Տոնավաճառի նախապատրաստական աշխատանքներն արդեն ավարտված են․ տաղավարները տեղում են։ Բոլոր հնարավոր և անհնար միջոցներով փորձել ենք հասարակությանը տեղյակ պահել աշխատանքային տոնավաճառի մասին՝ ասում է Սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարի տեղակալ Արամ Վերդյանը։
«Մենք ԶԼՄ-ների միջոցով տեղեկացրել ենք հասարակությանը։ 12 շաբաթից ավել է տարբեր տիրույթներում, Արցախի հանրային հեռուստառադիոընկերության միջոցով տեղեկացնում ենք, ինչպես նաև Ֆեյսբուք սոցիալական ցանցի միջոցով։ Ստեփանակերտում տեղադրել ենք պաստառներ և գովազդային ցուցանակներ։ Բացի դրանից, երեկ բոլոր քաղաքացիներին sms հաղորդագրություն ենք ուղարկել»։
Աշխատանքի տոնավաճառի նպատակն է գործատուի և աշխատանք փնտրողի անմիջական հաղորդակցումը, որի միջոցով լուծվելու են աշխատանք փնտրողի զբաղվածության և գործատուի մոտ առկա թափուր աշխատատեղերի արդյունավետ համալրման խնդիրները: Տոնավաճառի մասնակից գործատուներն Արցախից են, բոլորը գրանցված են պետական ռեգիստրում։
«Տոնավաճառին մասնակցում են 12 գործատու՝ 1555 թափուր հաստիքներով։ Աշխատանքի տոնավաճառում ներկայացված կլինեն շուրջ 216 մասնագիտություն։ Մասնագիտությունները պահանջում են ինչպես բարձր մասնագիտական որակավորում, այնպես էլ միջին և ցածր։ Մուտքն ազատ է, և մենք չենք գրանցել մասնակցել ցանկացողներին, միայն գործատուներն են գրանցվում»։
Արամ Վերդյանը ներկայացնում է, թե տոնավաճառի մասնակիցներն ինչ պետք է անեն վաղը, որպեսզի հասարակությունն ավելի լավ պատկերացնի թե ինչ է կատարվելու տոնավաճառի հրապարակում։
«Աշխատանքի տոնավաճառի մուտքում լինելու են թափուր հաստիքների վահանակներ, որտեղ գրված են լինելու գործատուների անվանումները, թափուր հաստիքները և տաղավարի համարը։ Քաղաքացին ծանոթանալու է և գտնելու է իրեն հարմար գործատուին։ Արդեն տաղավարներում լինելու են սեղանի վահանակներ, որտեղ գրված է լինելու կազմակերպության անունը, լոգոտիպը։ Տաղավարում ստեղծված են մինիմալ պայմանները, որպեսզի գործատուն և աշխատանք փնտրողը կարողանան բանակցել և գտնել ոսկե միջինը»։
Առաջարկվող աշխատանքների ոլորտները տարբեր են․ կրթություն, ՏՏ ոլորտ, հեռահաղորդակցություն, ֆինանսական ոլորտ, էներգետիկա, արտադրության ոլորտ, շինարարություն, հանքաարդյունաբերություն, առողջապահություն, տրանսպորտ, հյուրանոցային բիզնես, սպասարկում, առևտուր, հանրային սննդի կազմակերպման ոլորտ։ Աշխատանքի տոնավաճառի կազմակերպիչները նպատակ ունեն նաև կյանքի կոչել նախարարության զբաղվածության ծրագրերը։ Դրանք Սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության աշխատակազմի աշխատանքի և զբաղվածության բաժնի պետ Համլետ Պետրոսյանն է ներկայացնում։
«1-ին՝ աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին աշխատավարձի մասնակի փոխհատուցման տրամադրում, 2-րդ՝ գործազուրկների և աշխատանքից ազատման ռիսկ ունեցող մարդկանց մասնագիտական ուսուցման կազմակերպում, 3-րդ՝ ձեռք բերված մասնագիտությամբ աշխատանքային փորձ ձեռք բերելու համար գործազուրկների աջակցության տրամադրում, 4-րդ՝ աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման դեպքում գործատուի միանվագ փոխհատուցման տրամադրում , 5-րդ՝ վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովում»։
Նշված բոլոր ծրագրերը ներկայացվելու են գործատուներին, ինչպես նաև բուկլետների տեսքով բաժանվելու են աշխատանքի տոնավաճառի մասնակիցներին։