Նոյեմբերի 23, 2024

Հաագա. արդյունքների սպասումով

By Սրբուհի Վանյան Փետրվարի 01, 2023
Արդարացվա՞ծ են, արդյոք, հայկական կողմի սպասելիքները: «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» կազմակերպության իրավական հարցերով փորձագետ Հասմիկ Հարությունյանն ասում է, որ չնայած ուշացած, բայց միջազգային մակարդակում նկատելի է Լաչինի միջանցքի հարցով որոշակի ակտիվություն և հարցի քննարկում, ինչի օրինակներից է հենց ԵԽԽՎ նստաշրջանում հարցի քննարկումը։ Դրան զուգահեռ.
 
 «Առանձնակի կարևորություն ունի ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարանում Լաչինի միջանցքի հարցով միջանկյալ միջոցի քննարկումը։ Հիշեցնեմ, որ հունվարի 30-ին Արդարադատության միջազգային դատարանում տեղի ունեցող լսումները Հայաստանի կողմից Ադրբեջանի դեմ ԱՄԴ-ում ներկայացված միջանկյալ միջոցի շրջանակներում է, ինչը Հայաստանի կողմից դատարանին ներկայացվել էր դեռևս 2022 թվականի դեկտեմբերի վերջին։ Նշեմ նաև, որ հիմնական դատական գործը և այս միջանկյալ միջոցի լսումները տեղի են ունենում «Ռասսայական խտրականության բոլոր ձևերի վերացման» կոնվենցիայի ներքո»։
 
 Հասմիկ Հարությունյանը պարզաբանում է, որ նման պարագայում Հայաստանի պահանջները և հնարավոր ելքերը միայն այս կոնվենցիայի շրջանակում են։ Միջանկյալ միջոցի գանգատով Հայաստանը պահանջում է Լաչինի միջանցքի երկկողմանի բացում,  անձանց և մեքենաների, ներառյալ՝ բեռնատար, անխոչընդոտ տեղաշարժի ապահովում։ «ԻՊԱՍ» փորձագետը շեշտում է՝ Հայաստանի կողմից հնչած ելույթները և խնդրի ու փաստարկների ներկայացումը առավել քան հաջողված էին, իսկ թե ինչպիսին կլինի միջանկյալ միջոցի քննարկման արդյունքում կայացվող որոշումը, դժվար է կանխատեսել։ Սակայն կան ողջամիտ ակնկալիքներ, որ հայկական կողմը կարող է հասնել հաջողության։ Հաջողությունը, միանշանակ, դրական ազդեցություն կարող է ունենալ նաև  բանակցային և քաղաքական ընթացիկ գործընթացներում։ Ներկայումս ընթացող դատական գործընթացները, ինչպես Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, այնպես էլ Արդարադատության միջազգային դատարանում, անչափ կարևոր են ԼՂ էթնիկ հայերի իրավունքների պաշտպանության համար՝ համոզված է զրուցակիցս, ինչպես նաև իրավական ու դատական գործիքակազմերով հարցի միջազգայնացման համար։ Այդ տեսակետից ԱՄԴ ընթացող գործը կարևոր արձանագրումների կարող է հասցնել, այդ թվում և այն, որ հայերի իրավունքները  շարունակաբար կոպտորեն խախտվում են, որի հիմքում հենց էթնիկ պատկանելիության հարցն է։ Նման հնարավոր արդյունքը հետագայում չի կարող չազդել կոնֆլիկտի լուծումների վրա՝ ասում է։ 
 
«Այդ գործընթացները, ճիշտ է, ուղիղ չեն կարող ազդել հարցի լուծման վրա, սակայն կարևոր նախադրյալ կստեղծեն արցախահայերի իրավունքների պաշտպանության և հետագա հնարավոր լուծումների համար»։ 
 
Այս առումով, կարևոր է արձանագրել, որ Արցախի հիմնախնդրի շուրջ միջազգային պայքարի ռեսուրսները սպառված չեն, և պետք է ակտիվորեն օգտագործել դրանք։ 
 
«Հակառակը՝ կան բավականաչափ ռեսուրսներ, որոնք մշտապես պետք է ակտիվ օգտագործել, քանի որ այդ ռեսուրսների օգտագործման արդյունքում արձանագրված ցանկացած հաջողություն՝ և՛ կարճաժամկետ, և՛ երկարաժամկետ կտրվածքով, կարող է հարցի լուծման համար շատ կարևոր հիմքեր ստեղծի և նպաստի մեր շահերին ծառայող որոշումների կայացմանը»։ 
 
Ինչ վճիռ կհապարակի ՄԱԿ Արդարադատության դատարանը Հայաստանի ու Ադրբեջանի՝ ընդդեմ միմյանց ներկայացված հայցադիմումների վերաբերյալ՝ անհայտ է դեռևս։ Ակնհայտ է մի բան. միջազգային հանրությունը պիտի ընկալի, որ Ադրբեջան պետության վարքագիծը էթնիկ զտման քաղաքականության վառ դրսևորում է ու սպառնալիք տարածաշրջանում երկարատև խաղաղության համար։ Հայաստանը  դիվանագիտական բոլոր խողովակներով պիտի կարողանա տեղ հասցնել այս ճշմարտությունը և հիմնավորել այն։
 
 
Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ