Հայաստանում բնական գազի սակագների փոփոխությունը Արցախում նույնպես սակագների փոփոխության անհրաժեշտություն է առաջացրել։ «Արցախգազ» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին վաճառվող բնական գազի նոր սակագներ սահմանելու հայտ է ներկայացրել։ Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը հայտը բավարարել է՝ սահմանելով բնական գազի նոր սակագները: Խոսելով հայտի անհրաժեշտության մասին՝ հանձնաժողովի աշխատակազմի ներկայացուցիչ Աննա Առաքելյանն ասում է․
«Պետք է նշեմ, որ սա կապված է Հայաստանում գազի սակագների բարձրացման հետ։ Ամսական մինչև 10 000խ/մ վաճառվող բնական գազի համար` 143 700 դրամ/հազար խ/մ. աճը կազմում է 4.7 դրամ 1 խ/մ համար կամ 3.4%։ 10 000 խ/մ-ն գերազանցող բնական գազի համար սահմանվել է 265.81 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ։ Սպառված յուրաքանչյուր հազար մետր խորանարդ բնական գազի համար աճը կազմում է 3.9%»։
Գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող ջերմոցային տնտեսություններին վաճառվող բնական գազի համար նույնպես նոր սակագներ են սահմանվել։ «Նոյեմբերի 1-ից մինչև մարտի 31-ն ընկած ժամանակահատվածի համար սահմանվել է հետևյալ սակագները․ 233.9 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ` սպառված յուրաքանչյուր հազար մետր խորանարդ բնական գազի համար աճը կազմում է 4.4%, ապրիլի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը ներառյալ ժամանակահատվածի համար՝ ամսական մինչև 10 000մ/խ բնական գազի համար՝ 143 700 դրամ/հազար մետր խորանարդ. աճը կազմում է 4.7 դրամ 1 խ/մ համար կամ 3.4%, ապրիլի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը ներառյալ ժամանակահատվածի համար՝ ամսական 10 000 խորանարդ մետրը գերազանցող բնական գազի համար՝ 265.81 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ»։
Գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող վերամշակող կազմակերպություններին վաճառվող բնական գազի սակագինը` 233.9 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ` սպառված յուրաքանչյուր հազար խ/մ բնական գազի համար սահմանված աճը կազմում է 4.4%: Սահմանված սակագներն ուժի մեջ են մտնելու 2022 թվականի մայիսի 16-ից: