«Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բարն եմ սիրում,
Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,
Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման
Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պա՛րն եմ սիրում...»
Ասմունքողը փոքրիկ Լեոն է: Նա զույգ եղբայր ունի՝ Լուիսը, երկուսն էլ բուժում են ստացել Աուտիզմի կենտրոնում: Լեոյի մոտ դրական տեղաշարժ նկատելով՝ տեղափոխել են Վերականգնողական կենտրոնի մանկական առողջության կենտրոն: Այսօր եղբայրներից միայն Լուիսն է հաճախում կենտրոն, Լեոն հաճախում է դպրոց, արդեն հասցրել է ինտեգրվել նոր միջավայրին: Երեխաները դաստիարակների օգնությամբ պարում են, երգում, ասմունքում։ Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնի տնօրեն Վարդան Թադևոսյանն ասում է, որ կենտրոնում խնդիր առաջանում է միայն այն ժամանաակ, երբ երեխաներին պետք է տուն ուղարկել․ չեն ուզում գնալ: Կենտրոնում բուժում ստացած բոլոր երեխաների մոտ առաջընթաց գրանցվել է՝ ասում է տնօրենը:
«Ինձ համար չափորոշիչ են ծնողների հետ զրույցները: Նրանք ուզում են, որ երեխաները շարունակեն հաճախել կենտրոն: Մենք մեծ առաջընթաց ենք նկատում՝ նաև նայելով մասնագիտական տեսանկյունից: Խնդիրը լիարժեք չենք լուծում, բայց երեխաների վարքագծի մեջ փոփոխություններ մտցնել մեզ հաջողվում է»:
Կենտրոնը մատուցում է չորսժամյա ծառայություն: Տնօրենի խոսքով՝ ութժամյա աշխատանքի անցնելու հնարավորություն դեռևս չունեն: Պատճառներից մեկն էլ շենքային պայմաններն են՝ ասում է առողջապահության նախարար Միքայել Հայիրյանը:
«Մենք նոր վերականգնողական կենտրոն կառուցելու ծրագիր ունենք, որը շուտով կհաստատվի նախագահի կողմից: Այս կենտրոնում մեծ տեղ է հատկացվելու աուտիզմով հիվանդ երեխաների բուժմանը»:
Բոլոր երեխաները, անկախ ամեն ինչից, կրթություն ստանալու իրավունք ունեն՝ ասում է ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը: Նրա խոսքով՝ ընդհանուր ներառական կրթության անցնելը մեծ խնդիրերի առաջ է կանգնեցրել․ պատճառը՝ մասնագետների և՛ որակական, և՛ քանակական պակասն է:
«2023-2024 թթ․ անցում ենք կատարելու նոր կրթական չափորոշիչների: Այնտեղ նշված է նաև հատուկ ռեսուրս կենտրոն ունենալու անհրաժեշտության մասին: Այս առումով քննարկումները դեռ շարունակվում են: Հույս ունենք, որ մենք կկարողանանք որոշակի խնդիրներ լուծել և ներփակվածության խնդիրներ ունեցող աշակերտներին հնարավորինս ներգրավել ուսումնական գործընթացում»:
Աուտիզմով երեխաների թիվը տարեցտարի ավելանում է. այս մասին թվերն են փաստում: Նրանք հասարակության լիարժեք ու լիիրավ անդամներ են, և նրանց իրավունքները պետք է պաշտպանված լինեն: Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն ասում է, որ իշխանությունն ու հասարակությունը պետք է անեն ամեն հնարավոր բան, որպեսզի աուտիզմով երեխաները հասարակության մեջ իրենց լավ զգան:
«Վերականգնողականի աուտիզմի ցերեկային խնամքի կենտրոնը որոշակիորեն ինտեգրվելու հնարավորություն է տալիս, բայց կան բազմաթիվ խնդիրներ, որոնք պարբերաբար պետք է բարձրաձայնել և հասնել դրանց լուծմանը: Առաջին խնդիրն այն է, որ շենքային պայմաններով պայմանավորված՝ ոչ բոլոր երեխաներն են կարողանում օգտվել այս ծառայությունից: Այս օրերին մենք ուսումնասիրություն ենք իրականացնում տարբեր դպրոցներում՝ հասկանալու համար այն հիմնական խնդիրները, որոնց բախվում են հատուկ խնամքի կարիք ունեցող երեխաները»:
Հիվանդության պատճառները բազմաթիվ են, բուժման եղանակները՝ ևս: Աուտիզմի ցերեկային խնամքի և բուժման կենտրոնը 5 տարեկան է, ոլորտի պատասխանատուների գնահատմամբ՝ այն արդեն իսկ կայացած կառույց է և հնարավորության սահմաններում կատարում է իր առաքելությունը: