Հետպատերազմական իրավիճակում հանցավոր դեպքերի դինամիկայի փոփոխությունը կանխատեսելի էր իրավապահ մարմինների համար։ 2019 թվականի համեմատ 2020 թվականին հանցավորության դեպքերի կտրուկ աճ է գրանցվել։ Պատերազմական տարում կատարված հանցագործությունների հետաքննությունների հաշվին 2021 թվականը գերծանրաբեռնված էր՝ այս մասին ասել է ԱՀ Գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանը այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ։
Հանցագործությունների թիվն աճել է, բայց փոխվել են դրանց որակական հատկանիշները՝ ասում է Հանրապետության Գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանը։ Հանցավորությունների աճ կա միայն ոչ մեծ և միջին ծանրության հանցանքների շարքում, ծանր և առանձնապես ծանր հանցանքները, հակառակը, նվազել են:
«Սա վկայում է, որ բարձր վտանգավորությամբ հանցագործության աճ չունենք։ Մարդու դեմ ուղված հանցագործություններն աճել են 83 դեպքով, որից 74-ը ծեծի դեպքերն են։ Սպանություններն ու դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքերը նվազել են»։
Աճել են զենքի ապօրինի շրջանառության ու կամովին հանձնման, թմրանյութերի ապօրինի պահման դեպքերը, որոնք ևս բացատրվում են հետպատերազմական իրավիճակով։ Սակայն կան նաև հանցավորությունների տեսակներ, որոնք նվազել են։
«Բավականին գոհացուցիչ պատկեր ունենք սեփականության դեմ ուղղված հանցագործությունների վիճակագրությունում․ 2021 թվականին Արցախում արձանագրվել է այդ բնույթի 439 հանցագործություն, 2020 թվականի՝ 488-ի փոխարեն։ Սեփականության դեմ ուղղված հանցագերծությունների թվում էականորեն նվազել են գողության, ավտոտրանսպորտային միջոցների տիրանալու դեպքերը»։
Զգալիորեն աճել են համարակարգչային տեխնիկայի օգտագործմամբ, սոցիալական ցանցերի օգնությամբ դրամական միջոցների հափշտակության դեպքերը։ Այս ամենի հետ մեկտեղ գլխավոր դատախազը վստահեցնում է, որ ընթացիկ տարին հանցավորության տեսանկյունից լինելու է նախապատերազմական տարիների հետ համեմատելի, մինչև անգամ ավելի կարգապահ ու օրինապաշտ, բայց մենք նախ և առաջ ազգային կարգապահության խնդիր ունենք.
«Պետք է սկսենք մեր անհատական ու խմբային կարգապահությունը բարելավելու գործընթացը։ Այն ոչ միայն կնպաստի հանցավորության դեպքերի նվազմանը, այլ նաև կարևոր պայման կծառայի մեր պետականաշինության և պետականապահպանության գործը առավել որակյալ դարձնելու համար»։
Տեղեկատվական անվտանգությունը մերօրյա Արցախի համար առանցքային նշանակություն ունեցող պետական անվտանգության ճյուղերից մեկն է՝ ասում է Գուրգեն Ներսիսյանը, նաև հավելում, որ այս հարցը իր կարևորությամբ վերջին շրջանում գերազանցում է նաև ռազմական անվտանգությանը։ Դատախազը բավականին կոշտ դիրքորոշում ունի Արցախի տեղեկատվական միջավայրի վերաբերյալ։
«Որքան էլ որ խիստ է հնչում, բայց տիրում է անձնական, բարոյական, հանրության առջև պատասխանատվության զգացումի համատարած բացակայության մթնոլորտ։ Հաճախ տպավորություն է ստեղծվում, որ անձի համար որևէ նշանակություն չունի, թե իր հրապարակային խոսքը ինչպիսի ազդեցություն կարող է ունենալ պետության, անհատի և շրջապատի վրա։ Իսպառ բացակայում է այս կամ այն տեղեկատվության հավաստիության տարրական վերլուծությունն ու գնահատումը և սա ստեղծում է մի իրավիճակ, որտեղ քաղաքացուն տրվում է տեղեկատվական աղբ և հանրային իշխանությունների հանդեպ անվստահության պայմաններում պաշտոնական տեղեկատվությունը ստորադասվում է պարզագույն ու ակնհայտ կեղծիքին»։
Բայց, մի՞թե սա պետական ոչ ճիշտ քաղաքականության արդյունք չէ․ հետաքրքրվում են լրագրողները։
«Մի կողմից պետությունը պետք է պատշաճ ապահովի քաղաքացիների տեղեկություն ստանալու իրավունքը, մյուս կողմից պետք է ունենանք հանրության, և ինչու չէ, նաև լրատվադաշտի կարգապահություն։ Եվ այստեղ խնդիրը պետք է դիտարկել տեղեկատվական անվտանգության ներքո»։
Պատերազմից հետո բազմաթիվ հանցագործությունների առնչությամբ հարուցվել են քրեական գործեր ու վարույթներ։ Դրանց մի մասն արդեն բացահայտվել է, մի մասն էլ ընթացքի մեջ է։ Քրեական գործ է հարուցվել նաև պատերազմի ընթացքում տարհանման պլանի ոչ պատշաճ կատարման համար։ Ի՞նչ փուլում է այս գործը։
«Նորից պետք է անդրադառնամ ծանրաբեռնվածությանը և այդ դեպքերով առկա խոչընդոտներին այն առումով, որ գործ ունենք անձանց հետ, ովքեր հիմնականում գտնվում են Արցախից դուրս: Ուստի նման գործերով քննությունը պետք է իրականացնենք ՀՀ տարածքում։ Եվ այս ծանրաբեռնվածության պատճառով քննությունը դեռևս չի ավարտվել»։
Վերջին մեկ տարում կոռուպցիոն հանցագործությունների պատճառով պետությանը հասցվել է ավելի քան 500 մլն դրամի վնաս։ Կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարը պետք է լինի դատախազության գործունեության առանցքային կետերից մեկը՝ ասում է Արցախի Գլխավոր դատախազը։ Իսկ պայքարն արատավոր երևույթների հանդեպ՝ բաց և հրապարակային։