Այս շաբաթ՝ Սբ. Զատկին նախորդող «Ավագ» շաբաթվա առաջին երեք օրերին, երեկոյան ժամը 19:00-ին Հայ Առաքելական սուրբ Եկեղեցու Արցախի Թեմի կոչով արցախահայությունը, աստվածավախ, հայրենասեր ու գիտակից մարդիկ «Միասնական Աղոթքի» են կանգնել և թողնելով կողմնակի զբաղմունքներն ու գործերը՝ մասնակցում են սրբազան Ուխտին: Միասնական աղոթքով դիմելով Ամենազոր Աստծուն, հավատացյալները զորակցություն են խնդրում արցախահայության անվտանգ, խաղաղ ու բարօր կյանքի համար: «Հավատքով կատարված յուրաքանչյուր աղոթք անպտուղ չի մնում»,-ասում է Ավետարանը։ Աղոթողներն այդ հավատով են եկել։
«Այսօր, ավելի քան երբևէ կարևոր է, որ մեք բոլորս հավատքի գանք, կրկին Սուրբ Հիսուս Քրիստոսին աղոթենք: Միգուցե մեր այսօրվա իրավիճակի պատճառն այն է, որ մենք շատ ենք հեռացել Աստծուց»:
Պատահական չէ, որ այս՝ Արցախի համար ճակատագրական պահին Եկեղեցին աղոթքի է հրավիրում՝ «Արցախ» լրատվականին ասում է Տեր Ներսես Գարեգին քահանա Ասրյանը։ Ընդհանրական աղոթքը եկեղեցու արարողակարգի և հավատացյալի կյանքի բաղկացուցիչ մաս է․
«Յուրաքանչյուր անձ՝ ինչպես անձնական, սոցիալական, այնպես էլ հոգևոր կյանք պետք է ունենա: Անհատական, առանձնական աղոթքը յուրաքանչյուր մարդու սրտի խոսքն է առ Աստված: Ընդհանրական աղոթքը մեր եկեղեցում հաստատված իրադարձություն է, որը դարերով իրականացվել է: Մեր հոգևոր վերանորոգության տեսանկյունից այս աղոթքները շատ կարևոր են»:
Հատկապես այս տագնապալի օրերին, երբ մեր ազգը վտանգված է, կարևոր է միասնական աղոթքը։ Աստծո զինվորները, կանգնելով մեր հայրենիքի, զինվորների կողքին, մի տեղում, ընդհանրական պայքարի են դուրս եկել։
«Միասնական աղոթքի իմաստը հոգևոր բանակ ստեղծելն է, որովհետև ի տարբերություն աշխարհիկ պատերազմների հոգևոր պատերազմը երբեք չի ավարտվում, հոգևոր պատերազմներում հրադադարներ չկան: Չարը միշտ հարձակվում է: Եվ հատկապես տագնապալի օրերին, երբ տառապանքը համախմբում է մարդկանց և շատ դեպքերում մեր հիմնական հույսն Աստված է, այս իրավիճակում բոլորը միավորվում են և աղոթում առ Աստված»:
Տասնամյա պատանի Նարեկը նույնպես իր ձայնը միացնում է ընդհանրական աղոթքին ․
«Ամենօրյա երևույթ է աղոթքը և մարդիկ պետք է միշտ ու անընդհատ աղոթեն»:
Սուրբ Աստվածամոր հովանու մայր տաճարում հավաքվածներն այդ օրը մեկ ասելիք ունեին ․ Թո՛ղ Աստված պահի ու պահպանի Հայաստան և Արցախ աշխարհը։