Օրերս Արցախի Հանրապետության Ազգային ժողովը հանդես եկավ հայտարարությամբ՝ համահայկական համախմբման ու միասնականության կոչ հղելով և հավատարմություն հայտնելով 88-ի սկզբունքներին: Հայտարարությունը միաձայն է ընդունվել բոլոր քաղաքական ուժերի կողմից: Իշխանությունների հասցեին ամենակոշտ քննադատությունը սովորաբար հնչում է «Արդարություն» կուսակության կողմից: Քաղաքական ուժի դիրքորոշումը Արցախյան հարցում և մեկնաբանությունը վերջերս ընդունված ԱԺ հայտարարության վերաբերյալ կուսակցության համահիմնադիր, պատգամավոր Դավիթ Գալստյանն է ներկայացնում.
«Ազգային ժողովն իր հայտարարության մեջ հստակ նշեց, որ Արցախի ճակատագրով արցախցին երը պիտի իրենց վճռորոշ խոսքն ասեն, և առանց արցախցիների հետ համաձայնեցման որևէ փաստաթուղթ կամ պայմանավորվածություն թույլատրելի չէ: Եվ արցախցին թույլ չի տալուճակատագրական հարցերում որևէ մեկն իր փոխարեն որոշում կայացնի»:
«Մենք գիտենք, թե ինչպես ենք հայտնվել այս վիճակում. մեր քաղաքական ուժն էլ բազմիցս հայտարարել է, որ ճիշտ ուղու վրա չենք»,-ասում է պատգամավորը, և հիմա գոնե պետք է հաշվի առնենք այդ սխալները, համախմբվենք, հակառակ դեպքում պահը ճակատագրական կարող է լինել:
«Սթափվելու և միասնական գործելու պահն է, կորցնելու դեպքում կորցնելու ենք բոլորս: Ընդդիմություն, իշխանություն, աղքատ հարուստ տարանջատում չկա: Հայրենիքը վտանգված է, պետք է միասնական լինել: Իսկ միասնական լինելու դեպքում իշխանության գործն է հեշտանում: Այն պետք է հետաքրքրված լինի այդ միասնականությամբ»:
44օրյա պատերազմից հետո տարբեր հարթակներում հաճախ է խոսվում այն մասին, որ Հայաստանն այլևս Արցախի անվտանգության երաշխավորը չէ: Եվ նույնիսկ թեզեր են շրջանառվում, որ Արցախը այլընտրանք չունի, քան դիմել Ռուսաստանին՝ իր կազմում ներառելու խնդրանքով, քանի որ հենց ռուս խաղաղապահ առաքելությունն է արցախցիների անվտանգության երաշխավորն այստեղ: Այս ամենի հետ ունենք ԱԺ հայտարարություն՝ համահայկական սկզբունքներին հավատարմությունը հաստատող և Հայաստանի Հանրապետության դերը կարևորող: Պատգամավորի խոսքով, այո, թուլացել են Արցախի ու Հայաստանի պետական կապերը, անվտանգային երաշխիքներ Հայաստանը չի տալիս, բայց դա պայմանավորում է գործող իշխանությունների գործոնով ընդամենը: ԱԺ հայտարարության մեսիջները ուղղված են ինչպես իշխանություններին, այնպես էլ հանրությանը:
«Պետք է կարողանանք տեր կանգնել մեր իրավունքերին:Արցախն առանց Հայաստանի և Հայաստանն առանց Արցախի գոյատևել չեն կարող:Հիշենք մեր հերոսների խոսքերը և չշրջենք մեր պատմության վերջին էջը»:
Ելքը «Արդարություն» կուսակցությունը տեսնում է Արցախի միջազգային ճանաչման գործընթացի սկսման մեջ: «Ճանաչում հանուն փրկության» գաղափարի իրագործման շուրջ այսօր որոշ քաղաքական ուժերի համախմբում է նկատվում, ինչը Դավիթ Գալստյանը ողջունելի է համարում: «Ճանաչում հանուն փրկության. այսօր ՀՀ-ում սկսված է նման գործընթաց: Եվ ողջունելի է, որ շատերն են ներգրավվում այդ գործընթացի մեջ: Եթե բոլորը միանան, սայլը տեղից կշարժվի: Բացի այդ գործընթացից Արցախում պետք է համախմբում լինի, որը ցավոք չի երևում»: Նրա կարծիքով, այսօր բոլոր քաղաքական ուժերը պետք է կենտրոնանան Արցախի առջև ծառացած մարտահրավերների չեզոքացման վրա՝ պետական շահը վեր դասելով նեղ կուսակցական շահերից: