Նոյեմբերի 24, 2024

Լաչինի միջանցքը կարող է տարածաշրջանում գերտերությունների ազդեցության ցուցիչը լինել

By Սրբուհի Վանյան Հունվարի 23, 2023

«Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակը լուրջ է, և պետք է հրատապ լուծումներ գտնվեն։ Անհամբեր սպասում եմ քննարկումներին՝ ուղիներ գտնելու համար։ Նպատակը մնում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների համապարփակ կարգավորումը»,- Հայաստան մեկնելուց առաջ թվիթերյան իր էջում գրել էր Տոյվո Կլաարը։ Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի կարծիքով՝  Տոյվո Կլաարը Լաչինի միջանցքի վերաբերյալ գրառմամբ,  ըստ էության, հասկացրել է, որ երևանյան իր բանակցությունների հիմքում ընկած է Լաչինի միջանցքի թեման, և դա նուրբ ակնարկ է պաշտոնական Երևանին, որ իրենց համար Երևանի դիրքորոշումը՝ թե Լաչինի միջանցքի հարցով չի գնա բանակցությունների, իրենց համար ընկալելի չէ։

«Հիմա եթե Երևանում նա բանակցելու է Լաչինի միջանցքի հարցով, սա նշանակում է, որ պաշտոնական Երևանը թեև չհայտարարելով այդ  մասին, փոխում է իր դիրքորոշումը»։

Քաղաքագետ Հրանտ Մելիք Շահնազարյանն առանձնապես մեծ սպասելիքներ չունի այդ այցից։Ինչու՝ այսպես է հիմնավորում․

«Մեծ չէ այն պատճառով, որ պաշտոնական Երևանը չի ցանկանում զբաղվել Լաչինի միջանցքի բացման խնդրով։ Քիչ առաջ հետևում էի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ճեպազրույցին, ով հստակ ասում է, որ Լաչինի միջանցքի խնդիրները դուրս են Երևանի գործառույթների տիրույթից և դրանով պետք է զբաղվեն Ռուսաստանը, Ադրբեջանը, և միակ խնդիրը, որ ցանկանում է բարձրաձայնել պաշտոնական Երևանը Տոյվո Կլաարի հետ  հանդիպմանը, նոյեմբերի 9-ի պարտավորությունների կատարման հարցն է։ Այս պարագայում ակնկալել, որ ինչ-որ բան կարող է նախաձեռնել հայկական կողմը, որը կարող է օգտակար լինել Լաչինի միջանցքի բացմանը, ցավոք, ես չեմ տեսնում»։

Տպավորություն է, որ Երևանը փորձում է Լաչինի միջանցքի թե՛ բացման, թե՛ բացման հնարավոր հետևանքների, թե՛ նաև չբացման պատասխանատվությունը հեռացնել իրենից, այն դնելով Ռուսաստանի, Ադրբեջանի ու Արցախի իշխանությունների վրա,-ասում է զրուցակիցս, նշելով, որ լուրջ քննարկումներ և գործնական քայլեր ՀՀ իշխանությունների ու Եվրամիության ներկայացուցիչ Տոյվո Կլաարի միջև չի ակնկալում։Այն, որ ուժային կենտրոնները՝ արևմտյան ու ռուսական, մրցակցում են տարածաշրջանում ազդեցության համար, փաստ է, բայց, ըստ քաղաքագետի, չի կարելի անտեսել նաև այն փաստը, որ անցած տարեվերջից սկսած, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման Եվրամիության առաջարկները, կարծես թե, երկրորդ պլան են մղվել։

«Այս ուղղությամբ բանակցային գործընթաց չկա։ Ինքը՝ Ալիևն էլ, եվրոպական օրակարգը փակված է համարում, Դավոսում նա ասաց, որ բանակցային գործընթացը փակուղում է հայտնվել, և փորձում է գնալ այլ ճանապարհով, ստեղծել բանակցային նոր եռակողմ ֆորմատ  Վրաստանի միջնորդությամբ, որտեղ չի լինի աշխարհաքաղաքական ուժերի ազդեցությունը»։

Քաղաքագետը չի բացառում, որ Եվրոպան հենց այս խնդրով է մտահոգ, և Տոյվո Կլաարը   Հայաստան է գալիս՝   հասկանալու  նման հնարավորության հեռանկարը։Կբացվի՞ Լաչինի ճանապարհը թե՝ ոչ, կամ ու՞մ միջնորդությամբ կբացվի այն, իհարկե, կարևոր է։ Բայց պակաս կարևոր չէ, և գուցե ամենակարևորն է այն, թե ի՞նչ պայմաններով է բացվելու այդ միջանցքը։

«Եթե դրա գինը լինելու է հայկական կողմի նոր զիջումները, ապա, ըստ էության, հնարավոր է Լաչինի միջանցքի բացումը նաև առանց միջնորդների»։

Սուրենյանցը կարծում է, որ միջանցքը մոտ ժամանակներս կբացվի, էլ երբեք չի ունենա այն ռեժիմը, որ ունեցել է մինչ այդ։

«Ինչքան էլ ցավալի է մեզ համար, զարգացումները հուշում են, որ Ադրբեջանը միջանցքում, այնուամենայնիվ ինչ-որ ներկայություն ունենալու է։ Բայց առայժմ հստակ ասել, թե աշխարհաքաղաքական ճնշումների արդյունքում երբ կբացվի միջանցքը, ինչ պայմաններով՝ այս պահին դժվարանում եմ ասել։ Մանավանդ, տակավին հայտնի չէ, թե Տոյվո Կլաարը միայն Երևա՞ն է այցելեու, թե նա մտադիր է նաև Բաքու այցելել»։ 

Բայց եթե ստացվի ճնշում գործադրելու միջոցով ստիպել Ադրբեջանին գնալ միջանցքի բացմանը, ապա այս պարագայում, այո, աշխարհաքաղաքական այն կենտրոնը, ով կհաջողի այդ գործում՝ կուժեղացնի իր դիրքերը տարածաշրջանում՝ կարծում է Հրանտ Մելիք-Շահնազարյանը։

«Դա անվիճարկելի իրողություն կլինի։ Եվրոպայի տեսակետից նման հնարավորություն չեմ տեսնում, նա չունի Ադրբեջանի վրա նման ճնշում գործադրելու ներուժ։ Այդ դերը կարող է ստանձնել բացառապես Ռուսաստանը, և լիահույս եմ, ու Ռուսաստանում վերջապես կհասկանան, որ փակելով Լաչինի միջանցքը, թուրք ադրբեջանական դաշինքը մարտահրավեր է նետել ոչ միայն Արցախին ու հայ ժողովրդին, այլև Ռուսաստանին, և լուծում է Ռուսաստանը տարածաշրջանից հեռացնելու խնդիր»։

Դա Ռուսաստանի համար, իհարկե, լուրջ մարտահրավեր է, և մեղմ ասած, հասկանալի չէ Ռուսաստանի պասիվությունն այս հարցում։ Հրանտ Մելիք-Շահնազարյանը Ռուսաստանի նման վարքագծի երեք պատճառ է առանձնացնում։

«Հիմնական և կարևոր պատճառը Ուկրաինայում ընթացող հակամարտությունն է, և այդ գործողության արդյունքում Արևմուտքի հետ առաջացած վեճերը, պատժամիջոցները և այլն։ Երկրորդ պատճառը ՀՀ իշխանությունների հետ ունեցած խնդիրներն են, և երրորդ պատճառը ռուսական քաղաքական վերնախավի՝ ոչ միշտ Ռուսաստանի շահերով առաջնորդվելու գործոնն է»։

Ռուսաստանում մտածում են, որ ցանկացած պահի կկարողանան իրավիճակը շտկել, որը քաղաքագետի համոզմամբ, թյուր տեսակետ է։ Կան սահմաններ, որը կորցնելուց հետո Ռուսաստանը կարճ ժամանակահատվածում կկորցնի տարածաշրջանը, և Հարավային Կովկասում իր ազդեցության վերականգնումը կբացառվի։Ամեն դեպքում, Լաչինի միջանցքի բացման հեռանկարը դեռ չի երևում։ Հայկական կողմի պասիվության ու միջազգային հանրություն անտարբերության պայմաններում, քաղաքագետի կարծիքով, այն կարող է դեռ երկար ժամանակ փակ մնալ։ «Իրականում ես հայկական կողմի անգործություն եմ տեսնում,-ասում է, պաշտոնական Երևանը հայտարարում է, որ դա իր խնդիրը չէ, իսկ Ստեփանակերտում զբաղված են ոչ թե ճեղքման ուղիներ փնտրելով, այլ ներքին խնդիրներով, ռեսուրսները կառավարելով»։ Իսկ դա խնդրի լուծմանն ուղղված մարտավարություն չէ, այլ ժամանակ ձգելու, գոյատևելու մարտավարություն։

«Եթե այսպես շարունակվեց, այդ շրջափակումը երկար է տևելու, բայց եթե որդեգրվի իրավիճակ փոխելու քաղաքականություն, խնդիրը կարող է լուծում ստանալ։ Ես չեմ խոսում ուժի կիրառմամբ խնդիր լուծելու մասին, այլ ճիշտ ձևակերպված պահանջներով քայլերի»։

Ռեսուրսներ, միանշանակ, կան։ Քաղաքագետի համոզմամբ՝ Արցախի քաղաքական վերնախավը պետք է իր ամբողջ ներուժը կենտրոնացնի Լաչինի միջանցքի խնդրի լուծումները գտնելու շուրջ, այլ ոչ թե ներքին մրցակցության։  

Artsakh Public Radio
Last modified on Երկուշաբթի, 23 Հունվարի 2023 15:53
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ