Նոյեմբերի 23, 2024

Աշխատանքային այցով Ստեփանակերտում են 2 մանկական նյարդաբան և թոքաբան-ալերգոլոգ

By Ասպրամ Ավանեսյան Մարտի 16, 2022

Առողջապահության ոլորտում մի շարք մասնագետների պակաս ունենք։ Բացը լրացնում են հայաստանյան մասնագետները։  Այս անգամ ՀՕՖ-ի Առողջապահության նախարարության համատեղ ջանքերով Ստեփանակերտում են 2 մանկական նյարդաբան ու  թոքաբան-ալերգոլոգ։ 

«Արևիկ» բուժմիավորման պոլիկլինիկական բաժանմունքի 3-րդ հարկում սովորականից   շատ մարդիկ են հավաքվել։ Միջանցքում հավաքվածները  համբերատար  իրենց հերթին են սպասում։ Իսկ բժիշկները բարեհամբույր ընդունում են երեխաներին, ստուգում և ախտորոշում։ Մանկական նյարդաբանները Ստեփանակերտում են մարտի 14-ից։ Նունե Աղաբաբյանն ասում է, որ օրական հետազոտում են մետ 30 երեխայի։

«Մենք աշխատում ենք ժամը 10։00-16։00-ը։ Երկու օրվա ընթացքում հետազոտել ենք 65 երեխայի։ Այսօր առավոտվանից ես նայել եմ 8 երեխայի, մյուս բժշկուհին ևս այդքան բուժառուի է ընդունել։ Եթե կարիքը լինի մենք կարող ենք նույնիսկ աշխատել արտահերթ, պատրաստ ենք աշխատել նաև շաբաթ օրը, որպեսզի ոչ մի երեխա առանց օգնության  չմնա»։

Թոքաբան-ալերգոլոգ Աստղիկ Բաղդասարյանը իր աշխատանքը սկսել է մարտի 15-ից, արդեն հասցրել է ընդունել 30-ից ավել երեխաների։ Ինչպես ամբողջ աշխարհում, Արցախում ևս ալերգիկ հիվանդությունները մեծ տարածում ունեն։ «Արևիկ» բուժմավորման ալերգոլոգիական բաժանմունքը նոր է բացվել։ Արցախցի փոքրիկները բուժում ստանալու համար այլևս կարիք չեն ունենա  այնքան երկար ճանապարհ կտրել։ Մասնագետի այցը նաև փորձի փոխանակման հնարավորություն է տեղի մասնագետների  համար.

«Ես կարծում եմ, որ այստեղ շատ լավ բժիշկներ կան, նրանք կոմպետենտ են։ Նրանց պակասում է միայն հետազոտության մեթոդների իմացությունը։ Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի երեխաների համար  ավելի հեշտ լինի, ավելի լավ է մեկ հոգի Երևանից գա այստեղ, քան 100 երեխա ճանապարհ ընկնի հակառակ ուղղությամբ»։

Բժշկուհին վերջին մեկ տարվա ընթացքում  աշխատանքային այցով պարբերաբար Արցախում է լինում։  Իր ոլորտում առավել հաճախ հանդիպող հիվանդություն որպես այդպիսի չի առանձնացնում։

«Հիմնականում դիմում են ալերգիաներով, կրկնվող հիվանդություններով, աստմայով, թոքերի հիվանդություններով բուժառուներ։ Բուժումները համաձայնեցնում ենք այստեղի բժշկուհու հետ։ Մենք մշտապես կապի մեջ ենք»։

Նյարդաբանական խնդիրները նույնպես տարբեր են։ Կան ինչպես թեթև, այնպես էլ շատ ծանր հիվանդություններ։ Նյարդաբան Նունե Աղաբաբյանը առանձնացնում է հաճախ հանդիպվող նյարդաբանական խնդիրները։

«Կան տարբեր նյարդաբանական խնդիրներ ունեցող երեխաներ, որոնք ունեն գլխացավեր, մեջքացավեր, նեվրոզներ։ Իհարկե, կան նաև շատ ավելի լուրջ հիվանդություններ․ բնածին արատներ, տարբեր տեսակի էպիլեպսիա, կան շատ երեխաներ մտավոր հետամնացությամբ, գենետիկ հիվանդություններով և տարբեր պրոֆիլի նյարդաբանական խանգարումներով»։

Բժիշկներն այստեղ են լինելու մինչև այս շաբաթվա վերջ։ Նրանց այցը շարունակական է լինելու։

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ