Խորհրդարանին ներկայացվել են ԱԳՆ, զբոսաշրջության, հանրային հեռուստառադիոընկերության, «Ազատ Արցախ» թերթի 2023 թվականի ֆինանսավորման նախագծերը։ Արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Դավիթ Բաբայանի հաղորդմամբ՝ ԱԳՆ պահպանման ծախսերը հաջորդ տարի նախատեսվում են 714 միլիոն 332 հազար դրամի չափով՝ այս տարվա համեմատ նվազելով ավելի քան 166 մլն դրամով: Գերատեսչության փաստացի գործող ղեկավարը նվազումն այսպես է հիմնավորում․
«Բարի ավանդույթ է դարձել՝ յուրաքանչյուր տարի մենք տնտեսման ենք գնում։ Այն կրում է օբյեկտիվ բնույթ։ Դա ոչ թե չկատարված աշխատանքի արդյունք է, այլ տարբեր զարգացումների հետևանք»։
Դավիթ Բաբայանը տեղեկացրել է, որ կապի ծախսերը նվազել են՝ պայմանավորված համացանցային ծառայությունների սակագների նվազմամբ, համակարգչային ծախսերը՝ կապված կայքի սպասարկման սակագների փոփոխությամբ։ ԱԳՆ-ն նվազեցրել է մեքենաների սպասարկման, գրասենյակային սարքավորումների ընթացիկ նորոգման ծախսերը։
«ԱՀ մշտական ներկայացուցչությունների պահպանման ծախսերը նվազել են գրեթե 169 մլն դրամով։ Նվազումը հիմնականում պայմանավորված է արտարժույթի փոխարժեքի իջեցմամբ»։
Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունների պահպանման ծախսերը 2023 թվականի պետբյուջեի նախագծով կազմում են 411 մլն դրամ, որը նախարարության պահպանման ծախսերի գրեթե 58 տոկոսն է կազմում։ Պատգամավորները հետաքրքրվել են ԱԳՆ արտասահմանյան այցերի արդյունքներով, Արցախի իմիջի բարձրացման ուղղությամբ տարվող աշխատանքներով, արցախյան արտադրանքի արտահանման ու Արցախում ներդրումներ ապահովելու հնարավորություններով: Նաև խնդիրներով, որոնք ծագել են պատերազմից հետո Արցախը դրսում ներկայացնելու առումով։ Դիվանագիտական կորպուսը համալրելու հեռանկարի, խնդիրների մասին էլ հարցեր են հնչել: Դավիթ Բաբայանն ասում է, որ հաջողվում է կադրեր գտնել: Ցավոք, այս կամ այն պատճառով, մասնագետների արտահոսք էլ է լինում:
«Վերջին մեկուկես տարվա ընթացքում մի քանի փայլուն կադրեր ներգրավեցինք, օրինակ՝ երկու չինագետ։ Վերջիններս սակայն ընդունվեցին արտասահմանյան բուհեր և պետք է գնան սովորելու»։
Զբոսաշրջության ոլորտի բյուջեն, ըստ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Լեռնիկ Հովհաննիսյանի, նախատեսված է 33,5 մլն դրամ։ Այն կօգտագործվի նաև ոլորտում ստեղծված ճգնաժամային իրավիճակի չեզոքացմանը։
«Որոշակիորեն ապահովել զարգացման տեմպերի խթանումը, ԱՀ զբոսաշրջային արդյունքի հանրահռչակումը թիրախային շուկաներում։ 2023 թվականին հիմնական թիրախներից է լինելու ներգնա տուրիզմի զարգացումը։ Ենթակառուցվածքների բարելավմանն ու մարքեթինգին ենք նաև ուղղելու միջոցներ»։
«Հանրային հեռուստառադիոընկերություն» ՓԲԸ գործադիր տնօրեն Հրայր Ավետիսյանի խոսքով՝ կառույցի բյուջեի ծախսերը կազմում են 446 մլն. 600 հազար դրամ։ Բյուջեի 86,5 տոկոսն աշխատավարձային ֆոնդն է։ Կառույցի տեխնիկական վերազինման համար պետբյուջեով նախատեսվող գումարը վերջին տարիներին նվազման միտում ունի․
«Վերջին անգամ 2017 թվականին ենք թարմացրել, երբ անցել ենք թվային հեռուստատեսության։ Այսինքն՝ բյուջեի մնացած 23, 5 տոկոսը կազմում են կոմունալ և այլ ծախսերը»։
Օրենսդիր մարմնի հետ տարբեր հարցերի շուրջ քննարկումների անհրաժեշտություն կա՝ վստահ է հեռուստառադիոընկերության տնօրենը. նա ակնկալում է, որ առաջիկայում նման հնարավորություն կստեղծվի։ «Ազատ Արցախ» հանրապետական թերթի խմբագիր Նորեկ Գասպարյանի խոսքով՝ կառույցի բյուջեի թվերը վերջին մի քանի տարիների ընթացքում չեն փոխվել։
«Նույն թվերն են, նույն ցուցանիշները, նույն գումարը։ Դուք էլ անգիր գիտեք։ Մեր հայտի միակ նորությունն այն է, որ համակարգիչների ձեռքբերման նպատակով 2,5 մլն դրամի չափով հայտ էինք ներկայացրել, որը մերժվել է»։
Պատգամավոր Մետաքսե Հակոբյանն արձանագրում է՝ թերթի աշխատանքում, նախորդ տարիների համեմատ, կա տարբերություն՝ դրական առումով։ Եթե հնարավորություն ստեղծվի տարածումն ու բաժանորդագրությունը ապահովելու, նրա գործունեությունը, որպես Արցախի միակ պաշտոնաթերթի, արդարացված կլինի՝ ասում է։ Ի պատասխան Նորեկ Գասպարյանը հանրային թերթի բարելավման ուղղությամբ կատարվող աշխատանքներն է ներկայացրել։ Շուտով մայր թերթը նաև նոր կայքէջ կունենա՝ իրազեկում է գլխավոր խմբագիրը։ Ակնկալվում է, որ կատարված բարեփոխումների արդյունքը կերևա արդեն նոր տարվանից։