Նոյեմբերի 23, 2024

Ռազմական ագրեսիա ու հոգեբանական գրոհ․ իրավիճակը Թաղավարդում ու Կարմիր Շուկայում

By Ասպրամ Ավանեսյան Մարտի 11, 2022

Հայտնի ձայնագրությունն   ադրբեջանական զինծառայողներն  այս անգամ  միացրել են  Թաղավարդի բնակիչների համար: Գյուղի ամենախորքում էլ ձայնագրությունը շատ պարզ լսելի է: Ձայնն այնքան բարձր է հնչում, որ լսվում է  անգամ հարևան՝ Կարմիր Շուկա համայնքում: Համայնքի տղամարդիկ  ոստիկանների հետ միասին հավաքվել են գյուղի կենտրոնում:  Իրավիճակն են քննարկում։ Դպրոցում երկարօրյայի դասընթացն այսօր չեն արել: Երեխաներին ուղարկել են   տները, որ  շատ չվախենան: Արմինե Բադալյանը «Երկարօրյա դպրոց» ծրագրի աշխատողներից է: Ասում է՝ ամենավատն այն է, որ գյուղում, անգամ  ապաստարան չկա, որպեսզի անհրաժեշտության դեպքում   պատսպարվեն: 

«Անընդհատ կրակոցներ են լինում՝ գիշեր, թե ցերեկ: Երեխաները վախենում են: Դպրոցում ապաստարան չկա, որ կրակոցնրի դեպքում երեխաները թաքնվեն: Եթե ապաստարան ունենայինք, գոնե ինչ-որ չափով հանգիստ  կլինեինք»: 

Արմինե Բադալյանը վերջին օրվա դեպքերի մասին է պատմում, ասում է՝ մարդիկ   չգիտեն ինչ անել: 

«Կրակոցներ միշտ են լինում, բայց կոնկրետ այս գիշերվա կրակոցներն ավելի շատ էին: Գիշերվա ժամը մեկի սահմաններում սկսել են կրակել ու տևական ժամանակ կրակում էին: Հետո լուսադեմին իրենց մուղամն են միացրել: Պարզ է՝  գյուղում ոչ ոքի համար էլ հաճելի չէ այդ ամենը լսելը: Դրանից հետո սկսել են բարձրախոսով խոսել»: 

 Թաղավարդցիների   գյուղում մնալու մտադրությունն  ամուր է: Ասում են՝ չենք ուզում դուրս գալ, հետո շարունակում.  գնալու տեղ էլ չունենք: Ճիշտ է, վախը սրտում, բայց ապրում են հայրենի գյուղում: 

«Գյուղացիներից և ոչ մեկն էլ չի ուզում լքել գյուղը: Առաջին անգամ 44-օրյա պատերազմի ժամանակ ենք թողել  գյուղը, հիմա դուրս գալու մտադրություն չունենք: Այն ժամանակ գոնե Հայաստանն ապահով էր, գնում էինք, հիմա ապահով տեղ չկա: Մենք միայն խաղաղություն ենք ուզում, թողնեն հանգիստ ապրենք մեր գյուղում»:

 Կրակոցներ նույնպես եղել են: Համայնքապետի խոսքով՝ վնասներ չեն կրել: Համայնքի բնակիչները, սակայն,  հակառակն են պնդում: Գյուղացիներից մեկը մեզ հետ զրույցում ասաց, որ վնասվել է բնակելի տան տանիքը: 

«Այս երկու ճանապարհների վրա շատ էին խփում: Տուն էլ է վնասվել: Այս թևի վրա շատ են խփել»:

  Կարմիր Շուկայի փողոցներն այսօր աշխույժ ու մարդաշատ էին։  Այստեղ նույնպես կրակոցներ  հնչել են։  Ձայնագրությունը նույնպես լսվել է, բայց գյուղացիների համար այս ամենը, կարծես,  սովորական է դարձել: 

«Երեկոյան շատ կրակել են: Ամեն անգամ էլ  կրակում են: Այսօր էլ բարձրախոսով ասում էին, որ դուրս գանք գյուղից, բայց դե մենք չենք վախենում: Դեռ մեր գյուղում ամուր կանգնած ենք: Աստծո զորությունը մեծ է, մեզ պահում է»:

  Ադրբեջանի հերթական սադրանքն էլ գյուղում քննարկում, մի կողմ են դնում։   Լավ է, թե վատ՝ չգիտեն, բայց ամեն դժվարության հարմարվում են, ամեն փորձություն՝ հաղթահարում։  Ոչ ոք չգիտի  ագրեսորի  հաջորդ քայլն ինչ կլինի։    Ապրում են՝ սպասելով վաղվա լուսավոր ու  խաղաղ  օրվան:

Artsakh Public Radio
Last modified on Ուրբաթ, 11 Մարտի 2022 17:07
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ