Նոյեմբերի 23, 2024

Ճանաչում հանուն փրկության․ ՀՅԴ դիրքորոշումն է

By Սրբուհի Վանյան Ապրիլի 04, 2022
Արցախում ստեղծված իրավիճակը, աշխարհաքաղաքական ներկա զարգացումները և այն ուղերձները, որ հնչել են ՀՀ ԱԽ վերջին նիստին Փաշինյանի Բրյուսել կատարելիք այցի շեմին տագնապային տրամադրություններ է առաջացնում: Շատ քաղաքական ուժեր մեղադրում են գործող իշխանությանը պարտվողական քաղաքականության որդեգրման մեջ։ Բայց իրավիճակից ինչպիսի՞ ելք են առաջարկում իրենք։ Ներկայացնելով Դաշնակցության տեսակետը՝  ՀՅԴ բյուրոյի անդամ Դավիթ Իշխանյանն ասաց, որ կարևոր սկզբունքներն անփոփոխ են. անկախություն և վերամիավորում Հայաստանի հետ: «Պետք է տարբերակել ռազմավարական սկզբունքներն ու մարտավարական խնդիրները»,-ասում է նա, հավելելով, որ այդ համատեքստում կուսակցության տակտիկական քայլերը որոշ փոփոխությունների են ենթարկվել՝ քաղաքական իրադարձությունների թելադրանքով: 2020 թվականի պատերազմից հետո նոր իրավիճակ է ստեղծվել, ինչը չի կարող կուսակցության մարտավարության փոփոխություն չենթադրել: 
 
«Եթե անցյալում մեր, նաև իմ անձնական մոտեցումն այն էր, որ Արցախում խաղաղապահների ներկայությունը անընդունելի է, ի հայտ եկած նոր իրողություններում մենք   հաշվի ենք առնում նաև նոր հանգամանքները»:
 
 ՀՅԴ պատասխանատուի խոսքով, Հայաստանի Հանրապետությունն այն հիմնական առանցքն է, դերակատարը, որի շուրջ պետք է կառուցվի մեր համազգային քաղաքականությունը՝ այդ թվում և Ղարաբաղյան հարցի հետ կապված քայլերը: Նրա խոսքով՝ ՀՀ ներկայիս իշխանությունների որդեգրած քաղաքականության արդյունքում ունեցանք պատերազմ՝ ներկա արդյունքերով: Այսօր նոր փուլ է ընթանում: 
 
«Մտնում ենք մի նոր փուլ, որի եզրահանգումը կարծես թե Ղարաբաղյան հարցի  «վերջնալուծումն»  է: Ես հավատացած եմ, որ մեր ժողովրդի մեջ բավարար ներուժ, շրջանակներ կգտնվեն, որ կարող են կանխարգելել այն գործընթացները, որին միտված է ՀՀ ներկա իշխանությունների քաղաքականությունը»: 
 
Ըստ նրա, Խաղաղության դարաշրջան անվան տակ ազգային աղետի են տանում մեզ, և ժամանակավոր զինադադարը, ցանկացած պահի, ինչպես ցույց են տվել Փառուխի դեպքերը, կարող է դադարել: Ակնհայտ է, որ պատերազմից հետո Ադրբեջանն ուզում է միջազգային հարթակներում ցույց տալ, որ Ղարաբաղյան խնդիրն այլևս լուծված է: Հայկական կողմը հակադարձում է, բայց ըստ Դավիթ Իշխանյանի, ոչ բավարար չափով: 
 
«Փորձում է ցույց տալ, որ Ղարաբաղյան հարցը չի հանգուցալուծվել, պետք է հստակեցվի կարգավիճակը: Ինքնորոշման խնդիրը մեզ համար գերակա է, և միջազգային հարթակներում, այդ թվում և ապավինելով ԵԱՀԿ Մինսկի խմբին, փորձում են որոշակի քայլեր կատարել: Ցավոք սրտի պիտի արձանագրեմ նաև, որ ՀՀ իշխանությունների այդ հայտարարությունները պետք է ունենան նաև գործնական քայլեր, ինչը մենք չենք տեսնում »: 
 
Դավիթ Իշխանյանն անդրադարձավ նաև մինչև 2018 թվականի ՀՀ-ում տեղի ունեցած հեղափոխությունն ընկած ժամանակահատվածի արտաքին քաղաքականությանը: Նա չարդարացված է համարում մեղադրանքները՝ դաշնակցության հասցեին, գտնելով, որ դա կուսակցությանը հարվածելու և ներկա իշխանությունների քայլերը արդարացնելու միջոց է: Նրա կարծիքով, միտումնավոր արվել է այնպես, որ Արցախը դուրս մղվի հայկական արտաքին քաղաքական օրակարգից: Եվ համազգային հայկական օրակարգում առաջնային տեղ զբաղեցնող Արցախն այսօր կարծես ասելիք չունի, չկա: 
 
«Թեզերը Ռուսաստանին միավորվելու  կամ Ադրբեջանին տալու մասին ընդամենը կարծիքներ են: Ակնհայտ է մի բան. Ադրբեջանը ուզում է ցույց տալ, որ հակամարտությունը լուծված է: Սա իրենց տեսակետն է»:
 
 Նրա խոսքով, Հայաստանից Արցախի դեինտեգրում է ընթանում: Ասելիքը Դավիթ Իշխանյանը հիմնավորում է քաղաքական, տնտեսական կապերի թուլացմամբ, որ տեղի են ունենում վերջին տարիներին: Մեր հակադարձմանը, թե ամեն դեպքում այսօր Հայաստանը հսկայական սոցիալ-տնտեսական ռեսուրսներ է ուղղորդում Արցախ, Դավիթ Իշխանյանը չհամաձայնեց. դեինտեգրման գործընթացն ակնհայտ է՝ ասում է, և շարունակում․ եթե այս ամենը զուտ տակտիկական քայլեր են՝ ուղղված համազգային նպատակների իրագործմանը, ապա քաղաքական ուժերին պետք է հստակ ազդակներ տրվեն, և մենք դրանց մասին չխոսենք, բայց հստակ երևում է, որ այն, ինչ կատարվում է Արցախի հետ՝ դեինտեգրում է Հայաստանից։ Ի՞նչ անել ներկա իրողություններում՝ համազգային նպատակներին հասնելու համար: Այս մասին Դավիթ Իշխանյանն ասաց.
 
 «Այս անորոշության պայմաններում կարևոր է կարողանալ ռուսական կողմի հետ կառուցել հարաբերությունները նոր մոտեցումներով: Այդ հարաբերությունների կառուցումը կարող է բխել՝  ճանաչում հանուն փրկության թեզով, որը միջազգայնորեն ընդունված է»:
 
 Նրա կարծիքով կարևոր է, որ այս թեզը քննարկումների դաշտ բերվի, այդ թվում և՝ խորհրդարանական քննարկումների: Դրանց արդյունքերի վրա կարելի է հասկանալ, թե որքանով է այն ընկալելի հայ հանրության, և հետաքրքիր՝ տարածաշրջանային խաղացողների համար։
 
 
Artsakh Public Radio
Last modified on Երեքշաբթի, 05 Ապրիլի 2022 05:23
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ