Ի նշան երախտագիտության` Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կազմակերպվել է ակցիա, որի մասնակիցները հրապարակ են եկել Ֆրանսիայի դրոշներով՝ այսպիսով շնորհակալություն հայտնելով Արցախի ժողովրդին աջակցության համար: «Արցախ» լրատվականի հետ զրույցում` կազմկերպիչներից Նինա Շահվերդյանն է պատմել ակցիայի մասին:
«Մենք շատ ուրախ էինք և ոգևորված այն փաստով, որ Փարիզի քաղաքապետը գալիս է Արցախ և փորձում է հումանիտար բեռ հասցնել: Մեզ համար կարևոր է, որ դրսում նույնպես մտածում են Արցախի մասին և առավել կարևոր է, որ ոչ միայն խոսում են, այլև քայլեր են ձառնարկում: Մենք ցանկացանք այսպիսով շնորհակալություն հայտնել Ֆրանսիային ու պատվիրակության անդամներին: Սա ցույց է տալիս, որ Արցախում, իրոք, գնահատում են բոլորի մտահոգություններն ու օգնությունը: Մենք պատրաստ ենք ավելին անել լսելի դարձնելու մեր խնդիրներն ու բարձրաձայնելու մեր առօրյա մտահոգությունները»:
Այն, որ Ադրբեջանը թույլ չի տա ոչ Փարիզի քաղաքապետի, ոչ էլ հումանիտար օգնության մուտքն Արցախ, սպասելի էր, բայց հուսով ենք, որ սա նոր գործընթացների սկիզբ կդառնա՝ ասում է ակցիայի մասնակից Արմինե Հայրապետյանը:
«Այսօր, Վերածննդի հրապարակից ուզում ենք շնորհակալություն հայտնել Ֆրանսիային, Փարիզի քաղաքապետին ու ամբողջ պատվիրակությանը, ովքեր արդեն իրենց հստակ քաղաքական գնահատականն են տվել այս շրջափակմանը: Փարիզի քաղաքապետը նշել է, որ սա էթնիկ զտում է, Արցախի ժողովուրդը հիմա բանտում է: Պատվիրակության անդմաներն էլ Ալիևին անվանել են ագրեսոր և նշել, որ նա պետք է պատասխանատվություն կրի այս ամենի համար: Նաև ուզում ենք վերահաստատել, որ բացի «Լաչինի միջանցք» միջազգային անունը կրող միջանցքից, որևէ այլ տարբերակ չենք ընդունում՝ մանավանդ Ակնայի ճանապարհը»:
Վերածննդի հրապարակից հետո, ակցիան շարունակվելու է նաև Ազատամարտիկների պուրակում: Այնուհետև մասնակիցները կշարժվեն դեպի Ֆրանկոֆոնիայի կենտրոն, որտեղ կբարձրացվի Ֆրանսիայի դրոշը: