Արցախն անցնում է պարենի կտրոնային համակարգին․ այս մասին այսօր հրավիրված օպերատիվ շտաբի նիստում հայտարել և համապատասխան հանձնարարականներ է տվել պետնախարար Ռուբեն Վարդանյանը՝ խոսելով այդ մեխանիզմը ներդնելու անհրաժեշտության մասին։ Կտրոնային համակարգի ներդրման մեխանիզմներին ու կարգին այսօր լրագրողներին ծանոթացրել է ԱՀ բնակարանային հարցերի կոմիտեի նախագահ Արմեն Մանգասարյանը։
«Նպատակն ունեցած սննդամթերքի պաշարը համաչափ բաշխելն է, քանի որ շուկայում այն սակավ է, առաջանում են հերթեր, մարդիկ պետք եղածից շատ են ձեռք բերում։ Հունվարի 20-ից կգործի կտրոնային համակարգ, 5 ապրանքատեսականու համար»։
Կտրոնային համակարգի ներդրման անհրաժեշտությունը նաև հանրային պահանջ էր, քանի որ պարենի սղության պատճառով բազմաթիվ սոցիալական խնդիրներ են ի հայտ գալիս, այդ թվում և սոցիալական անարդարություն, ինչը աճող դժգոհությունների տեղիք է տալիս։ Արմեն Մանգասարյանն ասում է, որ ներկայումս իրականացվում են տեխնիկական և կազմակերպչական աշխատանքներ՝ առաջիկա օրերի ընթացքում կտրոնային համակարգին անցնելու համար:
«Կտրոնները թղթից են, լամինացված, 2 տեսակի են լինելու, կտրոնի վրա ամսաթիվ է լինելու նշած, ձեթը կարող են ձեռք բերել մեկ լիտր, մեկ ամսվա համար, մնացած կտրոնները կկիրառվեն ամսվա մեջ երկու անգամ պարեն ձեռք բերելու համար։ Ստեփանակերտում և շրջկենտրոններում կբացվեն կետեր, որտեղից էլ ձեռք կբերվեն կտրոնները։ Քաղաքացիներն իրենց ու իրենց ընտանիքի անդամների անձնագրերով կարող են մոտենալ՝ դրանք ձեռք բերելու համար»։
Բնակարանային հարցերի կոմիտեի նախագահի խոսքով՝ հենց այսօրվանից սկսել են համայնքների փաստացի բնակիչների ցուցակագրումը։ Այդ ցանկը, էլեկտրոնային տարբերակով, տրամադրվելու է Բնակարանային կոմիտեին։
«Ստեփանակերտում և շրջկենտրոններում կբացվեն հատուկ կետեր, Ստեփանակերտում շուրջ 20, շրջկենտրոններում՝ երկուական։
Քաղաքացիները կտրոններով պարեն կարող են ստանալ ցանկացած խանութից, բայց այն մի քանի ագամ օգտագործել չի ստացվի․ ծրագիրը նշված ժամկետի համար արդեն մուտքագրված տվյալների վրա սահմանափակում կդնի։ Ինչպե՞ս պիտի կարգավորվեն Արցախում գտնվող կամ փաստացի բնակվող օտարերկրյա քաղաքացիների կամ Հայաստանի Հանրապետության բնակիչների հարցերը։ Արմեն Մանգասարյանը պարզաբանում է։
«Այդ 19-20 սպասարկման կետերից մեկում, ամենայն հավանականությամբ հենց Բնակարանային կոմիտեում գործող, կսպասարկվեն այն քաղաքացիները, ովքեր խնդիրներ ունեն անձնագրերի հետ կապված, ասենք, կամ այլ երկրի քաղաքացիներ են, ովքեր տվյալ պահին գտնվում են Արցախում։ Քանի որ հիմքում ոչ թե հաշվառումն է, այլ քաղաքացու՝ Արցախում գտնվելը։ Այսինքն, կտրոնի իմաստը պարենը համաչափ բաշխելն է։Կտրոնների տրամադրումը արդարության սկզբունքով կիրականցվի, քանի որ ծրագրային է արվելու, մարդկային գործոնը նվազագույնի է հասցված»։
Կտրոնային համակարգը կտարածվի առայժմ 5 պարենային ապրանքատեսակի վրա՝ մակարոնեղեն, հնդկաձավար, շաքարավազ, բրինձ և ձեթ։ Այս ցանկն ընտրվել է պահանջարկից և ունեցած պաշարների քանակից ելնելով։ Թե ինչու, ասենք, պահանջարկ ունեցող այլ ապրանքատեսակների, օրինակ, ձվի վրա դրանք չեն տարածվում, մեր զրուցակիցը պարզաբանում է․
«Քանի որ պահուստային ֆոնդում ձու չկա, ելնելով այդ ապրանքատեսակի սպեցիֆիկայի հետ՝ պահպանման ժամկետ, ձուն պետք է տեղի արտադրողները աշխատեն ապահովել»։
«Մենք երկարաժամկետ ծրագիր ենք իրականացնում»,-ասում է, և սա կապ չունի ճանապարհը բացել-չբացելու հետ, սա ամենևին չի նշանակում, որ այն կարող է երկարաժամկետ փակ լինել։ Դա անհայտ է․ բայց մենք պետք է պատրաստ լինենք, ցանկացած պահի այն գործարկելուն, եթե դրա անհրաժեշտությունը զգացվի։ Լրագրողների հետ հանդիպումից հետո բնակկոմիտեի ղեկավարը օնլայն խորհրդակցություն հրավիրեց պատկան մարմինների, այդ թվում և շրջվարչակազմերի ղեկավարների հետ, կտրոնային համակարգի ներդրման մանրամասները քննարկելու համար։