական դատարանն իր միջանկյալ միջոցների վերաբերյալ բազմիցս հղում է կատարել ձեռք բերված քաղաքական պայմանավորվածություններին, այդ թվում՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը։ Արդյո՞ք ՄԻԵԴ-ի այս վճիռն առավելագույնն էր, որին կարող էր հասնել Հայաստանը Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը փոխելու համար։
«Արդյոք մեզ բավարարում է այս ամենը՝ բնականաբար ոչ։ Մենք կարող ենք շատ ավելին և շատ ավելինի ակնկալիքներ ունենք, որպեսզի արդարությունը վերականգնված լինի, ապահովված լինի Արցախի ժողովրդի կյանքի իրավունքը և մնացած բոլոր իրավունքները։ Միջոցները սպառված չեն։ Պետք է ջանքեր գործադրել»։
Երկու օր է, ինչ արցախահայության ամբողջական բլոկադայի վերաբերյալ աշխարհից եկող ազդակներն առավել ուժգին են լսվում։ Սակայն, ի վերջո, որտե՞ղ են 120 000 արցախահայությանը շրջափակումից հանելու իրական լծակները․ Արցախում դեռ սպասում են։