Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանն ավարտել է Ադրբեջանի հետ խաղաղության և հարաբերությունների հաստատման պայմանագրի նախագծի հերթական փուլի աշխատանքները և առաջարկները փոխանցել ադրբեջանական կողմին ու ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրների համանախագահողներին: ՀՀ վարչապետը հույս է հայտնել, որ արդեն «3 փուլ անցած բանակցություններում նկատված առաջընթացը հնարավոր կլինի զարգացնել»։ Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Նիկոլ Փաշինյանի հույսերի իրականացման համար բավարար հիմքեր չի տեսնում։
«Երբ հայկական կղմը առաջարկներ է ներկայացնում, դա դեռ չի նշանակում, որ դրանք ամբողջովին կամ գոնե մասնակի ընդունելի կլինեն Բաքվի կողմից։ Արդեն տևական շրջան է, ինչ այդ փաստաթղթերը փոխանակվում են»։
Հայկական ու ադրբեջանական կողմերի միջև այդ պայմանագրի շուրջ կան տարաձայնություններ, և հիմնական տարաձայնությունը ղարաբաղյան խնդրին է առնչվում։ Բաքուն կարծում է, որ այդ խնդիրը լուծել-վերջացրել է, հայկական կողմը պնդում է, որ միջազգային ինչ-որ մեխանիզմներ պիտի գործարկվեն՝ երաշխավորելու Արցախի ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունը։ Ալիևի հռետորաբանությունից դատելով, այդ հակասությունները վերացած չեն։ Բայց դա երկարաժամկետ խաղաղության միակ խոչընդոտը չէ․
«Խնդիրը ոչ միայն հայ-ադրբեջանական հակասություններն են, դա հնարավոր կլիներ հաղթահարել, եթե մենք գործ ունենայինք միջազգային կոնսոլիդացմած մոտեցման ու ճնշման հետ, բայց ամբողջ խնդիրն այն է, որ տեսնում ենք աշխարհաքաղաքական կենտրոնների բախում տարածաշրջանում, և ոչ թե միասնական աշխատանք»։
«Հետևաբար, չի ուրվագծվում միջազգային երաշխավորների այն ինստիտուտը, որը կարող է նպաստել խաղաղության օրակարգի սպասարկմանը»,-ասում է քաղաքագետը, իսկ առանց միջազգային երաշխիքների հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրումը դժվար պատկերացնելի ու մշուշոտ հեռանկար է։ Ավելին՝
«Որևէ պայմանգիր չի էլ կարող աշխատել, որովհետև ինքնին հասկանալի է, որ Հայաստանը անվտանգության երաշխիքներ ստանալու է հենց երաշխավոր երկրներից»։
Սուրեն Սուրենյանցը տարակուսանքով է խոսում Փաշինյանի գնահատականների մասին, որ Ադրբեջանը ցեղասպան քաղաքականություն է իրականացնում Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայության նկատմամբ՝ ապօրինաբար և մտացածին բնապահպանական մոտիվներով շրջափակելով Արցախը և ստեղծելով ճգնաժամ բոլոր ոլորտներում։
«Ես չեմ հասկանում, ի՞նչ նպատակ ունի ամեն հինգշաբթի երկու ամիս շարունակ ավելի ու ավելի պերճախոս տերմիններով նկարագրել մի վիճակ, թե Ալիևը ինչ պլաններ ունի Արցախի էթնիկ հայության նկատմամբ, ինչ անում է Վարչապետը։ Սա մի քիչ արտառոց երևույթ է․ դրա մասին կարող են խոսել փորձագետները, իսկ երկրի ղեկավարը նման չարագուշակ կանխատեսումների փոխարեն պիտի բանակցի՝ իրավիճակը շտկելու համար»։
Հակառակ դրա, ըստ քաղաքագետի, պետք է ակտիվ բանակցել և վերականգնել խաթարված պայմանավորվածությունը։
«Փաստացի Հայաստանը նոյեմբերի 9-ի փաստաթղթի երեք կողմերից մեկն է, իսկ այդ փաստաթուղթը այլևս խաթարված է։ Հետևաբար Հայաստանը նվազագույնը պետք է ձգտի նոյեմբերի 9-ի փաստաթղթով ամրագրված ստատուս քվոն, որն ի դեպ, էլի հայամետ չէր, վերականգնի։ Ո՞ւմ հետ է դա փորձելու անել Հայաստանը։ Նա ճիշտ կանի, որ ակտիվ բանակցային վարքագիծ ցուցաբերի»։
Այս իրավիճակից քաղաքագետը երեք ելք է տեսնում. առաջինն Ադրբեջանի օրակարգի իրականացումն է, ինչը նշանակում է արցախահայության էթնիկ զտում, երկրորդը միջազգային ճնշումներն են Ադրբեջանի նկատմամբ, ընդհուպ մինչև պատժամիջոցների կիրառում, իսկ երրորդ ճանապարհը բանակցություններն են։
«Նույնիսկ պատժամիջոցի հեռանկար չկա։ Ավելին, Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատու Բորելն ուղիղ տեքստով ասեց, որ նման օրակարգ ընդհանրապես գոյություն չունի։»
Լաչինի միջանցքի վերաբացում, Սուրենյանցի խոսքով, լինելու է, բայց, քաղաքագետի կանխատեսումները լավատեսական չեն․ իմ կանխատեսումներով այն նախկին ռեժիմը չի ունենա, ասում է, միտումները տանում են նրան, որ այնտեղ ադրբեջանական ինչ որ ներկայություն լինելու է։ Եվ ինչքան ուշ Հայաստանը ակտիվ բանակցային կեցվածք որդեգրի, այնքան Ադրբեջանի պարտադրած նոր ստատուս քվոն հաստատուն է դառնալու։ Չի կարելի հույս դնել այն բանի վրա, որ միջազգային ինչ֊որ կառույց կամ պետություն կարող է հանդես գալ քո պետության շահերի համար։ Այդ ամենը հստակ երևում է նույն միջազգային հանրույթի մաս կազմող պետությունների ու Ադրբեջանի միջև համագործակցության պայմանագրերից, որ կնքվել են այս ընթացքում։ Լաչինի միջանցքում հումանիտար խնդիրների ու շահերի բախում է։ Լեռնային Ղարաբաղի սուբյեկտայնությունն 2020 թվականի պատերազմից հետո ընկել է, ցավոք։ Եվ Հայաստանը, Սուրեն Սուրենյանցի կարծիքով , պատասխանատվությունը Ստեփանակերտի վտիտ ուսերին գցելու իրավունք չունի։