Նոյեմբերի 24, 2024

Էլեկտրաէներգիայի սակագները փոխվում են

By Վիկտորյա Սարգսյան Օգոստոսի 01, 2022

Օգոստոսի 1-ից բնակչության կողմից սպառվող էլեկտրաէներգիայի ծախսերի որոշ մասի սուբսիդավորումը կիրականացվի նոր կարգով: Ըստ փոփոխությունների՝ սուբսիդավորումը կիրականացվի էլեկտրաէներգիայի գործող սակագների և 25 դրամի տարբերության չափով, սակայն մեկ բնակիչ բաժանորդի համար սահմանվել է շեմ ՝ տարեկան ոչ ավելի, քան 3250 կիլովատ Ժամ: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության աշխատակազմի էներգետիկայի բաժնի պետ Արմեն Մեժլումյանը մանրամասնում է  փոփոխությունները։

«Ընդ որում՝ մայիս, հունիս, հուլիս, օգոստոս և սեպտեմբեր ամիսների համար՝ մինչև 150 կՎտԺ ներառյալ: Ապրիլ և հոկտեմբեր ամիսների համար՝ մինչև 250 կՎտԺ ներառյալ: Նոյեմբեր, դեկտեմբեր, հունվար, փետրվար և մարտ ամիսների համար՝ մինչև 400 կՎտԺ ներառյալ»:

Հիմք ընդունելով չգազաֆիկացված բնակավայրերում բնակվող բնակիչ բաժանորդների համար գործող արևային ջրատաքացուցիչների ձեռքբերման և տեղադրման աջակցության ծրագիրը, որոշումը սահմանված է բոլոր համայնքների համար: Նախկինում գազաֆիկացված համայնքներում սուբսիդավորումն իրականացվում էր գործող սակագների 25 դրամի, իսկ չգազաֆիկացված համայնքներում ՝ 15 դրամի տարբերությամբ: Արմեն Մեժլումյանի խոսքով՝ որոշումն ընդունվել է էլեկտրաէներգիայի սպառման տարեկան վիճակագրությունն ուսումնասիրելուց հետո: Փոփոխության հիմնական նպատակն  է, որ  սուբսիդիայից օգտվելու համար ստեղծվեն համահավասար պայմաններ:

« Արդյունքում բնակչությանը հնարավորություն կընձեռվի սուբսիդավորման ընթացակարգից օգտվել հավասար պայմաններով, որը կլինի ավելի թափանցիկ և պարզ: Համապատասխան հաշվետու ամսում, որոշմամբ մինչև սահմանված շեմը էլեկտրաէներգիայի սպառման դեպքում, բնակիչ-բաժանորդը վճարում է 1 կՎտժ-ի դիմաց 25 ՀՀ դրամ: Իսկ ավելացված շեմի դեպքում ՝ 1 կՎտժ-ի դիմաց ցերեկային ժամանակահատվածի համար՝ 49 ՀՀ դրամ, իսկ գիշերային՝ 44 ՀՀ դրամ»:

Բնակչության կողմից սպառվող էլեկտրաէներգիայի ծախսերի որոշ մասի սուբսիդավորումն իրականացվում է 2014 թվականից: Սուբսիդավորման քաղաքականության սկզբունքն է թեթևացնել սոցիալապես անապահով ընտանիքների բեռը:

Արցախի հանրային ռադիո
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ