12 օր շարունակ արտաքին աշխարհից կտրված արցախցին ոչ միայն շարունակում է ապրել ու արարել, այլև ձգտում ստեղծել մնայուն արժեքներ։ Տոտալ շրջափակման մեջ գտնվող երկրում իրենց անխափան գործունեությունն են շարունակում արվեստի տարբեր կենտրոններ, երաժշտական դպրոցներ, թանգարաններ։ Կոմիտասի անվան երաժշտական դպրոցում արտակարգ իրավիճակներում աշխատելուն արդեն սովոր են՝ փոքրիկների հետ միասին վերապրել են համավարակը, պատերազմը, այս տարվա մարտին գազի անջատումը, արդեն նաև՝ Արցախի տոտալ շրջափակումը։ Պատերազմից հետո նույն շենքում են տեղավորվել ու շարունակում ստեղծագործել նաև Հադրութի արվեստի դպրոցը, Շուշիի Գյուրջյան կիրառական արվեստի ինստիտուտը։ Նույն շենքում է գործում նաև «Արցախի ձայներ» հանրահայտ երգչախումբը։ Շրջափակման բոլոր 12 օրերին, երբ Արցախի շուրջ օղակը սեղմող հարևան երկրում հույս ունեին, թե այստեղ կյանքը պիտի կանգ առներ, այս շենքում կյանքը շարունակում է «եռալ» ՝ բոլորն իրենց տեղում են. ստեղծագործում են, արարում ու հիշեցնում՝ Արցախն ապրում է։ Տեղում չեն միայն 9 հոգի՝ Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի արգելափակման պատճառով բլոկադայի մյուս կողմում մնացած 9 աշակերտները։ Դպրոցի տնօրեն Զարինե Բաբայանը «Արցախ» լրատվականի հետ զրույցում նշում է, որ փոքրիկների հետ մշտական կապի մեջ են, փաստում են՝ երեխաների համար կեցության լավ պայմաններ են տրամադրվել, սակայն միևնույնն է՝ հայրենիքից հեռու ոչնչի մասին չեն երազում, բացի տունդարձի ճանապարհի ապաշրջափակումից։
«Երեխաները փոքր են և, գտնվելով հայրենիքից հեռու, ինչքան էլ կեցության լավ պայմաններ ապահովվեն՝ միևնույնն է, կարոտում են ծնողներին, ընկերներին, իրենց տունը։ Հուսով ենք, որ երեխաները Նոր տարին կանցկացնեն Արցախում՝ ընտանեկան ջերմ միջավայրում»։
Չնայած ստեղծված իրավիճակին՝ տարեվերջյան համերգը դպրոցը չի չեղարկում. ազատ տեղաշարժի ու մի շարք այլ հիմնարար իրավունքներից զրկված արցախցի փոքրիկները ամանորյա հրաշքի իրենց իրավունքից էլ չպիտի զրկվեն։
«Անգամ այս դժվարին իրավիճակում դպրոցը շարունակում է իր գործունեությունը, որի վառ ապացույցն է վաղվա ամանորյա միջոցառումը»։
Անժամկետ չեղարկվել է դպրոցի կազմակերպած «Ռոմանսի երեկոն», որին երկար են պատրաստվել։ Տեղի չունեցավ նաև «Մեղեդի» համահայկական մրցույթ-փառատոնի պարգևատրման արարողությունը։ Անարդարության դեմ էլի արվեստով են պայքարում․ դպրոցի սաներն իրենց ուսուցիչների գլխավորությամբ նախօրեին հուզիչ տեսահոլովակ են հրապարակել՝ կոչ անելով աշխարհին ականջ դնել շրջափակման մեջ գտնվող 120 000 մարդկանց ձայնին, բաց անել «Կյանքի ճանապարհը»։
«Հաշվի առնելով, որ մենք երաժիշտներ ենք՝ որոշել ենք մեր ձայնը հասանելի դարձնել աշխարհին երգի միջոցով։ Ընտրեցինք Ռաֆայել Աբրահամյանի «Ձոն Արցախին» ստեղծագործությունը, որի միջոցով փորձեցինք ցույց տալ Արցախ աշխարհի ուժն ու անդադար պայքարը»։
Մինչ Գորիս-Ստեփանակերտ մայրուղին արգելափակած ադրբեջանցի, այսպես կոչված, «էկո-ակտիվիստները» իրենց երգով ու պարով 120 000 մարդու են շրջափակման մեջ պահում, այդ նույն շրջափակման մեջ արցախցի փոքրիկները երգում, նվագում ու պարում են իրենց «Կյանքի ճանապարհի» բացման ու կայուն խաղաղության հույսով։