ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Արմինե Պետրոսյանը մինչ նախագիծը ներկայացնելն անդրադարձել է պատերազմից հետո սոցիալական ոլորտի առաջնային խնդիրների լուծմանը միտված այն հսկայական աշխատանքին, որ կատարվել է հայաստանյան գործընկերների օժանդակությամբ և շարունակվում է առայսօր: Արմինե Պետրոսյանը կարևորել է սոցիալական աշխատողի ինստիտուտի ներդրումը, որի շնորհիվ և միջոցով սոցիալական ծրագրերն ավելի թիրախային են իրականացվում: Պետական բյուջեով սոցիալական ծրագրերն իհարկե շարունակվելու են, բայց նախարարի խոսքով, պետք է սահուն անցում կատարել զարգացման ծրագրերին:
«Նոր առաջնահերթություններում կարևորելու ենք գործող աջակցության ծրագրերից նպատակային անցումը զարգացման ծրագրերին, որոնք նպաստելու են զբաղվածության խնդիրների լուծմանը՝ սոցիալական կայուն մեխանիզմների ներդրման միջոցով»:
Գերատեսչությունում իրականացվելու են կառուցվածքային փոփոխություններ: Ներկայացնելով բյուջեի օրինագիծը՝ Պետրոսյանն ասել է, որ սոցիալական պաշտպանության ոլորտի ծախսերը կկազմեն 28,6 մլրդ դրամ:
«2022 թվականի բյուջեով նախատեսված է կենսաթոշակների, ամենամսյա պետական նպաստների բարձրացում: 20 տոկոսով կաճեն աշխատանքային կենսաթոշակները: 30 տոկոսով կբարձրացվի նվազագույն կենսաթոշակի չափը: Ավելի քան 33 տոկոսով աճ կգրանցվեն սոցիալական կենսաթոշակներում»։
Սպայական անձնակազմի ու նրանց ընտանիքների անդամներին տրվող կենսաթոշակները միջինում կաճեն շուրջ 14 տոկոսով: Ընթացիկ տարվա համեմատ աճ է նախատեսվում նաև այլ սոցիալական հատկացումներում ու նպաստներում: Արմինե Պետրոսյանը պատասխանել է պատգամավորների հարցերին, որոնք շատ-շատ էին. պատերազմից ընդամենը մեկ տարի է անցել, և խնդիրները ոլորտում բազմաթիվ են: Դրանց լուծումը, պատգամավոր Մետաքսե Հակոբյանի խոսքով, նախևառաջ պիտի սկսել կարիքների գնահատումից: Եվ այդ գնահատման ժամանակ, ըստ նրա, չպետք է մարդկանց տարանջատել տեղահանվածների և ոչ տեղահանվածների: Աշխատանքի ծավալը մեծ է, ասում է նախարարը, միանգամից հասնել բարձրացված խնդիրների լուծմանը չի հաջողվի. բայց առաջին քայլերն արված են.
«Միանգամից ոչինչ չի արվում: Առաջին քայլերն արվել են: Այս բյուջեով նախատեսել ենք առաջիկա անելիքները, որոնք հիմք են ստեղծելու հետագա գործողությունների համար»:
Սոցապ նախարարությունը նախկինում մշակել էր կարիքների գնահատման համակարգ, որն Արցախ էր կոչվում: Արմինե Պետրոսյանը նշեց, որ համակարգն ընդամենը թարմացման կարիք ունի, և հնարավոր է, կարիքների գնահատում կկատարվի՝ հիմքում ունենալով հենց այդ համակարգը: Սոցիալական ծրագրերի մշակման, իրագործման գործընթացներում ակտիվորեն ներգրավվում են ոչ միայն ՀՀ գործընկեր կառույցն՝ ի դեմս Սոցիալական հարցերի նախարարության, այլև բարեգործական կազմակերպություններ ու հիմնադրամներ, որոնց փորձառությունն ու ռեսուրսները մեծապես օժանդակում են երկրի սոցիալական բեռի թեթևացմանը:
2022 թվականին Առողջապահության բնագավառի ծախսերը, առանց ապարատի պահպանման ծախսերի, կկազմեն 15 մլրդ 277 մլն դրամ: Այն նախորդ տարվա համեմատ ավելացվել է 23,4 տոկոսով: Հունվարի 1-ից համակարգի աշխատողների աշխատավարձերը կբարձրանան: Առողջապահության ոլորտի բյուջետային ծախսերի ավելացումների մի մասը դրանով է պայմանավորված:
Առողջապահության նախարար Միքայել Հայրիյանն է ներկայացրել օրինագիծը.
«Գումարի ավելացումը պայմանվորված է աշխատավարձի ֆոնդի ավելացմամբ: Հունվարի 1-ից 15-20 տոկոս բարձրացում է նախատեսվում»:
Նոր տարվանից բժիշկները կվարձատրվեն նաև բոնուսային համակարգով: Այն նոր է ներդրվելու, և պատգամավորների ու նախարարի հարցուպատասխանից ենթադրվում է, որ դեռ անկատար է. որոշվեց, որ բյուջեի խորհրդարանական քննարկումների ընթացքում հարցը լրացուցիչ կուսումնասիրվի: Արցախի քաղաքացիների համար բուժսպասարկումը կլինի անվճար. սա պետական քաղաքականություն է, որին անցումը կկատարվի արդեն գալիք տարվա սկզբից:
«Առողջապահության համակարգի հատկացումները նպատակաուղղված են 2022 թվականի հունվարի 1-ից անվճար բժշկական օգնությունն և սպասարկումը լիարժեք իրականացնելու համար: նախագծով առողջապահության ծախսերի ձևավորումն ունի երկու հիմնական մոտեցում. Առողջապահական գերակայությունների պահպանում և սոցիալակն ուղղվածության ապահովում»:
Տեղահանվածների առողջապահության ապահովում. փոխհատուցումներ, դեղորայքի ձեռքբերում այդ թվում և՝ Արցախում հաշվառված, բայց Արցախից դուրս ապրողների համար: Այս գործընթացների իրականացման ժամանակ քաղաքացիները տարբեր խնդիրների են բախվում: Նախարարը վստահեցրեց, որ ծրագրերում առկա թերացումները վերացնելու, թյուրիմացությունները բացառելու և վարչարարությունը պարզեցնելու համար լրացուցիչ մեխանիզմներ են մշակվում:
Նիստը եզրափակվեց Ազգային վիճակագրական ծառայության ղեկավար Մանուշ Մինասյանի ելույթով: 2022 թվականի համար որպես ապարատի պահպանման ծախս նախատեսվում է հատկացնել շուրջ 245 մլն դրամ, որը նախորդ տարվա համեմատ աճել է 19,7 մլն դրամով:
«2022 թ․-ին նախատեսվում է շարունակել մեր երկու ծրագրերը: Աշխատուժի շուկայի հետազոտության ֆինանսավորման ծրագրով, որով նախատեսված է շուրջ 17 մլն դրամ, պահպանվում են նախորդ տարվա ծավալները: Կշարունակվի նաեւ Տնային տնտեսությունների ամբողջացված հետազոտության ծրագիրը»:
Օրվա երկրորդ կեսին խորհրդարանականները քննարկել են կրթության ոլորտի ֆինանսավորման հարցը: