Սպորտը սահմաններ չունի, այն դուրս է քաղաքականությունից։ Սրանք պրոֆեսիոնալ սպորտի հանրահռչակ սկզբունքներն են, որոնք, ինչպես պարզվում է, ամենևին էլ բացարձակ չեն։ 5 առաջնություն․ հենց այսքան մրցույթի կարող էին մասնակցել արցախցի մարզիկները, եթե Ադրբեջանը չփակեր Արցախի կյանքի ճանապարհը։ Արցախի ԿԳՄՍ նախարարության սպորտի վարչության պետ Դանիել Մկրտչյանն է պատմում։
«Արցախի մարզիկները դեկտեմբերին պետք է մասնակցեին հայաստանյան 2 առաջնության, բասկետբոլի մինչև 16 տարեկան պատանինների առաջնության շանունակությանը, ինչպես նաև ուժային եռամարտի և ազատ ոճի եռամարտի Հայաստանի առաջնություններին»։
Լաչինի միջանցքի արգելափակման պատճառով հազարավոր ընտանիքներ կիսվել են։ Հայաստանում՝ իրենց ծնողներից հեռու են գտնվում նաև արցախցի մի շարք մարզիկներ։ Դրականն ու բացասականն այստեղ համակշռումն են։ Հայաստանում մնացած մարզիկները հնարավորություն են ունեցել մասնակցելու Երևանում և արտերկրում կազմակերպված սպորտային միջոցառումներին։ Մեր մարզիկները մրցանակային տեղեր են զբաղեցրել։
«Փետրվարի 11-ին Երևանում անցկացված Հայաստանի երիտասարդների բռնցքամարտի առաջնությանը 54 կգ քաշային Էրիկ Առուստամյանը նվաճեց Հայաստանի չեմպիոնի կոչումը, նույն պատճառով Երնաում մնացած Միքայել Մխիթարյանը Հայաստանի կարատեի մեծահասակների 35-րդ առաջնությունում 7-րդ անգամ նվաճեց ոսկե մեդալ։ Փետրվարի 11-ին Բելառուսում տեղի ունեցած միջազգային մրցաշարում արցախցի սամբիստ Վահագն Չալյանը նվաճեց բրոնզե մեդալ»։
Սովորաբար, ազգային առաջնությունները անց են կացվում տարվա սկզբին՝ ասում է Դանիելը։ Հետո արդեն մարզիկները պատրաստվում են միջազգային առաջնություններին։ Մի շարք հանգամանքներով պայմանավորված մեր մարզիկները զրկվել են լիարժեք մարզվելու հնարավորությունից։
«Հաշվի առնելով էլեկտրաէներգիայի հովհարային անջատումները և մարզական ենթակառուցվածքներում ջեռուցման բացակայությունը մենք ըստ իրավիճակի լուծումներ ենք գտել։ Մենք մարզումների 90%-ն անց ենք կացնում հանրակրթական դպրոցներում։ Դպրոցները չլինելու դեպքում առավոտյան ժամերին ենք մարզումներ իրականացնում, օգտվելով բնական լույսի հնարավորությունից»։
Կրճատվել է նաև պարապմունքներին ու մարզումներին հատկացված ժամանակահատվածը, որպեսզի մարզիկները չմրսեն ու չհիվանդանան։ Տարիքով փոքր մարզիկների պարապմունքները լրիվությամբ դադարեցվել են, մարզիչները սահմանափակվում են տնային առաջադրանքներ ու անհատական հանձնարարություններ տալով։Տեղական մարզական միջոցառումները նախատեսված է անցկացնել փետրվարի երրորդ տասնօրյակում։ Բայց այս միջոցառումների անցկացումը ևս հարցականի տակ է՝ ասում է Դանիել Մկրտչյանը։ Այն պայմանավորված է մարզասրահներում ջեռուցման բացակայությամբ։