Նոյեմբերի 24, 2024

Գյուղոլորտ․ նոր մարտահրավերներ

By Սրբուհի Վանյան Ապրիլի 20, 2022
Գյուղոլորտ․ նոր մարտահրավերներ Արցախի հանրային ռադիո

Արցախի Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամը որոշակիորեն վերանայել է իր ծրագրերը: Պատճառը՝ պատերազմի հետևանքով գյուղատնտեսական նշանակության հողերի և արոտավայրերի զգալի մասի կորուստն է: Հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Սևակ Հարությունյանի խոսքով՝ գյուղական բնակավայրերի կորուստը առիթ չէր կարող լինել՝ կասեցնելու աջակցման ծրագրերը։ Ընդհակառակը՝ անհրաժեշտություն է առաջացել կատարելագործել դրանք, մշակել նոր մեխանիզմներ՝ առավել լավ արդյունք ստանալու համար։

«Ինչպես մեր, այնպես էլ Գյուղնախարարության կողմից հողի բալանսի կրճատման հետ կապված ուշադրություն է դարձվում ջերմոցային տնտեսությունների, ինտենսիվ գյուղատնտեսության զարգացմանը։ Արոտավայրերի սակավության պատճառով պետք է անցում կատարենք անասունների փակ պահվածքին, անցնենք գերժամանակակից կերային բազայի ձևավորմանը։ Դա գիդրոպոնիկ եղանակն է, որը թանկ հաճույք է, բայց փոքր ֆերմաների պարագայում տեղային խնդիրները լուծում է»։

Արոտավայրերի սղությունը միակ խնդիրը չէ, որին բախվում են ֆերմերները։ Անասունները, սովորության համաձայն, արոտի են գնում գյուղամերձ տարածքներ, որոնք, սակայն, թշնամու վերահսկողության տակ են հիմա։ Փակ պահվածքին և ժամանակակից տեխնոլոգիաներին անցումն այս խնդրի կարգավորմանն էլ կնպաստի։

«Պատերազմից հետո ունենք դեպքեր, երբ հիմնադրամի կողմից ֆինանսավորված աջակցության շրջանակում ձեռք բերված անասուններն անցնում են թշնամու վերահսկողության տարածք։ Սա նշանակում է, որ այլ մեթոդներ էլ պիտի կիրառենք, որպեսզի ծրագիրն արդյունավետ լինի։ Նոր մեխանիզմներ պիտի կիրառվեն վնասի փոխհատուցման համար»:

Հիմնադրամը ծրագրի շահառու դառնալու համար հողօգտագործողներից արդեն իսկ հայտեր է ընդունել։ Աշնանացանի և գարնանացանի աշխատանքների աջակցման առաջնահերթությունը տրվել է տեղահանված ընտանիքներին։ 3 հազ․443 հա -ի հաշվարկով՝ 2 մլն 695 հազ-կգ աշնանացան մշակաբույսերի բարձրակարգ սերմացու է տրամադրվել։

«2022 թվականից հիմնադրամը սկսել է անհատույց տրամադրել ԱՀ տարածքում կատարվող աշնանացանի պարարտացման համար ազոտական պարարտանյութ։ Ընդհանրապես, մասնագետները լավ արդյունք են կանխատեսում և՛ աշնանացանի, և՛ գարնանացանի համար»։

Սևակ Հարությունյանն ասում է՝ ներկայումս հիմնադրամում հողի մշակի աշխատանքի հանդեպ մոտեցումներն են կարծես փոխվել։ Չնայած խնդիրներին՝ փորձում են օպերատիվ արձագանքել նրանց պահանջներին, աջակցման առաջնահերթությունը տալիս են փոքր ֆերմերներին՝ զբաղվածության հարցը լուծելու համար։ «Պիտի մշակվի Արցախի ամեն հողակտորը »,-ասում է մեր զրուցակիցը։

«Փոքր ֆերմերներին ավելի շատ պիտի ուշադրություն դարձնենք, քանի որ նրանց մեջ տեղահանվածները շատ են, և զբաղվածության խնդիր պիտի լուծենք։ Տեղահանվելուց հետո վարձակալությամբ ձեռք բերված տնամերձերում նրանք հարմարություններ են ստեղծում՝ եթե դրանք չկան, և հիմնադրամի վերահսկողությամբ այնտեղ կիրառում աջակցության ծրագիրը»։

2022 թվականի ապրիլ ամսվա դրությամբ՝ 457 մլն դրամի չափով միայն անասնապահության մասով է պայմանագիր կնքվել։ Ֆինանսավորումը կատարվում է փուլային տարբերակով. պայմանագրերի դեռ մի փոքր մասն է  ֆինանսավորում ստացել:   Այս տարի 240 հայտ են ընդունել։ Բոլորըբ տեղահանված քաղաքացիներ են։ Նրանց մեջ շատ են խոզաբուծությամբ, մեղվաբուծությամբ զբաղվելու ցանկություն ունեցողները։ Հայտեր ունենք նաև ջերմոցային տնտեսություն հիմնադրելու մասին, բայց, ընդհանուր առմամբ, հողագործության հետ կապված մտավախություններ կան բնակչության շրջանում՝ ասում է զրուցակիցս։

Լիզինգային ծրագրերը սառեցված են՝ պայմանավորված ընդհանուր հաշվեկշիռն ի մի բերելու հետ։ Լիզինգային ծրագրերում, ասում է հիմնադրամի փոխտնօրենը, դեռ չպարզված հանգամանքներ կան։

Արցախի հանրային ռադիո
Last modified on Հինգշաբթի, 21 Ապրիլի 2022 09:58
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ