Երբ Նարեն ու ընկերները հասկացան, որ զանգի ուշացման պատճառով ամեն օր առաջանում են խնդիրներ՝ դասի տապալում, ժամանակի կորուստ և ռեժիմի խախտվածություն, որոշեցին օգտագործել «Արմաթ» ինժեներական լաբորատորիայում ստացած իրենց գիտելիքները։ Ստեղծեցին մի այնպիսի ծրագիր, որով դպրոցի զանգը դարձավ ավտոմատ։ Նարեի խոսքով` գաղափարը ծագել է «Դասավանդի՛ր, Հայաստան» կազմակերպության կողմից կազմակերպված դասընթացների ժամանակ։ Նախագիծը իրականացրել են Arduino կառավարման սալիկի միջոցով։
«Քանի որ ընկերներով հաճախում էինք «Արմաթ» լաբորատորիա, որոշեցինք օգտագործել մեր գիտելիքները և ստեղծել մի սարք, որի միջոցով զանգը ավտոմատ կհնչի»։
Գաղափարը իրականություն դարձնելու համար դիմել են Օսմ հիմնադրամին։ «Դպրոցի զանգի ավտոմատացում» ծրագիրը դարձավ հերթական հաղթած ՕՍԸՄ նախագիծը։ Այսօրվանից Նորշենի դպրոցի զանգը ինքնուրույն է կանչում:
«Գնել ենք անհրաժեշտ սարքերը և Արմաթի խմբով ծրագրավորել դրանք։ Օսմի կողմից ստացել ենք 500 հազար դրամ։ Սակայն զանգի վրա այդքանը դեռ չենք ծախսել և որոշել ենք օգնել մյուս գյուղերի երեխաներին և իրենց դպրոցների համար նույնպես պատրաստել զանգեր»։
Ծրագրի շնորհանդեսին ներկա էր ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը։
«Աշխարհը գնում է դեպի ստեղծարարություն, և մեր աշակերտներն արդեն դրանում համոզվել են»,- ուրախությամբ նշում է նախարարը և կարևորում հատկապես «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի առաջնորդ-ուսուցիչների դերը։
«Մենք շատ ու շատ ծրագրեր կյանքի կկոչենք «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի ուսուցիչների հեղինակած ծրագրերով։ Մենք պետք է աշակերտներին տանենք դեպի ստեղծարարություն և կրեատիվ մտածողություն»։
Նարեի և թիմակիցների շնորհիվ այսուհետ Նորշենի դպրոցի աշխատանքները կկատարվեն համակարգված, չի լինի ռեժիմի խախտվածություն և ավելորդ ծանրաբեռնվածություն։