16–ամյա Գրիգորին յուրահատուկ երեխա է: Նրան յուրահատուկ դարձնողը աուտիզմն է: Այն փոխել է ամբողջ ընտանիքի կյանքը: Գրիգորին, ինչպես իր նման բոլոր երեխաները, ունի սովորություններ, որոնց ընտանիքը ստիպված է հետևել: Դրանց խաթարումը Գրիգորին չի ընկալում. էլի յուրահատկություն է: Նա ամեն օր պետք է նկարչություն անի, խաղա իր փոքրիկ կենդանիների հետ, որոնք թեև շատ-շատ են, բայց Գրիգորին գիտի նրանց անուն առ անուն: Նախշուն Մնացականյանը՝ Գրիգորիի մայրիկը պատմում է, որ որդու մոտ աուտիզմը հայտնաբերվել է 2 տարեկանում: Այդ օրվանից էլ փոխվել է ընտանիքի կյանքը:
«Գրիգորին 2 տարեկանից մինչև այսօր հաճախում է Արցախի վերականգնողական կենտրոն: Առավոտ գնում ենք դպրոց, այնուհետև վերականգնողական կենտրոն: Այնտեղ նա հաճախում է հոգեբանի և լոգոպեդի դասընթացների: Դասընթացներից հետո մասնակցում է նաև նկարչության և կավագործության խմբակներին»:
Աուտիզմը, բացի թերի խոսքից Գրիգորիի մոտ առաջ է բերել նաև մեկ այլ խնդիր. արդեն 10 տարի օրը երեք անգամ տղան նույն ուտելիքն է ուտում. կարտոֆիլ: «Դա էլ նրա առանձանահատկությունն է»,- ասում է:
«Մի քանի անգամ փորձել եմ ուրիշ ուտելիք տալ, բայց նրա օրագանիզմը չի ընդունել: Նույնիսկ եղել են օրեր, որ սոված է մնացել, բայց ուրիշ բան չի կերել: Ընթացքում ուտում էր թթվասեր, բայց միայն «Մարիաննա» ու «Աշտարակ կաթ» ընկերությունների արտադրանքները: Քանի որ այս պահին այդ արտադրանքները Արցախ չի ներմուծվում, բնականաբար, Գրիգորին իր կարտոֆիլի չափաբաժինն ավելացրել է»:
Գրիգորիի ուզածը մեծ բան չէ, ընդամենը կարտոֆիլ: Բայց շրջափակված Ստեփանակերտում կարտոֆիլ գտնելն այնքան էլ հեշտ գործ չէ: Այստեղ դադարել են բոլոր ներմուծումները, առաջին անհրաժեշտության շատ մթերքներ կամ սպառվել են, կամ էլ սպառման եզրին են:
«Մի շաբաթ առաջ կարտոֆիլը գնել եմ 400 դրամով, բայց հիմա գներին տեղյակ չեմ: Ճանապարհը փակվելուց հետո մենք մեր տանը մեզ համար կարտոֆիլ չենք օգտագործում, որպեսզի Գրիգորիին հնարավորինս շատ ժամանակ հերիքի: Ես այս պահին ունեմ 2 օրվա պաշար: Ինչ խանութ մտնում եմ՝ կարտոֆիլ չկա: Այսօր էլ եմ մի քանի խանութ մտել, բայց չկա: Ես արդեն չգիտեմ, եթե այս 2 օրն էլ ճանապարհները չբացվի՝ երեխայիս ինչ եմ տալու»:
Նախշունը լսել է մանկական հիվանդանոցում կյանքի համար պայքարող 4 ամսական փոքրիկի մասին, գիտի, որ 13 երեխա այս պահին վերակենդանացման բաժանմունքում է, և որ Արցախի կյանքի ճանապարհը փակողնեն ամենևին էլ բնապահպաններ չեն, բայց միևնույն է, չի հասկանում՝ ինչու պետք է այդ ամենի հետևանքով տուժեն երեխաները:
«Չգիտեմ թե մեր երեխաներն ինչով են մեղավոր: Ինչու՞ պետք է մենք այսօր մտածենք, թե վաղը մեր երեխայի համար սնունդ կլինի՞, թե՞ ոչ: Երբ աշխարհում մի փոքր դեպք է լինում, միանգամից արձագանքում են, իսկ մեր դեպքում՝ ոչ: Հիվանդ երեխան ինչո՞վ է մեղավոր: Նա ինչպե՞ս հասկանա երկրում ի՞նչ վիճակ է, ուտելու բան կա՞, թե՝ ոչ»:
Ինչ կլիներ մարդու վիճակը, եթե նա ընկեր, հարևան ու բարեկամ չունենար: Շրջափակված Արցախում մեկը մեկին օգնելով, հուսադրելով են ապրում: Հարևաններս ասել են՝ որ իրենց վերջին ունեցածն ինձ կտան, միայն Գրիգորին բավարարվի: Ամենածանր րոպեին հենց սա է ապրեցնում և ուժ տալիս: Այս մի փորձությունն էլ կհաղթահարենք: Բավական է, որ մեկն ալյուր ունենա, իսկ մյուսը ջուր՝ և հացն արդեն պատրաստ է: