Լաչինի միջանցքի փակման հետևանքների աճին զուգահեռ սկսել է հասունանալ Արցախի օդային միջանցքի գործարկման թեման։ Հայտնի է, որ Ստեփանակերտի օդանավակայանը, ավելի ճիշտ նրա նոր մասնաշենքը պատրաստ էր շահագործման 2011 թվականից, սակայն այն այդպես էլ չի գործարկվել։ Սկզբնական շրջանում՝ տեխնիկական խնդիրների պատճառաբանությամբ։ Հետո արդեն սկսեցին խոսել նրա չգործարկման քաղաքական, ու թերևս ավելի հավանական, պատճառի մասին։ Ամեն դեպքում, օդային միջանցքն այս պահին Արցախի համար օրախնդիր է, և հայկական դիվանագիտությունը կարծես թե քայլեր է անում՝ խնդիրը բարձրաձայնելու համար։ Թե որքանով է իրատեսական այդ հեռանկարը, ինչ է տալու այն Արցախում շրջափակված 120 հազար մարդուն և ինչ է շահելու դրանից Արցախն առհասարակ՝ միջազգային իրավունքի մասնագետ Տարոն Սիմոնյանն է մեկնաբանում։
«Արցախի բնակիչների նվազագույն պահանջմունքների համար անհրաժեշտ է նաև օդային միջանցքի բացումը։ Իրատեսականության առումով՝ այն շատ գործոններից է կախված։ Իրավական տեսանկյունից, բնականաբար, Ադրբեջանի վարած քաղաքականությունը հակասում է միջազգային իրավունքի պահանջներին։ Քաղաքական առումով՝ Ադրբեջանը կարողանում է փակել և թույլ չի տալիս։ Եթե մենք կարողանանք ճնշումը մեծացնել Ադրբեջանի նկատմամբ իրավական, քաղաքական, ֆինանսական կամ տնտեսական և հնարավոր այլ լծակներով՝ օգտագործելով հայկական Սփյուռքի, դիվանագիտական ներուժը, միջազգային դատական համակարգի կամ միջազգային կազմակերպությունների հնարավորությունները՝ այո, հնարավոր է»։
Ադրբեջանը որդեգրել ու փորձում է իրականացնել ցեղասպան քաղաքականություն, և օդային, ապա և Լաչինի միջանցքի փակումն ու դրանով Արցախի շրջափակումը այդ քաղաքականության դրսևորումներ են՝ ասում է զրուցակիցս։ Եվ եթե հաշվի առնենք, որ Արցախի ու Հայաստանի, կամ այլ երկրների միջև օդային հաղորդակցությունը դադարեցվել է հենց Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականության արդյունքում ու պատճառով, պարզ է դառնում, որ օդային հաղորդակցությունների վերականգնումը հեշտ տրվել չի կարող և մեծ ջանքեր է պահանջելու։
«Իսկ կլինի, թե ոչ՝ կախված է իմ ասած գործոնների ավելի նպատակային ու արդյունավետ աշխատանքից, քանի որ այդ գործոններն իրենք իրենց չեն աշխատում, դրանք պետք է գործարկել։ Ես տեսնում եմ, որ որոշակի գործընթացներ գնում են, բայց միգուցե դա բավարար չէ, և պետք է օգտագործել այլ գործիքներ ու հարթակներ նույնպես»։
Փակելով Լաչինի միջանցքը, Ադրբեջանը, խախտում է ոչ միայն իր՝ որպես պետություն, պայմանավորվածությունը, մասնավորապես 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, այլև միջազգային իրավունքը։ Խնդիրն արդեն արծարծվել է միջազգային իրավական ատյաններում. հայկական կողմի հայցի հիման վրա Մարդու իրավունքների եվրոպական դատարանը միջանկյալ միջոց է կիրառել, իսկ ՄԱԿ֊ի արդարադատության միջազգային դատարան ներկայացված հայցը քննվելու է հունվարի 30-ին։ Բայց կա նաև խնդրի մեկ այլ կողմ. Արցախում ստեղծված հումանիտար խնդիրները միայն հետևանքն են այն քաղաքականության, որը նախանձելի հետևողականությամբ իրականացնում է Ադրբեջանը։ Ուստի, որքանո՞վ է ճիշտ շեշտադրում կատարել միայն հումանիտար խնդիրների վրա, երբ ի սկզբանե Լաչինի միջանցքի փակումը քաղաքական ենթատեքստ ուներ և հիմա էլ, բացման համար քաղաքական պահանջներ են առաջ քաշվում, Տարոն Սիմոնյանը պատասխանում է․
«Միայն մի ուղղությամբ շեշտադրում կատարելը, բնականաբար, ճիշտ չէ։ Շատ գործոններ պիտի հաշվի առնենք ու կիրառենք՝ինչպես ասացի։ Հումանիտար աղետը, որն այսօր հասունանում է Արցախում, բնականաբար այդ գործոններից մեկն է։ Ցեղասպանության քաղաքականությունը, որը վարում է Ադրբեջանը, և այդ քաղաքականության դրսևորումներից մեկը ի դեմս էթնիկ զտումների քաղաքականության, ևս առկա է այսօր Ադրբեջանում, ու Լաչինի միջանցքը փակելու գործողությունը այդ ցեղասպան քաղաքականության շարունակությունն է, այդ պատճառով նաև սրա վրա պետք է շեշտադրում կատարել»։
Բոլոր հնարավոր ուղղություններով պետք է հստակ աշխատանք տարվի՝ Ադրբեջանի վրա ճնշումներն ուժեղացնելու ուղղությամբ, այնքան, մինչև նա հարգի միջազգային իրավունքը և արցախցիների նվազագույն իրավունքները՝ ասում է։ Իսկ թե որքանո՞վ դա կաշխատի, ունի՞ հայկական կողմը բավարար քաղաքական կամք ու ռեսուրս, և կարողանալու՞ է Արցախը դիմակայել իր առջև ծառացած մարտահրավերներին, ցույց կտա, ինչպես ասում են, ժամանակը։