Նոյեմբերի 21, 2024

Հերթեր Արցախբանկի բանկոմատների դիմաց․ կենսաթոշակների ու նպաստների տրամադրումը մեկնարկել է

By Մարգարիտա Ղուշունց Հուլիսի 19, 2023

Քաշաթաղի միջանցքի արգելափակման պատճառով առաջացած խնդիրները չեն սահմանափակվում դատարկ խանութներով, կաթի արտադրամասի, հացի փռերի, ձվի վաճառակետերի դիմաց գոյացած հերթերով։ Այս օրերին հերթեր են բանկոմատների, բանկերի դիմաց․ փոխանցվել են կենսաթոշակները, երեխաների համար տրվող նպաստներն ու սոցիալական որոշ խմբերի տրվող դրամական աջակցությունները: Երկարաձիգ հերթեր են հատկապես «Արցախբանկ»-ի մասնաճյուղերի դիմաց։ Որո՞նք են պատճառները, ի՞նչ քայլեր է ձեռնարկում կառավարությունը և ի՞նչ է առաջարկում ՏՏ մասնագետը։ Լսե՛ նք Մարգարիտա Ղուշունցի ռեպորտաժը։

 «Էտ շատ ըս բիզ-բիզ անում, պեն չկա՞»

Ստեփանակերտյան հերթական հերթերից մեկում ենք, այս անգամ «Արցախբանկ»-ի բանկոմատի դիմաց։ Մեզ հարց տվողը տիկին Նվարդն է, ասում է` հերթ կանգնելու արվեստ է ձևավորվել կարծես․ մեծ թե փոքր, հարմարվել են հերթերին։ Տիկին Նվարդը Ավետարանոց գյուղից է, հանգամանքների բերումով Ստեփանակերտում է ապրում, եկել է նպաստն ստանալու. որդին զոհվել է պատերազմում։

«Առավոտ ժամը 8-ից եմ այստեղ։ Գնում ես մածուն գնելու հերթ է, հացի համար հերթ է, հերթեր են ամենուր»։

Նույն պատկերն է նաև Արցախբանկի Կենտրոնական մասնաճյուղի դիմաց։ Երկար հերթում կանգնածները, իրար հերթ չտալով խոսում են, բողոքում, հետո` մեկը մյուսին հույս տալիս, տարբերակներ առաջարկում՝ երկար հերթերը թեթևացնելու համար ։

— Բանկոմատին իրա կիրած ա, վեր 100 հազարա ավել տամ չըն, վեչինչ, կարևորը տան։

— Բայց կարող ա արդեն ավել էլ ըն տամ։

— Ա չէ, տի կարող չի, տու ասե պկսցրած չինին։

— Դե ուրանք էլ ըն, է, սխալ, մին 5 լիտր բենզին ա, տան, լոխ բանկոմատնեն լիցքավորին, քինանք ստանանք, ստի հերթեր չինի։

— Մեզ շղվցրած ըն պահում։

Արցախբանկ մտնել մեզ այդպես էլ չհաջողվեց։ Բանկի գլխավոր գանձապետ Պարույր Գրիգորյանի հետ կապ հաստատել՝ նույնպես։ Այս աստիճան հերթերի պատճառները փորձեցինք պարզել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։

Հերթերի պատճառը՝ շրջափակաման հետևանքով Հայաստան-Արցախ ճանապարհի փակ լինելն է, ինչի հետևանքով ֆիզիկական գումարի դեֆիցիտ է առաջացել, ասում է նախարարության մամուլի պատասխանատու Տաթևիկ Խաչատրյանը։ Նշում՝ սա միակ պատճառը չէ։

«Սովորաբար մարդիկ նման ճգնաժամային պայմաններում կորցնում են վստահությունը բանկերի հանդեպ, և ինչքան գումար ունեն իրենց բանկային հաշիվներին, սովորաբար կանխիկացնում են, ինչը բերում է ֆիզիկական գումարի դեֆիցիտի։ Ինչպե՞ս շարքային քաղաքացիները կարող են օգնել խնդրի վերացմանը։ Եթե ունեք կանխիկացված գումար և ելնելով իրավիճակից այն պահում եք տանը, փորձեք օգտագործել այն և փոխարենը գումար կուտակել ձեր քարտային կամ բանկային հաշիվներում, որպեսզի թղթադրամի շրջանառությունը սովորական հունով ընթանա»։

Այս հարցում անելիք ունի նաև Կառավարությունը։ Ի՞նչ քայլեր են ձեռնարկվում նման պայմաններում իրավիճակն ավելի վերահսկելի դարձնելու համար, Տաթևիկ Խաչատրյանն է մանրամասնում.

«Կառավարությունը որոշակի մեթոդների է դիմել, ծրագրեր է մշակում իրավիճակի սրությունը մեղմելու համար։ Բայց պետք է գիտակցենք, որ սրանք չեն կարող էֆեկտիվ լինել ամբողջական մակարդակով։ Ծրագրեր են մշակվում հատկապես խոցելի խմբերի համար, օրինակ՝ թոշակառուների գումարների փոխանցման ուղղությամբ՝ ավելի մատչելի դարձնելով այն»։

Իրավիճակի մեղմացման տարբերակ է առաջարկում նաև` տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետ Արթուր Բալասանյանը, նշում, որ բլոկադային պայմաններում առևտրաշրջանառության անխոչընդոտ կազմակերպման ձևերից մեկը` անկանխիկ եղանակով վճարումներ իրականացումն է։

«Բնականաբար, անկանխիկ վճարումներ կատարելու համար հարմար են POS-տերմինալները՝ քարտային համակարգով։ Սակայն այս իրավիճակով պայմանավորված, հնարավորություն կա հեռավար՝ Telcell, iDram էլեկտրոնային դրամապանակների միջոցով՝ QR-կոդով վճարումներ իրականացնել։ QR-կոդերը կարելի է հենց այստեղ էլ տպել և գործարկել, մնում է միայն ծրագրավորման հարցերը կազմակերպել հեռավար»։

Էլեկտրոնային եղանակով վճարումներ կատարել, իհարկե, ոչ բոլորն են կարողանում: Այդ պատճառով «Արցախբանկ»-ի քարտապանները երբեմն դիմում են այլ բանկերի։ Սակայն այստեղ էլ բախվում են մեկ այլ խնդրի՝ միջնորդավճար։ Հարկ է նշել, որ Արցախում գործող քիչ բանկեր կան, որ միջնորդավճարներ չեն պահում։ Միայն «Արցախբանկ»-ի հետ նախնական պայմանավորվածություն ունեցողների բանկոմատներն են աշխատում առանց միջնորդավճարի։ Այդ բանկերի շարքում է «Յունիբանկ»-ը։ «Արցախբանկ»-ի ArCa քարտերից միջնորդավճարներ «Յունիբանկ»-ը չի պահում:

Խոսելով շրջափակման պայմաններում բանկի գործունեության և այլ բանկերի քարտապաններից գանձվող միջնորդավճարների մասին, «Յունիբանկ»-ի ստեփանակերտյան մասնաճյուղի կառավարիչ Վաչագան Մկրտչյանը նշում է, որ Ստեփանակերտում իրենց բանկոմատը կանոնավոր լիցքավորում են, կանխիկի իրացման խնդիր չունեն, մուտքերը բավարարում են: Խնդիր է միայն Վանք գյուղում գտնվող բանկոմատի լիցքավորումը․ վառելիքի սղության պատճառով` լիցքավորման հաճախականությունն ավելի փոքր է:

Last modified on Չորեքշաբթի, 19 Հուլիսի 2023 16:08
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ