Մոտ ութ ամիս է՝ Արցախը շրջափակման մեջ է։ Ադրբեջանը հունիսի 15-ից ամբողջությամբ է պաշարել 120 հազար հայի՝ թույլ չտալով առաջին անհրաժեշտության և ոչ մի ապրանքի մուտք գործել Արցախի Հանրապետություն։ Խանութները դատարկ են, հանրային տրանսպորտը չի աշխատում, Ստեփանակերտում աղբահանության հարցերն են սրվել, դեղատներում անգամ գլխացավի դեղ չկա։ Բայց Արցախում պայքարում են հստակ գիտակցումով՝ նահանջի տեղ չունեն։ Լսենք Ռադիոլուրի մեր գործընկեր Հասմիկ Դիլանյանի ռեպորտաժը:
Արցախում օրը սկսվում է ոչ թե առավոտյան, այլ՝ գիշերը, ոչ թե աշխատանքի գնալով, այլ՝ հացի հերթերում։ Իրինա Առուստամյանը մինչ մոտ մեկ ժամ ոտքով Ստեփանակերտի մի ծայրից մյուսը հասնելը լուսացնում է հացի փռում․ հարցը կարգավորվել է, բայց ոչ ամբողջությամբ՝ ասում է զրուցակիցս․
«Քանի որ վառելիքի պատճառով հացը խանութ չի հասնում, գնում ենք փռերից ենք վերցնում։ Գիշերն ենք կանգնում, առավոտն ենք կանգնում։ Հետո գալիս ենք տուն, նախաճաշելու բան չկա։ Պետք է գնանք հերթ կագնենք, որ թթվասեր վերցնենք, չի ստացվում, քանի որ աշխատում ես։ Օրդ հերթերում ես անցկացնում»։
Վերջին օրերին հատկապես ավելացել են հերթերում սպասող արցախցիների ուշագնացության դեպքերը։ Նրանք հիմնականում թերսնված երեխաներն են ու առողջական խնդիրներ ունեցող տարեցները, քիչ չեն նաև հղիների ուշագնացության դեպքերը։
Հունվարի 20-ից Արցախում առաջին անհարժեշտության մի քանի ապրանք կտրոնով էր վաճառվում։ Այժմ կտրոնները կան, ապրանքը՝ ոչ․
«Ոչ մի կտրոն էլ չկա։ Կտրոնները, որ տվել են, ոչ մի բան չենք կարողացել առնել։ Խանութում բան չկա, որ առնեմ։ Մեկը ես՝ ոչ շաքարավազ, ոչ ձեթ, ոչ մի բան չեմ առել։ Մեկ օրվա ընթացքում ապրանքը սպառվեց։ Կտրոնը օգնեց մենակ նրանով, որ կարողացանք ձու վերցնել։ Ուրիշ ոչ մի բան չենք կարողանում գնել։ Միսն էլ ահավոր թանկացրել են։ Ես աշխատում եմ, կարողանանում եմ թանկ գնով գնել, բա որ մարդիկ չեն աշխատում։ Ամեն օր հո չես կարող երեխաներին վարունգ, պոմիդորով խաբես»։
Այս պահին Արցախում միայն տեղական արտադրության բանջարեղենն է, այն էլ՝ բարձր գնով է վաճառվում։ Սա ունի օբյետիկվ ու սուբյեկտիվ պատճառներ․ վառելիք չկա ու գյուղացին չի կարողանում Ստեփանակերտ հասցնել բերքը։ Եթե անգամ հաջողվում է, ապա վառելիքի ծախսն է շատ լինում։ ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովը պարբերաբար վերանայում է միրգ-բանջարեղենի շրջանառության ոլորտում մանրածախ իրացման ամենաբարձր թույլատրելի գները՝ լոլիկի համար այս անգամ սահմանելով 1000 դրամ, վարունգը՝ 650 դրամ, պղպեղը կգ 700 դրամ, հատը՝ 100 դրամ, խաղողը՝ 1200 դրամ։ Բայց գները վերահսկելի են միայն այն պահին, երբ վերահսկողներն են տեղում․
«Այսօր կանաչու գինն եմ հարցնում, ասում են՝ 650 դրամ։ Մրգերից էլ խաղողն է, ձմերուկը, սեխը։ Վառելիք չկա, որ ապրանքը հասցնեն Ստեփանակերտ։ Դրա համար էլ խաղողի կգ–ն 1500 դրամ է։ Պատկերացրեք, 1500 դրամով քանի կգ խաղող գնեմ, որ մեր հինգ հոգանոց ընտանիքը ուտի։ Կարտոֆիլը 500 դրամ, պոմիադորը 1000 դրամ է, վարունգը 650–700 դրամ է։ Ճիշտ է գներ են սահմանում, բայց ո՞վ է էդ գներին հետևում»։
Արցախում առաջացել է կանխիկ դրամի խնդիր: Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը: Գերատեսչությունից բացատրում են՝ 2022 թ. դեկտեմբերի 12-ից Արցախը գտնվում է շրջափակման մեջ, իսկ ընթացիկ տարվա հունիսի 15-ից ամբողջությամբ դադարեցված են նաև հումանիտար բեռնափոխադրումները։ Շրջանառություն չկա, կանխիկի խնդիր է առաջացել։ Արցախի կառավարության սահմանած սոցիալական աջակցության ծրագրերն իրականացնելու, աշխատավարձերն ու թոշակները վճարելու և կանխիկ դրամաշրջանառության ներքին ընթացքն ապահովելու համար հորդորում են բանկային հաշիվներում պահվող դրամական միջոցները կանխիկացնել ըստ անհրաժեշտության, իսկ ազատ կանխիկ միջոցները պահել բանկային հաշիվներում: Այս օրերին արցախցիները միասնական են։ Գյուղից քաղաք փորձում են հասցնել հնարավոր ամեն ինչ՝ Վերին Հոռաթաղից օրերս մոտ կես տոննա հիմնականում բանջարեղեն են բերել Ստեփանակերտ ու բաժանել գիշերօթիկ հաստատություններին ու տարեցների խնամքի կենտրոնին։ Նրանք Արցախի հանրային հեռուստաընկերության մեր գործընկերներին պատմել են․
«Հիմնականում բանջարեղեն է, լոբի, կարտոֆիլ, վարունգ, բիբար, հաց։ Ինչ ճարվում է»։
Տնտեսական ապրանքների մասին չեն էլ հիշում։ Շուտով նոր ուսումնական տարին կսկսվի։ Ստեփանակերտում ջրի խնդիրներն են սրվում, երբեմնի մաքուր քաղաքում նաև աղբն են դժվարությամբ հավաքում։
«Մենք մի ամբողջ օր ջուր չունեինք, ֆիլտրացում չէին կարողանում կատարել։ Հիմա եռացրած ջուր եմ տալիս երեխաներին։ Ամբողջ քաղաքը աղբի մեջ է, ոտքով գալիս են, ամոբղջ ճանապարհը աղբ է։ Դեղորայք ընդհանրապես չկա։ Մի գլխացավի դեղ էլ չենք գտնում։ Ոնց որ բոլորը քնած լինեն, մեզ ոչ ոք չի նկատում»։
Բայց Արցախում խնդիրները գնալով սրվում են։ Ստեղծված անելանելի վիճակում, սակայն, Արցախում չեն պատրաստվում նահանջել․
«Մենք մնում ենք մեր հողի վրա, որովհետև մեր հողի համար լիքը զոհեր ենք տվել։ Նաև իմ հայրն է զոհվել։ Ուստի կառչած մնում ենք»։
Արդեն ութ ամիս 120 հազար հայի Ադրբեջանը պատանդ է վերցրել։ Հունիսի 15-ից ընդհանրապես թույլ չի տալիս, որ առաջին անհրաժեշտության ապրանք հասնի Արցախ։ Չնայած Ադրբեջանի սադրանքներին ու աշխարհի լռությանը, Արցախում վստահ են՝ թշնամուն զիջելու հայրենիք չունեն։