Նոյեմբերի 23, 2024

Հոգեհանգստի կարգ ու խաչերթ դեպի Ստեփանակերտի հուշահամալիր

By Ասպրամ Ավանեսյան Մայիսի 09, 2022
Հոգեհանգստի կարգ ու խաչերթ դեպի Ստեփանակերտի հուշահամալիր Artsakhpress.am

Քրիստոսի հրաշափառ հարության գաղափարը երաշխիքն է այն բանի, որ մեր ազգն էլ կարող է հարություն առնել։ Հոգեհանգստի կարգից առաջ հանրապետությունում համազգային լռության րոպե էր, ուղիղ ժամը 11։00-ին բոլորը մեկ մարդու նման լուռ կանգնեցին՝ հարգելով Հայրենական մեծ ու Արցախյան պատերազմներում զոհվածների հիշատակը։ Քրիստոս հարությունից առաջ էլ լռություն էր՝ ասում է Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։ Արցախի թեմի առաջնորդը կարևորում է հարության տոնին հավատալու և դեպի համազգային հարություն ձգտելու անհրաժեշտությունը։

«Կարծում եմ, որ այս լռության րոպեն բոլորիս համար հարություն պետք է խորհրդանշի։ Շնորհավորում եմ բոլորիդ Եռատոնը, մաղթում, որ կարողանանք հաղթանակներ կերտել՝ Քրիստոսի սուրբ հարությամբ, հաղթանակներ կերտել այն գաղափարներով, որոնք միայն ու միայն դեպի լույսն են տանում»։

Հոգեհանգստի կարգից հետո եկեղեցու բակում հավաքվածները քայլելով շարժվել են դեպի Ստեփանակերտի զինվորական պանթեոն։ Մեր ժողովուրդը Մայիսի 9-ը, սովորաբար, առանձնակի ցնծությամբ էր տոնում։ Պատերազմից հետո փոքր-ինչ ընկճվել ենք՝ ասում է երթի մասնակից Կարեն Դավթյանը, բայց համոզված է՝ հայ ազգի համար հաղթական մայիսներ դեռ գալու են։

«Հարության գաղափարը քրիստոնեության մեջ ամենակարևորն է։ Մենք պետք է շարժվենք Քրիստոսի հարության գաղափարով, մենք էլ պետք է հարություն առնենք»։

Հազարավոր մարդիկ ամեն տարվա պես ծաղիկներ են տանում հուշահամալիր։ Վերջին մայիսի 9-ը նախորդներից, իհարկե, տարբերվում է, բայց մարդկանց վերաբերմունքը Եռատոնի խորհրդի հանդեպ՝ ո՛չ։ Արմինե Բալայանը հիշում է ինչպես էին տոնում Մայիսի 9-ը, երբ դեռ փոքր էր։ Ամենաշատը տպավորվել է այն, որ միշտ այդ օրը անձև էր գալիս։

«Ինձ համար այս օրը Եռատոն է և Եռատոն էլ մնալու է։ Սա մեր հաղթանակի, մեր ժողովրդի հաղթանակի խորհրդանիշն է։ Ես ուզում եմ, որ մենք միայն հաղթանակներ տոնենք, և այս մղձավանջն անցնի, գնա»։

Ինչ էլ պատահած լինի, պատմությունը ջնջել չենք կարող, Մայիսի 9-ը եղել և մնալու է մեր պատմության ամենանվիրական օրերից մեկը։ Արցախյան վերջին պատերազմից հետո հայը համախմբվելու կարիք ունի՝ ասում է Զոյա Ավագիմյանը։ Մայիսի 9-ը մոտիվացնում և ստիպում է համախմբվել մեկ գաղափարի շուրջ։

«Անսպասելի արհավիրք տեղի ունեցավ Արցախ աշխարհում։ Դրանից հետո հայ ազգը պետք է համախմբվի և, կարծես, համախմբվում է։ Մայիսի 9-ը մեզ համար միշտ մնալու է Եռատոն, հաղթանակի տոն»։

Երթին մասնակցել են մեծ ու փոքր, աշակերտ և ուսուցիչ, գյուղացի   ու պաշտոնյա։ Միասնական երթի գաղափարը մեկն էր՝ հիշելով ու հարգելով նախկին փառքը՝  կերտել  ապագայի  հաղթանակը։

Արցախի հանրային ռադիո
Last modified on Չորեքշաբթի, 11 Մայիսի 2022 08:15
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ