Նոյեմբերի 23, 2024

Արցախում պատերազմ չի լինի. ռազմական փորձագետ

By Անի Աբաղյան Փետրվարի 24, 2022
44-օրյա պատերազմից  առաջ, արցախա-ադրբեջանական շփման գծի երկայնքով որևէ սադրանք իրականացնելուց առաջ Ադրբեջանը նախևառաջ ինֆորմացիոն ֆոնն էր ապահովում։ Ընդ որում, դա անում էր նախանձելի հետևողականությամբ։ Այնքան, որ ինֆորմացիոն դաշտի անհանգստությունը սահմանային լարման ճշգրիտ ցուցիչ էր դարձել։ Պատերազմից հետո նույնպես տեղեկատվական գրոհներ լինում են։ Այս անգամ, թիրախում նաև հայ-ադրբեջանական սահմանն է։ Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանի խոսքով՝   Ադրբեջանը փորձում է օգտվել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմական բախման պատճառով ստեղծված իրավիճակից  և սպասում է հարմար պահի՝ ռազմական գործողությունները վերսկսելու համար։ 
 
«Ռուսաստանի և Ուկրաինայի ռազմական բախման ֆոնին Ադրբեջանը փորձում է դիվիդինտներ շահել և այս անգամ  ձեռագրին հավատարիմ մնալով փորձում է իրավիճակի սրումը կամ իրավիճակի սրման պատասխանատվությունը գցել Հայկական կողմի վրա՝  նախապես հայկական կողմին մեղադրելով   հետագայում որևէ գործողություն իրականացնելու համար»։
 
 Այն, որ տեղեկատվական գրոհի կիզակետում այս անգամ  հայ-ադրբեջանական սահմանն է, փորձագետի գնահատմամբ, կապված է Արցախում  ռուս խաղաղաղապահների գործոնի հետ.
  
«Ես կարող եմ փաստել, որ Արցախն այսօր շատ ավելի անվտանգ է, քան Հայաստանը, որովհետև Ադրբեջանը չի կարող հաշվի չնստել Արցախում ռուս խաղաղապահների հետ և որևէ հարձակման գնալ։ Այո, նրանք խախտում են հրադադարի ռեժիմը և պնդում, որ չեն կրակել, բայց մեծամասշտաբ ռազմական գործողություն Արցախում ես բացառում եմ։ Միևնույն ժամանակ՝ չեմ բացառում սադրանքներ Հայաստանի սահմանին»։
 
 Ինչու՞ է Ռուսաստանի և Ադրբեջանի միջև դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագիրը կնքվել Ուկրաինայի հետ պատերազմի նախաշեմին։ Այն, ինչպես նկատում է ռազմական փորձագետը, Ադրբեջանում դժգոհություններ է առաջ բերել։     Հռչակագրի 43 կետում ամփոփված են Ռուսաստանի և Ադրբեջանի միջև կնքված ռազմական և տնտեսական բոլոր պայմանավորվածությունները, բայց այս պահին այն մեկ այլ նպատակի էլ է ծառայում։ 
 
«Ես կարծում եմ, որ այս հռչակագրով Ռուսաստանը փորձում է կապել Ադրբեջանի «ձեռքերը»։ Այդ հռչակագրի կետերից մեկի  տողատակում նշված է, որ եթե Ռուսաստանը մեկ այլ տարածաշրջանում զբաղված է ռազմական գործողություններով, ապա Ադրբեջանը պարտավորվում է Հարավային Կովկասում ավելորդ լարվածություն չառաջացնել»։ 
 
Այս հռչակագիրը փափուկ բարձ չպետք է դառնա Արցախի և Հայաստանի համար, որովհետև, ըստ փորձագետի, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմական գործողությունները երկար շարունակվելու դեպքում հավանական է Թուրքիայի հարձակումը Նախիջևանի ուղղությամբ։ Ռուս-ուկրաինական պատերազմն աշխարհաքաղաքական վերադասավորումների միտում ունի՝ ասում է փորձագետը։ Իսկ Ուկրաինայում ռուսամետ իշխանություն հաստատելուց հետո, Ռուսաստանը հայացքն ուղղելու է դեպի Հարավային Կովկաս։ 
 
«Կարծում եմ, որ հաջորդըն Ադրբեջանն է լինելու և Ադրբեջանի արտաքին քաղաքականության հստակեցման պահանջ է դնելու Ռուսաստանը։ Պետք է ասեմ նաև, որ Ադրբեջանն այս պահին ոչ նախանձելի վիճակում է գտնվում, քանի որ ինքը 44 օրյա պատերազմի արդյունքների համար պարտք է  Թուրքիային, Ռուսաստանին, Իսրայելին և այլոց։ Հիմա պարտքերի մարման ժամանակն է և այս առումով բավականին հետաքրքիր իրավիճակ կարող է ստեղծվել։ Հենց դրանից է կախված՝ ի՞նչ ազդեցություն կունենա ռուս - ուկրաինական պատերազմը Հայաստանի և Արցախի վրա։ Իսկ եթե վերցնենք տնտեսական առումով, ապա, այո՛, տնտեսական առումով մենք վատ վիճակում ենք հայտվելու»։
 
 Փորձագետի խոսքով՝ մեր տարածաշրջանում էլ քաղաքական վերադասավորումներն ավարտված չեն։ Եվ Ռուսաստանը դժվար թե թույլ տա ավանդաբար իր ազդեցության տակ գտնվող երկրի քաղաքական կուրսի փոփոխություն, ինչպես որ դա հիմա տեսնում ենք Ուկրաինայում։ 
 
 
Artsakh Public Radio
Last modified on Երկուշաբթի, 28 Փետրվարի 2022 07:29
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ