Բլոկադայի պայմաններում արցախցիները զրկված են նաև առողջ սնվելու հնարավորությունից: Անգամ երեխաները, որ ամենաշատն ունեն վիտամինների կարիք, զրկված են լիարժեք սնվելու իրավունքից: Տաթևիկ Ղազարյանը 6 ամսական երեխայի մայր է, երեկ հասցրել են գազար գնել:
«6 ամսական փոքրիկ ունենք, նա նոր պետք է սկսի բանջարեղեն ուտել, բայց չկա: Միայն գազար ենք կարողացել ձեռք բերել: Քանի որ հերթերը շատ-շատ են, հազվադեպ ենք կարողանում օգտվել, երեխայի հետ հնարավոր չէ շատ հերթ կանգնել: Մեր հարևանուհին է ասել, որ գազար են ստացել, գնացել գնել ենք»:
Մարդիկ իրարից են լսում, թե որ խանութ, երբ և ինչ է ստանալու: Այսօր էլ լսել են՝ «կոլցեվոյ»-ի խանութներից մեկը խնձոր և մանդարին է ստանալու: Տիկին Ռուզաննան Ստեփանակերտի արվեստի դպրոցում է աշխատում, անհանգստանում է՝ մինչև աշխատանքը ավարտում է, խանութներն արդեն դատարկ են լինում:
«Ասացին՝ այսօր կամ վաղը միրգ են վաճառելու: Չգիտեմ, թե ինչպես պետք է կառուցեմ գրաֆիկս, որպեսզի հասցնեմ գնել: Խնդիրը նրանում է, որ չգիտենք կոնկրետ երբ են բերելու, գոնե դու չես հասցնում, մեկ ուրիշին տնից ուղարկես: -Փոքր երեխաներ կա՞ն տանը: -Փոքր չեն, դպրոցահասակ երեխաներ են»:
Խանութպան Անահիտ Մեհրաբյանն ասում է՝ ո՛չ այսօր, ո՛չ վաղը միրգ չեն ստանալու: Բայց երեկ գազար են ստացել: Վաճառել են 430 դրամով: Գնի հետ կապված բողոքներ չկան, ձմեռային եղանակներին գազարը հիմնականում այդ գնով էին ձեռք բերում՝ ասում են քաղաքացիները: Հիմնականում ի՞նչ ապրանքատեսակի պահանջ ունեն քաղաքացիները՝ Անահիտ Մեհրաբյանն է պատասխանում:
«Ամենից շատը բազուկ, կաղամբ, կարտոֆիլ են ուզում: Մեկ էլ ցիտրուսներ են ուզում, մասնավորապես՝ լիմոն: Շատ մարդիկ, որոնք ճնշման հետ կապված խնդիրներ ունեն, լիմոն են ուզում: Երեխաների համար մանդարին, նարինջ են ուզում»:
Զրույցն ընդհատում է մեր կողքին կանգնած կանանցից մեկը.
«Մեկ էլ խաղաղություն ենք ուզում, ամենաշատը խաղաղություն ենք ուզում»:
Ամեն ինչի կարիք կա՝ ասում է քաղաքացիներից մեկը, բայց դեռ դիմանում ենք: Առանց մրգի ու բանջարեղենի էլ կդիմանան, միայն թե ամեն ինչ հօգուտ մեզ ավարտվի:
«Մենք պինդ ժողովուրդ ենք, դիմադրում ենք: Ամեն ինչի կարիք կա, բայց առանց դրանց էլ ենք ապրում ՝ կարևորը խաղաղություն լինի, տեսնենք վերջն ինչ է դառնում»:
Քաղաքի մրգի ու բանջարեղենի ոչ բոլոր խանութներն են ապրանք ստանում: Օրինակ՝ հայտնի «Ռադիկի օվաշնոյում» միայն մի քանի կոկոս է մնացել: Մուտքի մոտ էլ տոպրակներում կանաչի ու պանիր են վաճառում: Խանութը դիմել է Գյուղի և գյուղատեսության աջակցության հիմնադրամին:
«Էս պահին մեր խանութը ոչ մի բան չի ստացել:
-Իսկ ամենաշատը ինչի՞ պահանջ կա: -Սոխ, բազուկ, գազար, կարտոֆիկ, կաղամբ: Դիմել ենք, սպասում ենք, ասել են՝ տալու ենք:
-Բերելու դեպքում գնային փոփոխություններ նախատեսո՞ւմ եք:
-Ո՛չ, նույն գները պահպանվելու են»:
Խանութներում գազարը վերջացել է ստանալուց ժամեր հետո: Ստեփանակերտի բանջարեղենի ու մրգի խանութները, մեծամասամբ, շարունակում են փակ մնալ: