Նոյեմբերի 24, 2024

Ալիևի ինքնախոստովանությունների շարքն ու դրանց տողատակերը

By Սոֆյա Հակոբյան Հունվարի 11, 2023

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախօրեին ադրբեջանական հեռուստաալիքներին տված հարցազրույցում հանդես է եկել մի շարք ուշագրավ ինքնախոստովանություններով։ Նախ հարևան երկրի ղեկավարն իր անթաքույց աջակցությունն է ցուցադրել Գորիս-Ստեփանակերտ մայրուղին փակած այսպես կոչված էկո-ակտիվիստներին՝ բառացի հաստատելով հայկական կողմի մեկամսյա պնդումները կեղծ բնապահպանական ակցիայի՝ Ադրբեջանի իշխանությունների կողմից հովանավորված լինելու մասին։ Ալիևը նաև փաստացի «խոստովանել է», որ իրականացվող գործողության նպատակը ոչ այլ ինչ է, քան Արցախի հայաթափումը։ «Ովքեր չեն ուզում լինել մեր քաղաքացիները՝ ճանապարհը փակ չէ, այն բաց է։ Կարող են հեռանալ։ Կամ ինքնուրույն կարող են հեռանալ, մենք նրանց չենք խանգարի, կամ ռուս խաղաղապահների մեքենաներով կամ ավտոբուսներով։ Ճանապարհը բաց է», - ասել է բռնապետը։ «Արցախ» լրատվականի հետ զրույցում ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը նշում է՝ Ալիևն իր այս խոստովանությամբ ապացուցում է, որ Ադրբեջանի կազմում հայերի ոչ մի հավասար իրավունքների մասին խոսք գնալ չի կարող, հայկական կողմը պետք է անհապաաղ այս խոսքերն օգտագործի և ցույց տա միջազգային գործընկերներին։ 

«Ալիևը չթաքցրեց, որ իրենք են ուղղակի ղեկավարում այդ գործընթացը և շատ հետաքրքիր է, որ խոստովանեց, որ դրա նպատակը հայերի դուրս բերումն է։ Հենց այդ նպատակին էր ծառայում նրա ասածը, որ եթե չեք ուզում քաղաքացի լինել Ադրբեջանի՝ ճանապարհը միակողմանի բաց է։ Սա հենց այն է, ինչի մասին մենք մեկ ամիս է խոսում ենք, ներկայացնում ենք նաև միջազգային գործընկերներին։ Եվ ընդամենը պետք է Ալիևի բառերը թարգմանել և տալ միջազգային գործընկերներին՝ ի ապացույց մեր ասածների, որ այս ամբողջի նպատակը Արցախից հայերի դուրս բերումն է։ Եվ որևէ անվտանգություն, իրավունքներ, այդ թեմայով որևէ խոսակցություն լինել չի կարող»։ 

Ալիևի մյուս և ոչ պակաս ուշագրավ ինքնախոստովանությունը կապված է Սյունիքում այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» կեղծ օրակարգի հետ ։ Այն որ այդ մտացածին եզրույթն ամբողջովին կեղծ է՝ Ալիևը բարձրաձայնեց անձամբ․«Այո, նոյեմբերի 10-ի հայտարարության մեջ չկա «Զանգեզուրի միջանցք» հասկացություն, այն ես մտցրել եմ քաղաքական բառապաշար ավելի ուշ։ Սակայն այնտեղ նշված է, որ պետք է ապահովված լինի կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև»։ Ալիևն իր այս հայտարարությամբ, ըստ ադրբեջանագետի, փորձում էր բարձրացնել բոլորի աչքում իր անձի նշանակությունը՝ ցույց տալով, որ թեև նման տերմինաբանություն փաստաթղթում չկար, բայց ինքը թելադրում է իր ուզած օրակարգը։ 

«Իրականում Ալիևը երեկ ընդունեց, որ չկա նման տերմինաբանություն և դրա համար փորձում էր ինքն իրեն գովել, որ իր շնորհիվ է դա մտել օրակարգ և ուզում էր ցույց տալ, որ ինքը շարունակ օրակարգեր է ստեղծում իր խոսույթի միջոցով։ Դրա համար էլ շեշտեց այդ պահը։ Բայց այն կերպ, ինչպես ինքը ձևակերպեց, ևս մեկ անգամ ապացուցում է, որ իրենք, ըստ էության, նաև զավթողական նպատակներ ունեն»։ 

Ալիևը նաև գանգատվել է Հայաստանին նոր սպառազինության մատակարարման փաստից, Հայաստան գործուղված ԵՄ նոր առաքելությունից, ինչպես նաև Հայաստանի արտգործնախարարի՝ Մոսկվայի եռակողմ հանդիպման փոխարեն Պրահա գնալուց։ Հարևան երկրի նախագահն, ինչպես միշտ, վերջնագրեր է ներկայացրել Հայաստանին՝ հայտարարելով, թե 2023 թվականը հայկական կողմի վերջին հնարավորությունն է նրան լսելու և ճիշտ եզրակացություններ անելու համար։ Դժգոհ է՝ ինչո՞ւ ՀՀ-ն այդպես էլ մինչև 2022-ի տարեվերջ խաղաղության պայմանագիր չկնքեց իրենց հետ․ չէ՞ որ Ադրբեջանը, Ալիևի խոսքով, դրան սպասում էր։ Ըստ Ադրբեջանի ղեկավարի՝ իրենց այլև չի հետաքրքրելու Հայաստանի ցանկությունը խաղաղության պայմանագրի կնքման կամ սահմանների դելիմիտացիայի վերաբերյալ և այդ դեպքում սահմանը կանցնի այնտեղով, որտեղով իրենք կցանկանան։ 

«Սպառնալիքներով լի ասուլիս էր, որտեղ ցույց էր տալիս, որ իրավիճակը բավականին փակուղային էր, և իրենք կարող են գնալ հնարավոր ռազմական ճանապարհով։ Կարծում եմ Ադրեջանում լավ էլ գիտակցում են, որ ցանկացած պարագայում Հայաստանում կարող է իշխանություն, բացի դրանից կարող է որդեգրվել այլ քաղաքականություն, կարող ենք ունենալ ղեկավարություն, որը ճիշտ գնահատում է Ադրբեջանից եկող սպառնալիքներն և քայլեր ձեռնարկում դա կանխելու ուղղությամբ։ Երբեք պատահական չեմ համարում, որ Ալիևը տարբեր առիթներով խոսում է Նժդեհի մասին․ մեր հակառակորդները հաճախ մեր ուժը ավելի շատ են գիտակցում, քան ինքներս մենք։ Ուստի Ալիևը շտապում է, որպեսզի խնդիրները լուծի՝ հայաթափի Արցախը, հարցականի տակ դնի Սյունիքը և հայոց պետականությունն առհասարակ»։ 

Ալիևը չի մոռացել հիշեցնել, որ Հայաստանի Հանրապետության տարածքների նկատմամբ ադրբեջանցիների ցուցաբերած հավակնություններն այլևս պետական քաղաքականության ու ազգային նապտակի մաս են կազմելու։ Իհարկե, խոսելով խորհրդային շրջանում Հայաստանի տարածքում ապրած ադրբեջանցիների վերադարձի մասին, Ադրբեջանի նախագահը պիտի «մոռանար» Բաքվից, Սումգայիթից, օկուպացված Գետաշենից ու Մարաղայից բռնի տեղահանված կես միլիոնի հասնող հայերի մասին, որոնց վերադարձի իրավունքի կամ կորցրած ունեցվածքի մասին հարևան երկրում սիրում են լռել։ Սակայն այս մասին՝ մեր հաջորդ թողարկումներում։

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ