Արցախն իրեն հասու բոլոր հնարավոր միջոցներով փորձում է աշխարհի ուշադրությունը հրավիրել առ այն, որ այստեղ 120 հազար մարդ, այդ թվում և 30 հազար երեխա հումանտար ճգնաժամի մեջ են, որ զրկված են կենսական տարրական պայմաններից, դեղորայքից ու սնունդից, և ոտնահարվում են նրանց իրավունքերը։ Կան 1000-ավոր կիսված ընտանիքներ, Հայաստանի Հանրապետությունում ու Արցախում, մարդիկ, որոնք գործի, բուժման կամ այլ նպատակով մեկնել են Հայասատան կամ Արցախ, իսկ հիմա տուն դառնալու հնարավորություն չունեն։ Մեկ ամիս շարունակ Արցախն աղաղակում է, բայց աշխարհը համարժեք պատասխան չի տալիս։ Ավելին, Ադրբեջանի ղեկավարությունն օրեցօր կոշտացնում է հռետորաբանությունը, փաստացի հայտնելով իր՝ Արցախի էթնիկ զտման քաղաքականությունն անարգել առաջ մղելու մասին։ Այդ նպատակով այսօր կազմակերպվեց տեսակամուրջ Ստեփանակերտի ու Երևանի միջև, որին մասնակցեցին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Գյուղնախարարար Հրանտ Սաֆարյանը, ԱԺ պատգամավոր Էլեանորա Ավանեսյանն ու Հանրապետական բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Մհեր Մուսայելյանը Ստեփանակերտից, և ԱԳՆ նորանշանակ նախարար Սերգեյ Ղազարյանը, ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը, ԱՀ պետնախարարի խորհդականներ Արտակ Բեգլարյանն ու Մեսրոպ Առաքելյանը Երևանից։ Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը մարդու իրավունքների համակարգային խախտման փաստերն է ներկայացնում։
«Կարող ենք փաստել, որ գործ ունենք մարդու իրավունքների լայնածավալ, հետևողականորեն իրականացվող և համակարգային խախտումների հետ, ինչը միջազգային իրավունքի լեզվով ասած կոչվում է հանցագործություն մարդկության դեմ։ Սա հանցագործություն է, և փաստերն ավելի քան խոսուն են․ Ադրբեջանը ամենաբարձր մակարդակով իրականացնում է էթնիկ զտման քաղաքականություն»։
Բանախոսներին հարցադրումներ կատարելու հնարավորություն են ունեցել ՀՀ, միջազգային ու արցախցի լրագրողները։ Երևանից տեսակամուրջը վարում էր Աննա Իսրայելյանը, Ստեփանակերտից՝ Էրիկ Անթառանյանը։ Բանախոսները ներկայացրել են ստեղծված իրավիճակը։ Հրանտ Սաֆարյանը՝ պարենի մասով։
«Պետության կողմից հսկայական ջանքեր են գործադրում, որպեսզի խուսափենք հումանիտար աղետից։ Ցավոք իրավիճակը բարդանում է, քանի որ կա բոլոր տեսակի ապրանքների պակաս, որոշ ապրանքներ առհասարակ չկա։ Վաղուց փակվել են միրգ-բանջարեղենի խանութները։»
Արցախում իրավիճակը գնալով լրջանում է, բայց իշխանությունները հայտարարել են պայքարը շարունակելու և սեփական հողում ապրելու իրենց իրավունքը պաշտպանելու քաղաքականության մասին։ Ճգնաժամը հումանիտար է, բայց այն քաղաքական նպատակներով է արվում․ պետնախարար Ռուբեն Վարդանյանը կոչ է անում հայությանը համախմբվել, օգտագործել ամբողջ ներուժը, այդ պայքարում հաղթանակ արձանագրելու համար։ Ինչպես Արցախ տեղափոխվելու առաջին օրերին, այսօր էլ նա Արցախը համարում է հայոց Սարդարապատը, և կարծում է, որ բոլոր շահերից վեր պիտի լինի Արցախի փրկությունը, որով վճռվում է ամբողջ հայության ճակատագիրը։
«Անտարբեր մի եղեք բոլորդ։ Թերություններ մի գտեք, մի բաժանվեք մասերի, փորձեք յուրաքանչյուրդ անել ձեզանից կախվածը, որպեսզի Ադրբեջանի պլանները չիրականանան։ Մեր նպատակը նույնը պիտի լինի՝ պահպանել Արցախը, այն, ինչ օգնում է այդ նպատակին, այդ հարցին, դա արեք, միասին։ Ինչ տեսնում եք, որ խանգարում է, մի արեք։Այն մարդիկ, որ չեն հասկանում, որ անձնական, կուսակցական շահից վեր պիտի լինի Արցախի հարցի լուծումը, դավաճաններ են»։
Հարցերը շատ էին, տեսակամուրջի ժամանակը՝ սահմանափակ։ Բոլոր հարցերը չհնչեցին։ Բայց «հասկանալով, որ այստեղից է պետք սկսել և շարունակել պայքարը, և պետք է կանգնել արցախցու կողմիքն», համոզված է նաև Արցախում «շրջափակված» Էրիկ Անթառանյանը, ով տեսակամուրջը դիտողներին կոչ է անում Արցախից եկող ազդակները ու դրական լիցքերը ցրել ամբողջ աշխարհով։