Լաչինի միջանցքում որևէ հսկիչ անցակետի ստեղծում նախատեսված չէ` հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում՝ անդրադառնալով Լաչինի միջանցքի արգելափակմանը: Երեկ ԶԼՄ-ները ողողված էին այս վերնագրով։ Բայց Ռուսաստանի ԱԳ նախարարի խոսքի շարունակությունը մնաց «ստվերում»՝ նկատում է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն ու նշում՝ խնդրի լուծման բանալին հենց այդտեղ պետք է փնտրել։
«Բայց տեխնիկական միջոցներով հնարավոր է վերացնել կասկածները, որոնք առկա են այն առնչությամբ, որ միջանցքն իսկապես օգտագործվում է ըստ նշանակության»։
Ի՞նչ վտանգներ է պարունակում Լավրովի այս հայտարարությունը և, արդյոք, սա նշանակում է Ադրբեջանի ներկայություն Լաչինի միջանցքում՝ թեկուզ և անուղղակի։ Լաչինի միջանցքն, անշուշտ, բացվելու է, բայց այլևս չի ունենա այն ռեժիմը, որն ուներ մինչև փակվելը՝ անցյալ տարվա դեկտեմբերի 12-ը՝ համոզված է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։ Օգտվելով աշխարհաքաղաքական զարգացումներից ու մասնավորապես ռուս-ուկրաինական պատերազմից՝ Ադրբեջանն ամեն կերպ փորձում է շրջանցել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունն ու հասնել նոր պայմանավորվածությունների՝ կարծում է քաղաքագետը։
«Ըստ ամենայնի, գործ ենք ունենալու ռուս-ադրբեջանական նոր պայմանավորվածությունների հետ, որոնք ենթադրելու են, որ գոնե անուղղակիորեն, այսինքն՝ տեխնիկական սարքերի, ռենտգեն-սկաների միջոցով, Ադրբեջանը որոշակի ձևով վերահսկելու է տեղաշարժը»։
Բաքուն փորձում է նոյեմբերի 9-ի ստատուս-քվոն եթե ոչ չեղարկել, ապա գոնե խմբագրել՝ ասում է քաղաքագետը։ Ադրբեջանը դա չի էլ թաքցնում ու բացահայտ խոսում է տարբեր միջազգային հարթակներում՝ ինչպես վերջերս Մյունխենում։ Իսկ կա՞ն երաշխիքներ, որ Բաքուն հետագայում չի փորձի փոխել նաև ԼՂ-ի սուբյեկտայնությանը վերաբերող մյուս կետերը։
«Ցավոք սրտի, չկան։ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը եռակողմ հայտարարությամբ չի էլ ֆիքսվում, դա թողնված է կարգավորմանը։ Նայած, թե կարգավորման ինչպիսի տարբերակ կընդունվի և ինչպես կընթանան բանակցությունները։ Այս պահին մենք տեսնում ենք, որ ռուսական տարբերակը առաջին հերթին Բաքվի կողմից է մերժված, որովհետև այն միտված է, որ ամեն ինչ թողնվի այնպես, ինչպես նոյեմբերի 9-ի կարգավորումները, իսկ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը հետաձգվի, մինչև կողմերի միջև փոխվստահության ձեռքբերումը։ Բայց մենք տեսանք, որ Ալիևը Սոչիում, հետո նաև այլ պաշտոնյաներ շատ կտրուկ մերժեցին այս տարբերակը»։
Ի սկզբանե ադրբեջանցի, այսպես կոչված, էկոակտիվիստները բողոքում էին հայերի կողմից Լեռնային Ղարաբաղի բնական պաշարների «ապօրինի» օգտագործման դեմ ու պահանջում էին, այսպես ասած, «մոնիթորինգ» իրականացնել Կաշենի հանքավայրում։ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի արգելափակման առաջին օրվանից էլ Ադրբեջանը պնդում էր, որ միջանցքը բաց է, և ակտիվիստներն այնտեղ են բացառապես բնապահպանական պահանջներով։ Միևնույն ժամանակ Բաքուն, ինքն իրեն հակասելով, 80 օրվա ընթացքում անընդհատ տարբեր պահանջներ է ներկայացնում հայկական կողմին, ընդհուպ մինչև անցակետի տեղադրում։ Ի սկզբանե պարզ էր, որ հանքավայրերի խնդիրը Բաքվի մշակած ուղղություններից ընդամենը մեկն էր և ոչ հիմնականը՝ ասում է Սուրեն Սուրենյանցը։
«Ընթացքում Բաքուն նաև այլ խնդիրներ դրեց։ Այդ թվում ցուցադրաբար փորձում է միջամտել Արցախի ներքաղաքական կյանքին։ Անկախ նրանից, թե ինչ հանգամանքներում պաշտոնանկ արվեց Ռուբեն Վարդանյանը, բոլորս գիտենք, որ իրենք շատ ակտիվ օգտագործում են այդ թեզը՝ որպես իրենց պահանջի բավարարման ապացույց։ Ես հակված չեմ մտածել, որ դա Բաքվի պահանջով տեղի ունեցավ, բայց ժամանակահատվածի համընկնումը թույլ է տալիս, որ Ադրբեջանում պնդեն այդ նարատիվը։ Իրենք շատ նպատակային քաղաքականություն են իրականացնում և վստահ են, որ, Լաչինի միջանցքի ռեժիմը փոխելով, կարող են ազդեցություն ունենալ ԼՂ-ին վերաբերող մյուս խնդիրներում»։
Երեկ Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը նույնպես հակադարձեց Ալիևի հայտարարությանը, թե իբր արևմտյան գործընկերները համաձայն են Բաքվի հետ՝ անցակետի տեղադրման հարցում՝ ասելով․
«Հնարավոր է, որ Իլհամ Ալիևը նկատի է ունեցել ինչ-որ այլ գործընկերների՝ ասելով, որ գործընկերների ըմբռնում կա Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու հարցում։ ԵՄ դիրքորոշումն այն է, որ կան պայմանավորվածություններ, որոնք ամրագրված են 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ, և դրանում չկան անցակետերի հիշատակումներ»։
Եթե եվրոպական կառույցները իրապես շահագրգռված են, որ Ադրբեջանը բացի միջանցքը՝ առանց ռեժիմի փոփոխության՝ շատ պարզ գործողություն կարող են անել՝ չսահմանափակվել միայն հայտարարություններով ու գոնե «սիմվոլիկ» պատժամիջոց կիրառել՝ ասում է քաղաքագետը։ Մանավանդ, որ Հաագայի դատարանը նման հիմքեր տվել է։
«Եվրոպական երկրների անդամներն էլ Հաագայի դատարանի անդամ են և դատական որոշման չկատարման պարագայում կարող են պատժամիջոցներ կիրառել։ Բայց մենք տեսնում ենք, որ Կլաարի անմիջական ղեկավար Բորելը մի քանի անգամ հայտարարել է, որ իրենց օրակարգում նման հարց չկա։ Հետևաբար Կլաարի հայտարարությունները դեկլարատիվ են և ոչինչ չնշանակող։ Ռուսաստանի պաշտոնյաները հաճախ ավելի ուղիղ տեքստով, այսպես կոչված, կացնային հայտարարություններ են անում, ինչը հայ հասարակության մոտ զայրույթ է առաջացնում։ Իսկ եվրոպական պաշտոնյաները գերադասում են ավելի դիվանագիտական և ճկուն մոտեցումներ ցուցաբերել, բայց դա չի փոխում խնդրի էությունը»։
Ստեփանակերտի փողոցներում հաճախ ենք լսում մարդկանց կարծիքներն ու ենթադրությունները, թե երբ կբացվի Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։ Ո՞վ կբացի միջանցքը՝ Ռուսաստա՞նը, թե՞՝ Արևմուտքը, շարքային արցախցու համար այնքան էլ էական չէ։ Արցախում օրեցօր խորանում է հումանիտար, տնտեսական ու բնապահպանական ճգնաժամը, գերծանրաբեռնված է էլեկտրացանցը։ Արցախը արդեն 80 օր է՝ շրջափակման մեջ է։