Նոյեմբերի 21, 2024

ՀՀ- ից Արցախին տրամադրվելիք բյուջետային վարկը կկազմի 144 մլրդ դրամ

By Սրբուհի Վանյան Դեկտեմբերի 16, 2021
ՀՀ- ից Արցախին տրամադրվելիք բյուջետային վարկը կկազմի 144 մլրդ դրամ National Assembly of the Republic of Artsakh
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հերթական լիագումար նիստը սկսեց «Արցախի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրինագծի քննարկումով: Մինչ բյուջեի նախագծի՝ Ֆինանսների նախարար Վահրամ Բաղդասարյանի կողմից ներկայացնելը, խորհրդարանի խոսնակ Արթուր Թովմասյանը զգուշացրել է.
 
«Կանոնակարգային ընթացակարգով նախատեսված հարցերի քննարկումն ընդմիջվելու է: Նիստը շարունակվելու է, իսկ բյուջեի քննարկումն ընդմիջվելու է մինչև դեկտեմբերի 23-ը: Պատգամավորները առաջարկություններ կներկայացնեն բյուջեի նախագծի վերաբերյալ»:
 
 Բյուջեի նախագիծը նոյեմբերի 26-ից գտնվում է խորհրդարանում. Պատգամավորները հնարավորություն են ունեցել հանձնաժողովներում և խմբակցություններում քննարկել այն, հարցադրումներ կատարել և ներկայացնել իրենց առաջարկությունները: Վահրամ Բաղդասարյանն անդրադառնում է 2021 թվականին ձևավորված տնտեսական  միջավայրին, ներկայացնում  ընթացիկ տարվա որոշ մակրոտնտեսական կանխատեսումային ցուցանիշներ:
 
«ԱՀ տնտեսությունը շարունակում է կրել պատերազմի ու Քովիդ 19-ի վնասների բացասական հետևանքները: Չնայած աշխատանքներ են տարվում տնտեսության վերականգնման ուղղությամբ, այնուամենայնիվ, ինչպես կիսամյակային, այնպես էլ 9 ամսվա տվյալներով տնտեսության բոլոր ճյուղերում արձանագրվել է անկում»: 
 
Համախառն ներքին արդյունքի բացասական հավելաճը գրանցվել է տնտեսության բոլոր ճյուղերում անկման հետևանքով: Միակ բնագավառը, որի շնորհիվ նաև հաջողվել է 0,6 տասնորդական տոկոսով կրճատել տնտեսական ցուցանիշների նվազման միտումը՝ շինարարությունն է:
 
«2021թ.  9 ամսվա կտրվածքով ՀՆԱ-ն նվազել է 26,4 տոկոսով, կազմելով 162,08 մլրդ դրամ: 2022 թվականի համար կանխատեսումային ՀՆԱ-ն կկազմի 263,7 մլրդ դրամ: Կանխատեսվում է մոտ 8 տոկոս աճ, կանխատեսվող 3,2 տոկոս դեֆլյատորի պայմաններում»:  
 
Ըստ բանախոսի, դրան  նպաստելու են տնսության վերականգնմանն ուղղված ծրագրերը, որ իրականացվելու են պետության կողմից: Վահրամ Բաղդասարյանը ներկայացնում է նաև 2022 թվականի համար կանխատեսվող մակրոտնտեսական ցուցանիշները:տե
 
«Եկամուտների գծով 184 մլրդ 300 մլն դրամ, ծախսերի գծով 215 մլրդ 685 մլն դրամ: Դեֆիցիտը կկազմի 31 մլրդ 381 մլն դրամ: Այն կֆինանսավորվի փոխառու միջոցների հաշվին»: 
 
Ընդ որում, սեփական եկամուտները կանխատեսվում է 40,3 մլրդ դրամ, որից հարկային եկամուտները և պետական տուրքը կկազմի 40 մլրդ դրամ: 2021 թվականի համար պլանավորված ցուցանիշներից այն աճել է 2,4 անգամ, իսկ սպասվող եկամուտներից ավել է 30 տոկոսով: Հարկեր-ՀՆԱ կանխատեսումային հարաբերակցությունը կկազմի 15,2 տաս. տոկոս: Բյուջետային վարկի չափը կկազմի 144 մլրդ դրամ, կամ ընթացիկ տարվա համար հաստատված ցուցանիշի համեմատ գրեթե 80 մլրդ դրամով ավել: Բայց, ընդգծել է ֆինանսների նախարարը, փաստ է և այն, որ հայտնի դեպքերով պայմանավորված Հայաստանի Հանրապետությունը Արցախին տրամադրել է գրեթե 64 մլրդ դրամ բյուջետային վարկ:
 
«2022թ. պետբյուջեի ծախսերը նախատեսվում են 215 մլրդ 681 մլն դրամ, որը 2021թ. հաստատված պետբյուջեից ավել է 63 տոկոսով: ՀՆԱ-ում ծախսերի մակարդակը կկազմի 81,8 տոկոս»: 
 
2022 թ. բյուջեն սոցիալական ուղղվածություն ունի: Վահրամ Բաղդասարյանը ներկայացրել է հատկացումներն ըստ առանձին ոլորտերի ու ծրագրերի: Չնայած նախագիծը մանրամասը քննարկվել է, պատգամավորների մոտ հարցեր դեռ մնացել էին: Վահրամ Բաղդասարյանի իրազեկմամբ պատգամավորական խմբակցությունների և առանձին պատգամավորների կողմից խնդրո առարկա օրինագծի վերաբերյալ ներկայացվել է 93 առաջարկություն: Խորհրդարանական առաջարկությունները, որոնց կառավարությունը դրական եզրակացություն է տվել, ընդգրկվել են բյուջեի լրամշակված տարբերակում: Բյուջեի քննարկումը խորհրդարանում կշարունակվեն դեկտեմբերի 23-ին: Օրվա երկրորդ կեսին նիստը շարունակվել է օրակարգային մյուս հարցերի՝  Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության, Հեռուստատեսության և ռադիոյի մասին օրենքում փոփոխություններ կատարելու, Ոստիկանության զորքերի մասին և այլ օրինագծերի քննարկմամբ: Պատգամավորները հանդես են եկել մտքերի փոխանակմամբ և հայտարարություններով: Այդ մասին  «Արցախ» լրատվականի վաղվա թողարկումներում:
 
 
Artsakh Public Radio
Last modified on Ուրբաթ, 17 Դեկտեմբերի 2021 13:04
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ