Դադայանների ընտանիքի ձմեռն այս տարի շատ ավելի ցուրտ է, քան նախկին ձմեռները։ Վարձակալած այս տան մեծ, չջեռուցվող սենյակներն անընդհատ հիշեցնում են գյուղի տունը, երբ իրենց հետ էր ընտանիքի հայրը, վառարանում կրակը չէր մարում և գյուղի բոլոր երդիկներից անդադար ծուխ էր բարձրանում։ Ընտանիքը Հադրութի շրջանի Թաղուտ գյուղից է: Պատերազմից հետո տեղափոխվել են Քռասնի գյուղ, ապա Ստեփանակերտ:
«Ես Լյուդմիլա Դադայանն եմ: Ապրում էի Հադրութի շրջանի Թաղուտ գյուղում: Պատերազմից հետո տեղափոխվել ենք Ստեփանակերտ: Վարձով ենք ապրում՝ ամիսը 120 000 դրամ: Միայնակ մայր եմ, ունեմ 5 երեխա: Չեմ աշխատում»:
Տան պայմանները լավ են, ասում է, բայց մի խնդիր կա: Տան տերը չի թույլատրում փայտի վառարան տեղադրել տանը: Ասում է՝ նոր վերանորոգված տուն է։
«Ընդարձակ հյուրասենյակ է 2 մեծ սենյակներով, բայց ջեռուցումը գազով է: Հիմա, երբ գազ չկա, տան տերը չի թույլատրում փայտե վառարանից օգտվենք: Չգիտեմ թե ինչ ենք անելու: Ջեռուցիչ էլ չունեինք: Եղբորս եմ խնդրել, որ մի ջեռուցիչ բերի, իսկ դա միայն հյուրսենյակն է տաքացնում: 3 անչափահաս երեխաներիս հետ երեկ գիշերել ենք եղբորս տանը»։
Պետությունը նրանց Քռասնիում տուն էր հատկացրել, որտեղ ոչ տան համար էին վճարում, ոչ էլ կոմունալ ծախսերի: Ստեփանակերտ տեղափոխվելուց հետո նրանք դեռ չեն կարողանում օգտվել պետության կողմից նախատեսված աջակցության ծրագրերից: Իսկ տան միակ աշխատողի գումարը դժվար բավականացնի այդ ամենին:
«Տան վարձի, գազի ու լույսի գումար պետությունից չեմ ստանում: Տանը միայն տղաս է աշխատում. Պայմանագրային զինծառայող է: Նրա աշխատած գումարով պետք է կարողանանք ամեն ինչ հասցնել»։
Մայրը պատմում է, որ տան փոքրիկը՝ Գոռը, արդեն հասցրել է հիվանդանալ: Փոքրիկ Գոռը պատմում է.
«Երկու օր ա, քինամ ում քեռիանց տոն, թքանում»: «Երեխաների մեջ փոքրը Գոռն է: Կոկորդը արդեն բորբոքվել է: Ամեն օր ասում է՝ մամ կամ գազը միացրու կամ էլ վառարան դիր»:
Արցախում ջեռուցումը հիմնականում իրականացվում է գազով։ Այս պայմաններում խոցելի խմբերն առավել խոցելի են դառնում։ Կարո՞ղ է, արդյոք, պետությունը որոշակի գործիքակազմ կիրառել խնդրին միջամտելու համար։ Դեռևս պատերազմի ավարտից անմիջապես հետո ՏԿԵ նախարարությունը փորձում էր զսպիչ մեխանիզմներ կիրառել՝ անբարեխիղճ վարձակալների հանդեպ տների վարձավճարների անտրամաբանական գները կարգավորելու համար։
Այդուհանդերձ, նախարարությունը կոչ է անում վարձակալներին ու վարձատուներին այս ծանր ժամանակաշրջանում միմյանց հանդեպ լինել փոքր-ինչ ավելի հանդուրժող ու բարյացակամ: