Նոյեմբերի 25, 2024

Լրագրող Թաթուլ Հակոբյանը հանդես է եկել «Դեմոկրատիան սկսվում է ինձից» դասախոսությամբ

By Ասպրամ Ավանեսյան Հունվարի 12, 2022

Պատերազմի առաջին զոհը ճշմարտությունն է․ պատերազմի ժամանակ և պատերազմից հետո են հորինվում միֆերը, որոնք հետո փոխանցվում են սերունդներին և այդպես ձևավորում  պատմություն։  Լրագրող Թաթուլ Հակոբյանն այսպես սկսեց իր՝ «ԶԼՄ-ների դերը 44-օրյա պատերազմի ժամանակ»  դասախոսությունը։ Թաթուլ Հակոբյանը պատերազմի 44 օրերին Արցախում է եղել, տեսել է պատերազմի դաժանություններն ու փորձել օբյեկտիվ լուսաբանել իրողությունները։ 

«44 օրերի ընթացքում ես հիմնականում չէի հետևում, թե մենք ինչպես ենք հաղթում (գիտեք հայտնի հեշթեգները՝ #հաղթելու ենք, #հաղթում ենք)։ Պատերազմը լուսաբանում էի տարբեր վայրերից՝ Ստեփանակերտ, Հադրութ, Մարտակերտ, և շատ դեպքում ժամանակ չկար հետևելու, թե պաշտոնական աղբյուրները ինչ էին հաղորդելու։ Եթե այսօր հետ տանք ու տեսնենք, թե Իլհամ Ալիևը ինչ է ասել պատերազմի օրերին, զարմանքով կհայտնաբերենք, որ ճշմարտությանը ամենամոտ տեղեկատվությունը ինքն էր տալիս»։ 

Իրական պատերազմն ու պատերազմի մասին պաշտոնական հաղորդագրությունները իրար հետ կապ չունեին՝ ասում է Թաթուլ Հակոբյանը։ 

«Պատերազմների ժամանակ միշտ փորձում են հայրենասիրական ոգին բարձր պահել, ապատեղեկատվության որոշակի քանակ տալ, բայց 44-օրյա աղետալի պատերազմի ժամանակ այս ամենն աննախադեպ էր»։

 Պատերազմում առաջինը պարտվեց հայկական լրագրությունը՝ համոզված է Թաթուլ Հակոբյանը։ 

«Մենք պարտություն ենք կրել, նաև ես եմ այդ պարտության պատասխանատուներից մեկը։ Պատճառները բազմազան են՝ չենք կարողացել, չենք ցանկացել, վախեցել ենք, բայց ես ընդունում եմ, որ հայկական լրագրությունը 44-օրյա պատերազմի ընթացքում խայտառակ պարտություն է կրել»։ 

Դժվար է լուսաբանել պատերազմը, եթե դու պատերազմող կողմ ես՝ ասում է լրագրողը։ Թաթուլ Հակոբյանը օրինակներով է նշում, թե ինչ դժվար իրավիճակներում էին աշխատում հայ լրագրողները, բայց, այնուամենայնիվ, համոզմունք հայտնում, որ դրանք արդարացում լինել չեն կարող։ Կային մի շարք խոչընդոտներ, որոնք խանգարում էին հայ լրագրողներին օբյեկտիվ լինել։ 

«Պատերազմի ժամանակ 1-ին խոչընդոտը օրենսդրական խոչընդոտն է։ Պատերազմի 1-ին օրը՝ սեպտեմբերի 27-ին, Հայաստանի խորհրդարանը ընդունեց ռազմական դրության մասին որոշում, ինչ նշանակում էր, որ լրագրողներն ու լրատվամիջոցները չեն կարող հաղորդել ավելին, քան տալիս են պաշտոնական աղբյուրները․ սա իհարկե ամենամեծ խոչընդոտն էր։ 2-րդ խոչըդոտը ես անվանում են բարոյական - հայրենասիրական։ Մենք ինչքան էլ որ լինենք լրագրողներ և սովորեցնենք, որ լրագրողը անկախ պետք է լինի, լրագրությունը իշխանության 4-րդ ճյուղն է, բայց հատկապես պատերազմի ժամանակ գալիս է մի պահ, որ դու ամեն վայրկյան մտածում ես տվյալ տեղեկատվությունը տալ, թե չտալ, կան ներքին արգելակներ, որոնք չեն թողնում շատ բաներ ասել»։

 Այնուամենայնիվ, պատերազմում ունեցած պարտության ամենամեծ մեղքը Հայաստանի իշխանությունների ուսերին է՝ ասում է Թաթուլ Հակոբյանը, բայց հրաժարվում է նրանց դավաճան կոչել։ 

«Ես համարում եմ, որ այս պատերազմում Նիկոլ Փաշինյանը թույլ է տվել սարսափելի տակտիկական, ռազմավարական, փնթի սխալներ, բայց ես ինձ թույլ չեմ տա ասելու, որ սա պայմանավորված պարտություն է։ Նիկոլ Փաշինյանը երազում էր մնալ՝ որպես հաղթող ղեկավար, բայց նա պատմության մեջ կմնա մի մարդ, որի ժամանակ մենք կորցրեցինք 8000 քառակուսի կմ տարածք»։

 Դասախոսությունը «Դեմոկրատիան սկսվում է ինձնից» նախագծի առաջին  թեման էր։ Հաջորդիվ սպասվում է թեմատիկ բազմազանություն։ Դասընթացները կազմակերպվելու են ամիսը 2 անգամ՝ 10 ամիս ժամկետով։ Այս ծրագիրը նաև մրցութային է, նախագծի մասնակիցները ներկայացնելու են իրենց վերլուծությունները։ Ընտրվելու են 10 լավագույն աշխատանք, որոնց հեղինակները Երևանում ծանոթանալու են տարբեր լրատվամիջոցների աշխատանքներին ու այդտեղ աշխատող լրագրողների հետ։ Իսկ 1 –ին, 2-րդ և 3-րդ տեղերի մրցանակակիրները խրախուսվելու են գումարով։  

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ